Ինչպես կոալիցիա կազմել-չկազմելու, այնպես էլ ՀԱԿ-ից կուսակցությունների դուրս գալու-չգալու խնդրին մեր քաղաքականացված շրջանակները եւ, համապատասխանաբար, ԶԼՄ-ները չափից դուրս մեծ ուշադրություն են դարձնում: Այս՝ վերջին գործընթացում լուրջ խնդիրը միայն «Հանրապետության» դուրս գալն էր. ազնիվ, ոչ նոմենկլատուրային երկրապահները, ազատամարտիկները մեր հասարակության մեջ որոշակի հեղինակություն են վայելում, իսկ այդ կուսակցությունն, այսպես թե այնպես, կապված է հենց այդ շրջանակների հետ: Ընդ որում, չնայած այդ «ֆիդայական» ծագումնաբանությանը, «Հանրապետության» անդամներն ավելի լայնախոհ եւ պակաս պարանոյիկ են, քան ՀԱԿ-ի որոշ անդամներ: «Հանրապետությունն» ունի նաեւ որոշակի «կազմակերպչական» ռեսուրս՝ այնքանով, որքանով «կռված տղաները» երբեմն կարող են դիմադրել ընտրակեղծարարներին:
Մնացած կուսակցությունները՝ ԼԴԿ-ն, Պահպանողականը, «Ժողովրդավարական հայրենիքը», «Հայրենիք եւ պատիվը» դուրս գան Կոնգրեսից, թե կմնան այնտեղ՝ որեւէ նշանակություն չունի: Այդ կառույցների ղեկավարներն, անշուշտ, հարգարժան մարդիկ են, բայց խնդիրն այն է, որ կառույցները, որպես այդպիսիք, այնտեղ գոյություն չունեն՝ կան համախոհների խմբեր, որոնք քաղաքական դաշտի վրա որեւէ ազդեցություն չունեն: Դրանով ես չեմ ուզում ասել, որ, ասենք, Հանրապետականի ազդեցությունը պայմանավորված է քաղաքական գործոններով. եթե Սերժ Սարգսյանը նախագահ չլինի, եւ հաջորդ նախագահը չորոշի, որ հենց ՀՀԿ-ից պետք է քաղաքական հենարան սարքել, այդ «հզոր» եւ «ազդեցիկ» կուսակցությունից գրեթե ոչինչ չի մնա՝ մեծ մասը կփախչի ճիշտ նույն արագությամբ, ինչպես 97-ին փախել է ՀՀՇ-ից եւ «Հանրապետություն» բլոկից: Եթե որոշվի, որ, օրինակ, «Միավորված հայերն» է լինելու իշխանության հենարանը, ապա ա՛յդ կուսակցությունն է դառնալու «գերհզոր», եւ ամբողջ նոմենկլատուրան կդառնա Պլուտոնի երկրպագու: Խնդիրը հենց այն է, որ «քաղաքական ուժեր», «կուսակցություններ» եւ նույնիսկ «իշխանություն», «ընդդիմություն» եզրերը Հայաստանում պետք է կիրառել խիստ վերապահությամբ: