Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղափարախոսական» օդի ցնցումը հօդս ցնդեց

Օգոստոս 12,1995 14:00

Մանր խարդավանքների փոխարեն իրական տնտեսական շահեր

Ցանկացած քաղաքական հավասարակշռություն ենթադրում է համապատասխան տնտեսական իրավիճակ: Նորաստեղծ պետություններում, ինչպես եւ կուսակցություններում սկզբում իշխում են զուտ գաղափարաքաղաքական կոչ-ուղենիշերը, որոնք հասարակության լայն շրջանակներին ոգեւորում են իրենց անսովորությամբ, անհագուրդ «ոգու սովը» բավարարելու առաքելությամբ։ Բայց միայն ու միայն գաղափարախոսական խնկաբույրով երկիր չի կառուցվում, եւ հասարակական առաջընթացը չի երաշխավորվում, ուստի գաղափարախոս գործիչների կողքին պիտի հայտնվեն իրական տնտեսական քաղաքականության կրողները՝ ձեռնարկատերերը, բանկիրները, արդյունաբերողներն ու վաճառահանողները։ Նրանց մուտքը քաղաքականություն կարող է աղմկահարույց չլինել, նման գործիչները խուսափում են բարձրագոչ գովազդային ներկայացումներից, ծանրակշիռ շահերը պահանջում են ծանրակշիռ մոտեցում եւ ոչ շոու կամ շնորհանդես։

Նորանկախ երկրներում միտում նկատվեց հասարակության գիտաարտադրական ներուժի առանձնակի քաղաքականացման, այսինքն՝ ստեղծվեցին Արդյունաբերողների միություններ՝ որպես քաղաքական կուսակցություններ, որտեղ ներգրավեցին այս ոլորտի ազդեցիկ դեմքերը, նման փորձը հատկապես արդարացվեց Ռուսաստանի Դաշնությունում, արդյունաբերողները դյուրությամբ մուտք գործեցին քաղաքականություն՝ դառնալով լուրջ միջնորդներ անգամ սուր բախումնային իրադարձություններում՝ Չեչնիա, Տաջիկստան, Սերբիա…

Ունենալով իր գործուն ներկայացուցիչներին Պետական Դումայի երկու պալատներում՝ Ռուսաստանի առաջատար արդյունաբերական ու բանկային միավորները հնարավորություն ստացան ձեւավորել սեփական լոբբին եւ հզոր մրցակցության մեջ հաստատել իրենց քաղաքական կողմնորոշումները արտասահմանյան առաջարկների հորձանուտում։ Նրանց գործունեությունը ստեղծեց իրական քաղաքականության դաշտը. յուրաքանչյուր կուսակցություն, անկախ իր վաղեմությունից, անցյալի կամ ներկայի փառքից, կարող է կենսունակ լինել եւ միտվել դեպի ապագան, եթե ունի լուրջ աջակիցներ գործարարների այս բանակում։

Գիտաարդյունաբերական աշխարհի ներկայացուցիչները արեւմուտքում առանձին քաղաքական կազմակերպություններ ստեղծելու կարիք չեն զգում, նրանք գործում են ավանդական կառույցների շրջանակներում, որը վարքագծի առավել նպատակահարմար տարբերակ է: Գիտաարդյունաբերական եւ քաղաքացիական միությունները՝ որպես առանձին միավորներ, շուկայական տնտեսակարգին անցնելու նախնական փուլին բնորոշ երեւույթներ են, որոնք բնականոն զարգացմամբ սերտաճելու են ավանդական քաղաքական կառույցների։ Ըստ էության, սա առողջ հակազդումն էր գաղափարների ձեւայնացման բարձրագույն աստիճանի, որը նկատվում է ամբողջատիրական վարչակարգերի փլուզումից հետո գոյացած երկրներում, սթափեցման յուրօրինակ ձայն։

Հայաստանում, ցավոք, նման առողջ կառույց, չստեղծվեց. ԳիԱրՔՄի-ն, որն արդեն եռամյա պատմություն ունի, աստիճանաբար վերածվեց իր հիմնագաղափարին հակոտնյա կուսակցության, պատճառներից մեկը, թերեւս, այդ կառույցի մեջ Հայաստանի գիտաարդյունաբերական ներուժի խոշոր ներկայացուցիչների բացակայությունն էր։ Այստեղ հավաքվեցին ազնիվ եւ գործունեության որոշ ծրագրեր կառուցող մի քանի մտավորական գործիչներ՝ Սուրեն Զոլյան, Ռաֆայել Ղազարյան, բայց շատ շուտով նրանք ներքաշվեցին ձեւայնացված քաղաքական աղմկալի խարդավանքների ոլորտ, որն էլ անվստահություն ներշնչեց իրենց բնույթով զգուշավոր եւ հավասարակշիռ գործարարներին, այսինքն՝ կազմակերպությունը, չկարողացավ արդյունավետ գործել նախանշված ուղղությամբ՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին ազդակների պատճառով։

Ինչեւէ, Ազգային ժողով այս կուսակցությունից պատգամավորներ չընտրվեցին (համամասնական ընտրություններում այն շահել է 1,29 տոկոս), բայց տնտեսական շահը իր ճանապարհները հարթեց տիպիկ արեւմտյան եղանակով, իշխանական միավորման մեջ ուղղակի մտած կամ նրա հետ դաշնակցած՝ արդյունաբերական մեր կորպուսը բավական ազդեցիկ մուտք գործեց օրենսդիր մարմին։ Տնօրենների, գործարարների պատգամավոր դառնալը, բացի փառասիրական եւ այլ տիպի զգայական նկրտումներից, հետապնդում է լուրջ նպատակ՝ Հայաստանում ստեղծելու համարժեք իրավական դաշտ՝ իրենց գործունեությունը լավագույնս ապահովագրելու եւ նոր տարածքներ նվաճելու ուղղությամբ՝ ընթացիկ քաղաքականության շտկումներով ու սրբագրումներով։ Այսինքն՝ մրցակցությունը ստորին մակարդակից, միջնորդների ոլորտից տեղափոխվում է բարձրագույն օրենսդիր ատյան։ Ընդսմին՝ բնավ պարտադիր չէ, որ դրանով անձամբ զբաղվեն արդյունաբերողները։ Նրանք իրենց շահերին հարմար ներկայացուցիչներ կգտնեն ԱԺ-ում՝ հանձինս արդեն հայտնի եւ հարաբերական անբասիր վարկանիշ ունեցող քաղաքական դեմքերի։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Հ. Գ. Մեր երեկվա նյութի առնչությամբ՝ «Շատ սահմանափակ պատասխանատվություն», կամենում ենք առանցքային մեկնություն տալ ի շահ մեր շատ սիրելի եւ հարգելի գործընկերների. ցանկացած հասարակություն, որտեղ անհատներն իրենց սկսում են ըմբռնել իբրեւ «ասեղ» կամ «պտուտակ», լուրջ տնտեսական– քաղաքական բարեփոխումները դատապարտված են ճահճացման, որքան էլ իշխանության գլուխ կանգնած լինեն ռազմավարության մեջ հմուտ անձեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031