Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ընտրախավի

Նոյեմբեր 14,1995 12:55

1. Մոլեռանդության հակառակ երեսը

Սովետական երկրի դիցարանը ստեղծվեց արագ, էժան ու որակով։ Նախկին հասարակության սերուցքը ոչնչացված էր, քարոզչությունը՝ բոլշեւիկյան մենաշնորհ, իսկ ասպարեզում մնացած արվեստագետները խանդավառված էին իսկապես։

Ամենից հաջող ստացվել էր Մարքս-Էնգելս-Լենին «սուրբ երրորդությունը»։ Աթեիստ ընթերցողն անմիջապես կնույնացնի Մարքսին Հայր Աստծո՝ Եհովայի, իսկ Լենինին՝ Քրիստոսի հետ։ Դժվար էր Էնգելսին պատկերացնել Սուրբ Հոգու դերում, մեկ էլ Լենինի 55 հատորներն էին մի քիչ ծավալուն Նոր Կտակարանի համեմատ, բայց նոր հավատի քրմերի ու հավատացյալների համար դա էական չէր։ Էականն այն էր, որ կային գլխավոր աստվածները։

Սրանց շուրջը շուտով բազմեցին կուսակցական այլ աստվածներ (Սվերդլով, Անտոնով-Օվսեենկո, Կիրով..,), ապա՝ ռազմական (Չապաեւ, Բուդյոննի, Շչորս…), հետո՝ ազգային (Շահումյան, Օրջոնիկիձե, Լացիս, Ազիզբեկով…), եւ վերջապես՝ ճյուղային աստվածները (Կրուպսկայան լուսավորության աստվածուհին էր, Ձերժինսկին՝ չեկիստների աստվածը, Անատոլի Լունաչարսկին՝ մշակույթինը եւ այլն): Ինչպես որ վայել էր, գործադիր աստվածը՝ Լենինը, ի դեմս ՍՄԿԿ գլխավոր քարտուղարի, փոխանորդ ուներ երկրի վրա։

Բայց աստվածապետությունը, որպես քաղաքական համակարգ, վաղուց արդեն քաղաքակրթության անցած փուլ էր, եւ կոմունիզմի հավատը վառ պահելը նրա ագիտատորների ու պրոպագանդիստների կողմից գնալով դժվարանում էր։ Ժողովուրդը սովորել էր ուժեղ ձեռքին, բայց, ինչպես Ռոբերտ Մուզիլն է ասում, «ուժեղ ձեռքին պետք են գեղեցիկ խոսքեր, այլապես ժողովուրդը նրան չի հանդուրժի»։ Իսկ գեղեցիկ խոսքեր ավելի քիչ էին ծնվում, եւ ձեռքը հնգամյակից-հնգամյակ զառամում էր։ Քանի որ սառը պատերազմի տասնամյակներին մարդկային սպանդներ տեղի չէին ունենում, աստիճանաբար խունանում էր արնաներկ դրոշի կարմիրը։ Նույնանման դեմքերի ու դեպքերի տեղապտույտում զառամախտը դարձել էր քաղաքական էլիտային պատկանելու ստույգ նշան։

Այսուհանդերձ, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ կարող է որեւէ բան փոխվել։ Սովետական Միությունը հիմնավորապես պաշտպանված էր բանակով, ՊԱԿ-ով ու միլիցիայով, իսկ սահմանադրության 6-րդ հոդվածը բացառում էր կոմունիստական վարչակարգի լուրջ հակառակորդի գոյությունը երկրի ներսում։ Հազվագյուտ այլախոհներն այնպիսի խնամքով էին պահպանվում պետության կողմից, որ նրանց անուններն անծանոթ էին նույնիսկ մտավորականությանը։ Բայց լուրջ հակառակորդ կարգերն արդեն ունեին։ Դա համընդհանուր ցինիզմն էր։ Մոլեռանդություն կոչվող մեդալի հակառակ երեսը։

Ցինիկ էին բոլոր պաշտոնյաները (բացի մի քանի ապուշից), որոնք գործում էին բոլորովին այլ կերպ, քան խոսում էին։ Կենցաղային ցինիզմով վարակված էր ամբողջ հասարակ ժողովուրդը։ Նրա համար գողությունը դարձել էր կացութաձեւ, եւ եթե որոշ իսլամական երկրների պես ՍՍՀՄ-ում էլ գողությունը պատժեին ձեռք կտրելով՝ ոչ կռնատ մարդու հանդիպելը տոն կդառնար։ Միեւնույն ժամանակ «կռնատները» չէին ընդունում ոչ մի քննադատություն գլխավոր քարտուղարի հասցեին, որովհետեւ սա «չգիտեր», որ խանութներում թերակշռում, իսկ ԲՇՏ-երում մարդկանց անտեղի տանում-բերում են։ Բաներ, որոնք բանվորագյուղացիության կողմից սոցիալական անարդարության գիտակցման բարձրագույն աստիճանն էին նշագծում։ Ցինիկ էին հասարակական գիտություններն ու պաշտոնական արվեստը, որտեղ պատիվները տրվում էին ճշմարտությունը չասելու համար։

Եվ բոլորը միասին շահագրգռված էին թաքցնելու իրենց ցինիզմը։

Անկեղծորեն, բացահայտ ու անշահախնդիր ցինիկ էր միայն մեկ խավ՝ բոհեմը:

2. Բոհեմ. ընդհանուր տեղեկություններ

Նույնիսկ այնպիսի մի հարմարվող հասարակություն, ինչպիսին հայկականն է, ուներ բավական ստվարակազմ բոհեմ։ «Լճացման» տարիների այդ միակ իրական ընդդիմությունը ծավալվում էր հիմնականում մայրաքաղաքի կենտրոնում՝ Օպերայի շուրջբոլորը։ Ինչպես յուրաքանչյուր նյութական մարմին, այն ամառն ընդարձակվում էր, ձմեռը՝ սեղմվում։

Բոհեմի առանցքը, որ ավելի մոտ  էր  կինո «Նաիրիին», բաղկացած էր «Բերմուդյան եռանկյունու»  սրճարաններից՝ «Առագաստ», «4-րդ խանութ» ու «Միջանցահովիկ»։ Բոհեմի թագավորության չորս բդեշխությունները «Երեւան» հյուրանոցի «Հանճարանոցը», «Կազիրյոկը», Գրողների միության «Փոսը» եւ «Թիմուրնոցն» էին։ Միջանկյալ գոտում գործում էին «Դերասանը», «Հարիսան», «Պոնչիկանոցը», հացի խանութի «Դոդիկնոցը», 2-րդ հարկի «Ձյունիկը»։ Ամեն մի խելահաս բոհեմական ուներ իր նախասիրած սրճարանը, թեեւ, նայած օրվա եղանակին, ժամին, խմելիքի տեսակին ու մի տեղում նստած մնալու անհատական ընդունակությանը, կարող էր նաեւ բոհեմի մեկ այլ օջախ այցելել։ Այս կարգի «դավաճանությունները» չարացնում էին միայն փակ սրճատների բուֆետապանուհիներին, որոնց 6-7 ամսով զրկում էին հաճախորդներից բացօթյա մրցակիցների զովությունն ու փարիզյան շուքը։ Եվ ձմեռային բոհեմի անդորրը՝ խռովում էին մինչեւ հունվարի կեսերը հնչող «Այ թաղեմ բոյդ, Գուրգեն, ամբողջ ամառը թռվռացիր, հիմա էլ ժամերով սեղանը չես ազատում, որ մարդիկ նստեն մի հատ խաչապուրի ուտեն, մի բաժակ տոմատով» տիպի կշտամբանքները։ Սովետական հանրագիտարանային հրատարակությունները բոհեմը բնորոշում էին որպես կարիքավոր մտավորականների, գլխավորապես՝ արվեստագետների, անկարգ, անկանոն կյանք վարող հավաքականություն «կապիտալիստական աշխարհում»։ Բայց վերջին տասնամյակներին այսպիսի գոյավիճակը լիովին բնորոշ էր սովետական արվեստագետներին, մինչդեռ «կապիտալիստական աշխարհում» բոհեմը, որպես համայնքային կամ համայնքանման ապրելակերպ, 20-րդ դարի երեսնական թվականներից թեւակոխել էր իր մայրամուտը։ Արեւմուտքը բոհեմ-երեւույթի ամենահրապուրիչ կողմերն աստիճանաբար տեղափոխեց դեմոկրատացող բարձր հասարակություն, իսկ ոչ շուկայական արվեստագետների կյանքն ավելի անձնական կամ հատվածական դարձավ դրանից հետո։

Իհարկե, սովետահայ բոհեմականները կարիքավոր էին ոչ այսօրվա չափանիշներով։ 80-ականների կեսերին մի բաժակ սուրճն արժեր 25, որոշ սրճարաններում՝ նույնիսկ 15 կոպեկ, թեեւ 15-կոպեկանոցն արդեն սուրճ չէր։ Մի շիշ օղին երեք ու վաթսուներկու էր, գինին՝ 1-2 ռուբլի։ Արվեստագետների մեծ մասն ինչ-որ տեղ աշխատում էր, կամ «ձեւակերպված» էր, եւ իր աշխատավարձով կարող էր գնել մոտ 600 բաժակ սուրճ, 40-45 շիշ օղի կամ 70-80 շիշ գինի։ Եվ գնում էր։

Այսուհանդերձ, «հայի ետին խելքն» է ու հին օրերի երանիով ապրելու համազգային ծերունական հիվանդությունը (ՀԾՀ), որ այդպիսի գնողունակությունն այժմ համարում են նախանձելի։ Դեռ 10 տարի առաջ թե՛ արվեստագետներն իրենք, թե՛ սովետական իշխող դասակարգերն ու խավերը բոլոր աշխատավարձով ապրողների վիճակը գնահատում էին որպես անապահով, իսկ, ասենք, ինժեներներին կոչում էին պարզապես «սոված»։ Ուստի մնացյալ հասարակությունն առանձնապես չէր գայթակղվում բոհեմի մատչելի երջանկությամբ։ Քաղքենիներն իրենց հեռու էին պահում սրճարաններից, իսկ մեկ-երկու դեպքը, երբ ախպեր-տղերքն էին հետաքրքրությունից դրդված սեղան նստել բոհեմականների հետ, ավարտվեցին վերջիններիս դանակահարությամբ։

Բոհեմից հասարակության անջրպետման ցայտուն օրինակ է այն, որ Գրողների միության ղեկավարությունը, երկար մտածելուց հետո, փակեց «Փոսի» մուտքը շենքի ներսից ու դրսից մուտք բացեց։ Որովհետեւ միության նախագահն ու քարտուղարները կարող էին հանգիստ մերժել մի 100 գրամ «գցած» ցանկացած գրողի պահանջն ու բողոքը՝ այն տարիներին 100 գրամը բավական չէր քաջության համար, բայց «Փոսում» գրականության   մշակները

խմում էին շատ ու մոռանում էին շարքային գրողի ու Գրողների միության ղեկավարի միջեւ եղած տարբերությունը։

Ավելի լուրջ բնույթի սահմանափակումներ կամ հալածանքներ բոհեմի նկատմամբ չեն ձեռնարկվել։ Բացի, թերեւս, այս կամ այն սրճարանի հանկարծահաս վերանորոգումից, որը դռնեդուռ էր գցում նրա մշտական հաճախորդներին։ Բայց քիչ հավանական է, որ պարբերական վերանորոգումներն ունեին ավելի հեռագնա նպատակ, քան նախահաշվարկային գումարների յուրացումն էր, որն, ըստ մասնագետների, ընթացիկ առեւտրից ավելի մեծ շահ էր բերում «սրճարանատերերին»։

Ժամանակ առ ժամանակ բոհեմում հայտնվում էին պատահական մարդիկ, որոնք արվեստագետի հավակնություններ չունեին։ Ներկայանում էին որպես արվեստասեր։ Հաճախ ոչ ոք չգիտեր նույնիսկ, թե նրանք ինչո՞վ են զբաղվում կամ որտեղ են աշխատում։ Դրանց մեծ մասը ՊԱԿ-ի լրատուներ, համասեռամոլներ, մտավորական հարբեցողներ կամ աղանդավորներ էին։

Բոհեմն ուներ իր կանայք, որոնց հազվադեպ էր որպես կանանց նայում։ Երբեմն բոհեմականները ամուսնանում էին նրանց հետ, բայց սրճարանային կարծիքն այդ ամուսնությունները համարում էր «չհաս»։

3. Բոհե՞մ, թե՞ չբոհեմ.

Այս է խնդիրը

Երբ երեւանյան բոհեմն անվանում ենք ընդդիմություն, նկատի չունենք կազմակերպված, գործուն կամ նույնիսկ գիտակցված ընդդիմությունը։ Ճիշտ է, բոհեմի մշտական կամ ժամանակավոր բնակիչներ են եղել մի քանի հոգանոց գաղտնի կազմակերպությունների անդամների մեծամասնությունը, որ հիմնականում իրար արգելված գրականություն փոխանցելով էին զբաղված, ազգի վիճակին նվիրված բուռն բանավեճեր ֊անցկացնող կիսաընդհատակյա ակումբին հարողներից շատերը, ակնհայտ հակախորհրդային հայացքների տեր անհատներ, բայց բոհեմի էությունը այլախոհությունը չէր, այլ՝ ազատախոհությունը: Բոհեմն ընդդիմություն էր պայմանականությունների

իր մերժմամբ ու առողջ ցինիզմով, կարծրացած իրականությունից իր ազնիվ փախուստով, որն արտահայտվում էր խորհրդային «գոյության կռվից», խուսափելով ու սակավապետությամբ։

Բոհեմի ընդդիմադիր բնույթը լիովին բացահայտում է այն գնահատականը, որը նրան տալիս էր սովետահայ հասարակության ամենաքիչ ուսումնասիրված, բայց վերջին տասնամյակներին, երեւի, միակ իշխող դասակարգը՝ քաղքենիությունը։ ՀՍՍՀ-ի բյուրգերությունը բոհեմական մտավորականներին քամահրաբար կոչում էր «սուրճ խմողներ»։ Բնորոշման մեջ «սուրճը», իհարկե, խորհրդանիշ էր, որովհետեւ սուրճ խմում էին նաեւ քաղքենիները։ Էականն այն էր, թե ով՝ ինչպես։

Բոհեմականները մեկ կամ մի քանի բաժակ սուրճի շուրջ ժամերով քննարկում էին ինչ նյութ ասես՝ քաղաքականությունից մինչեւ սպորտ (որոնք այն օրերին հաճախ նույնանում էին) եւ պատմությունից մինչեւ բարոյականություն՝ աշխատելով հնարավորին չափ տարբերվել իրարից։ Քաղքենիները, որոնց, իրենց իսկ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, պետք է կոչեինք «քյաբաբ ուտողներ», այցելում էին ոչ թե սրճարաններ, այլ՝ ռեստորաններ, սուրճը խմում էին խորոված-քյուֆթայից հետո, սեղանի շուրջը խոսում էին գլխավորապես գործերից (եթե «սեղանի» նպատակն ինքը որեւէ «գործ դզելը» չէր)՝ ջանալով նմանվել իրար։ Բայց սա, անշուշտ, բոհեմականների ու քաղքենիների միակ տարբերությունը չէր։

Բոհեմականներից շատերը մորուք էին պահում, քաղքենիները սրբագործել էին սափրվելու արարողությունը։ Բոհեմականները գիրք ու ձայնապնակ էին գնում, քաղքենիները՝ «խրուստալ» ու ոսկեղեն։ Բոհեմականները ջինս էին հագնում, քաղքենիները կոստյումով ու փողկապով էին շրջում նաեւ աշխատանքից հետո, շոգ ու ազատ օրերին։ Շաբաթ-կիրակի քաղքենիները գնում էին «քաղաքից դուրս» եւ ուտում պայթելու ու նարդի խաղում խլանալու չափ, իսկ բոհեմականները մնում էին իրենց գինետանը։ Բոհեմականները լսում էին ռոք, ջազ ու երգում ազգագրական երգեր, քաղքենիները՝ կոմպոզիտորների կողմից հորինվող «ժողովրդական» ու հանրամատչելի դասական երաժշտություն եւ պարում էին տարայ-նանայական եղանակների տակ (տարայ-նանայների մասին տես՝ «Մի ժողովրդի պատմություն», ծանոթագրություն թիվ 2): Արձակուրդին բոհեմականները գնում էին գյուղ, պեղումների, քարանձավներ մտնելու, մի հեռավոր եկեղեցի տեսնելու, քաղքենիները՝ Սոչի, արտասահման, բայց՝ այնպես, որ «գոնե գնալ-գալու ծախսը դուրս գա»։ Բոհեմականները վիճում էին հայության մասին, քաղքենիները խմում էին ազգի ՚կենացը։ Քաղքենիները գիտեին կյանքի իմաստը, ուստի «ռեմոնտ» էին անում, «գարաժ» ու «դաչա» սարքում, մասնակցում ծանոթ-բարեկամների «ծնունդներին», կնունքներին, հարսանիքներին, թաղումներին, «յոթերին», քառասունքներին ու «տարիներին», բոհեմականների համար ի՛նչ արժեք ուներ այն կյանքը, որի իմաստը նախօրոք հայտնի է, որի մասին հայտնի է ամեն ինչ։

Եվ հատկապես այս վերջին հանգամանքն էր պատճառը, որ նրանք «բոհե՞մ, թե՞ չբոհեմ» խնդիրը միշտ լուծում էին հօգուտ «բոհելու»։ Եվ երբ 1985-ին սկսվեց փոփոխությունների թվականությունը, այն ընդունեցին մեծ աշխուժությամբ։ Իսկ 1988 թվականին ազգային-ժողովրդավարական շարժումն արդեն ծայր առավ Օպերայի հրապարակում, որը Բոհեմի աշխարհագրական սիրտն էր, եւ բոհեմականներն էլ, ի դեմս Վանո Սիրադեղյանի, Սամվել Գեւորգյանի, Խաչիկ Ստամբոլցյանի եւ այլոց, իրենց «պորտֆելները» վերցրին հարթակում։

Երբեմնի ճոխ կենացների, կարիերայի ճանապարհին հանդիպած մանր խոչընդոտներից ունեցած դժգոհության իներցիայով ասում են՝ նաեւ ինչ-որ թաքուն հրահրմամբ, քաղքենիները նույնպես միացան Շարժմանը։ Հետո, երբ տեսան, որ հիմնովին փոխվում է հասարակարգը, որտեղ ամեն ինչ գիտեիր եւ ուր մտնում էիր, «ծանոթ» կար, փոշմանեցին։ Եվ հասկացան, որ ոչ թե ուրիշ ու ավելի «ցածր» կարգի մարդիկ, այլ ուղղակի դասակարգային թշնամի էին հեղափոխության հեղինակակից սրճարանային մտավորականները՝ «Էդ սուրճ խմողները», «էդ հարբեցողները»։

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

(Վերջը՝ հաջորդիվ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930