Լրահոս
Օրվա լրահոսը

Կանոնակարգ եւ լեզվաշինարարություն

Հոկտեմբեր 10,1995 19:14
Babken Ararqcyan

Երեկ ԱԺ հերթական եռօրյան բացվեց նիստերի օրակարգի հրապարակմամբ, որտեղ կատարված էին կարեւորագույն լրացումներ։ Ըստ այդմ պատգամավորներին սպասվում է գերլարված աշխատանքային շաբաթ: Նախորդ եռօրյայից ժառանգություն մնացած ԱԺ կանոնակարգի (2-րդ ընթերցում) եւ «ՀՀ քաղաքացիության» օրենքի նախագծերին ավելացան. ա) «Պաշտպանության», բ) «Հեղինակային իրավունքի», գ) «ՀՀ Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու» ՀՀ ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու որոշման, դ) «Արդարադատության խորհրդի», ե) «Առանձին ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման» մասին օրենքների նախագծերը եւ 11 միջազգային պայմանագրեր ու համաձայնագրեր՝ վավերացման եւ միացման կարոտ

Ծանրաբեռնված օրակարգը, սակայն, պատճառ չդարձավ աշխատանքի արագության։ Ժամանակի առյուծի բաժինը խլեց կանոնակարգում կատարված ուղղումների եւ լրացումների մանրակրկիտ քննարկումը։ Ելույթներից եւ բաժանված փաստաթղթից ակնհայտ էր անհատ պատգամավորների եւ ԱԻՄ խմբակցության ակտիվությունը, թեեւ բարենորոգիչ առաջարկությունների հիմքում սկզբունքային շրջադարձեր չկային։ Որոշ պայմանականությամբ՝ սկզբունքային կարելի է համարել մայրենի լեզվի անաղարտության սատարման միտումը, որն ինքնին հանգեցնում է նաեւ լեզվի հարստացման: Ինչպես փաստեց Պ. Հայրիկյանը. «Այսօր ստեղծվում է հայրենի իրավաբանական, խորհրդարանական բառապաշարը»։ Թեեւ շատ բառեր մեր, հատկապես պատգամավորների լսողությանը դեռեւս խորթ եւ անհարիր են թվում, սակայն այդ ամենը զուտ ժամանակի եւ սովորության հարց է: Տվյալ դեպքում ԱԻՄ խմբակցության ձգտումը սկզբում բախվեց անգամ բանասեր պատգամավորների համառությանը, իսկ Էդուարդ Եգորյանի համոզմամբ՝ միջազգային եզրույթներն առավել ամբողջականությամբ են արտահայտում հասկացությունները։ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը անսպասելի պաշտպանեց լեզվական նորարարության միտումը, ընդ որում շատ հիմնավոր՝ հիշատակելով «հեռախոս», «օդանավակայան»֊ եւ այլ հայեցի եզրույթների ճակատագիրը. սկզբում հեգնանք, ապա լիարժեք կիրառություն։ Այսպիսով «բրիֆինգ» բառը փոխարինվեց «ճեպազրույց» հայկական կազմությամբ, «ռեպլիկ» բառի համար առաջարկվեցին արդեն մի քանի տարբերակներ՝ «ճեպաճառ», «ճեպաելույթ». թող մրցակցեն: Վիճաբանության արժանացավ նաեւ լեզվական թարգմանության խնդիրը՝ «լսումնե՞ր, թե՝՛ ունկնդրումներ», վերջին կնճիռը հանձնվեց լեզվաբանների դատին։

ՀՀ ԱԺ կանոնակարգի վերաբերյալ բոլոր առաջարկությունների շահագրգիռ քննարկումից հետո որոշվեց այն վերջնական քվեարկության դնել, բայց միայն ամբողջական տեսքով, այսինքն՝ այսօր: Այնուհետեւ ԱԺ անցավ ՀՀ ԱԺ սեպտեմբերի 26-ին արդեն ընդունված Համաներման որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցին: Նիստը դարձյալ դռնփակ էր, սակայն քննարկումներին հետեւած պատգամավորների արձագանքներն անթաքույց էին, նման վրիպումներն անթույլատրելի են։ Համաներումը, ըստ էության չէր կիրառվել համեմատաբար «անմեղ» կաշառակերների վերաբերմամբ՝ 185 հոդված 2-րդ մաս, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով դատապարտված «ծանրակշիռ» հանցագործները դարձել էին ներման արժանի։ Պատկերացրեք ազատագրման հույսով երջանկացածների, եւ ընդհակառակը՝ շրջանցվածների հոգեկան տվայտանքները։ Քրեական օրենսգիրքը եւ Համաներումը ուշադիր վերաբերմունք են պահանջում։ Ի վերջո 117 կողմ, 23 դեմ, 15 ձեռնպահ ձայներով փոփոխությունը կատարվեց։ Նիստի ավարտին մնացած 30 րոպեի ընթացքում խորհրդարանը փորձեց եւս մեկ որոշում ընդունել, բայց անհատույց սեփականաշնորհումը բազմաթիվ հարցականներ առաջացրեց, ուստի նրանց քննարկումը եւ հանգուցալուծումը հետաձգվեցին։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031