Լրահոս
Օրվա լրահոսը

«10 հոգու Երեւանի կենտրոնում գնդակահարած մարդու ցուցակով եկել եք ստեղ, ինձ մեղադրո՞ւմ եք, բարոյականությունի՞ց եք խոսում». Ալեն Սիմոնյանը՝ Աննա Գրիգորյանին

Ապրիլ 11,2024 19:01

«Դուք դուրս եկաք փողոց, ասեցիք՝ մենք մեր օրակարգով կվերադառնանք, բայց ձեր օրակարգով չեք եկել, եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք: Ո՞րն է ձեր օրակարգը, ինչի՞ եք եկել»,- Այսօր ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ դիմելով ընդդիմությանը՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 Նա նշեց, որ իշխանությանն են ասում, բայց ընդդիմությունն էլ իր խոստումները չի կատարել. «Մեզ սպանելուց բռնած՝ ինչ ասես խոսք եք տվել մարդկանց, դավաճան ասեցիք, ի՞նչ արեցիք՝ որպես ընդդիմություն»:

Հետո դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին՝ ասաց. «Ես շատ եմ սիրում, երբ տիկին Կյուրեղյանը ելույթ է ունենում, որովհետեւ իր ելույթները միշտ համեմված են լինում մի անիմաստ բանով: Ասում է՝ մեր բակում գիտեք ինչ էին անում նման բան ասողներին՝ արձագանքելով Արարատ Միրզոյանին: Կարամ հիշեցնեմ ինչ էին անում՝ գլուխը խփում էին զուգարանակոնքին, որ մեռնի: Հիմնականում ՀՅԴ-ականի հետ է նման դեպք եղել»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը իր ելույթում խոսել էր Ալեն Սիմոնյանի թքելու, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ լեզու կտրելու մասին:

Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Բա գնացել եք 10 հոգու Երեւանի կենտրոնում գնդակահարած մարդու ցուցակով եկել եք ստեղ, ՀՅԴ-ականին ծեծով սպանած մարդու ցուցակով եկել եք ստեղ, ինձ կամ որեւէ մեկի արած անզգույշ խոսքի համար մեղադրո՞ւմ եք, բարոյականությունի՞ց եք խոսում, երկու տարվա մեջ 3 քաղաքական ուժ ես փոխել»:

Հետո նա անդրադարձավ երրորդ նախագահին. «ՀՀԿ-ի էդ 4,5 մարդը հո չի՞ գալիս էս 54% հավաքած ուժին ասում է խմբակ ու ստից խոսում: Արա, ով ստից խոսա, դուք ձեր Սերժով՝ ստի արքայով, էն, որ «առաջին թռիչքը ես եմ անելու Ստեփանակերտ», «Արմենիկումը», հլը հարցրեք, մեռանք հարցնելով՝ ի՞նչ եղավ էդ, 1999 թվից սպասում ենք, «Հյուսիս-Հարավը», «ես այլեւս չեմ առաջադրվելու որպես վարչապետ»… Սուտ բառը եւ Սերժ Սարգսյան բառը հոմանիշներ են ՀՀ-ում, դրա պատճառով իշխանությունը կորցրեց նաեւ: Բա Աննա Մկրտչյանը, գալիս է կոռուպցիայից է խոսում, 14 գույք հայտարարագրել է հայրը, 11 գույք ինքն է հայտարարագրել, որից 6-ը անշարժ… 28 տարեկան է, է՜: Մի անգամ ավագանի է եղել: 11 գույք ինքն է հայտարարագրել, 14 գույք հայրը՝ վրեն 4 հատ քրեական գործ կոռուպցիայով, եկել է այստեղ կոռուպցիայից է խոսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930