Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հիմնական խնդիրը համարում էի Դեմիրճյանին խանգարելը»

Ապրիլ 04,1998 00:00
Rafael Kazaryan

Երեկ «Քաղաքացիական ֆորում-1998» ծրագրով անցկացվող սեմինարի զեկուցողը ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն էր, թեման՝ «Նախագահական ընտրությունները եւ ժողովրդավարությունը Հայաստանում»։ Մինչ զեկույցի սկիզբը, Սուրեն Զոլյանը Լեւոն Տեր- Պետրոսյանի հրաժարականին հասնելու գործում կարեւորեց նաեւ Ռաֆայել Ղազարյանի գլխավորած «Ազգային խորհրդի» հայտարարությունը։ Պրն Զոլյանն այս առնչությամբ հետեւյալ հարցն ուղղեց Ռաֆայել Ղազարյանին. «Արդյոք Ձեզ դուր եկա՞վ ձեր արածը»։ Ընդ որում, պրն Ղազարյանը կարծես թե ինքն էլ էր համոզված, որ նախկին նախագահն այդ հայտարարությունից ազդված էր նաեւ հեռացել, քանզի չհերքելով՝ ուղղակի համեստորեն ասաց. «Հետո կասեմ»:

Չնայած հետո այդ հռետորական հարցին հատուկ չանդրադարձավ, սակայն նրա վերաբերմունքը հայտնի է առ իր երբեմնի զինակիցը, այս զեկուցումն էլ դրա եւս մի ապացույցը դարձավ։ 1998-ի նախագահական ընտրություններին իր անդրադարձը Ռաֆայել Ղազարյանը սկսեց վերջին 10 տարվա իրադարձությունների վերաշարադրանքից։ Ասաց, որ «ինքնակոչ «Ղարաբաղ» կոմիտեի միջոցով» հին հունականի տիպի ժողովրդավարությունը մուտք գործեց Հայաստան։ Գնահատեց, որ 1991-ի ազատ եւ արդար ընտրությունները վերջինն էին՝ մինչեւ այս մեկը (կողքիս նստած «Այժմ»-ի թղթակիցը վրդովվեց այն գնահատականից, թե 1998-ի ընտրությունները կարելի է ազատ եւ արդար անվանել։ Իր վրդովմունքը հետո հարցի միջոցով մատուցեց, որին ըստ էության Աղասի Արշակյանը պատասխանեց, թե 1996-ի համեմատ այս մեկն իրոք ազատ եւ արդար էր՝ «Դրանից հետո մի 20 ԱԺՄ-ականի ծեծեցին, իսկ հիմա չեն ծեծել, հասկանո՞ւմ եք»)։

Զեկուցողի մի պնդում էլ «Այժմ»-ի թղթակցի զարմանքը հարուցեց՝ թե 1996-ին ԳիԱրՔՄի-ն, որը սեփական թեկնածու ուներ ընտրություններում, այնուամենայնիվ, իր «կոպեկ-կոպեկ» հավաքած փողերով քարոզել էր հօգուտ Վազգեն Մանուկյանի եւ դրա համար անգամ շնորհակալության չէր արժանացել։ Լեւոն Տեր-Պետրոսյանին տրված Ռաֆայել Ղազարյանի այս անգամվա որակումները հետեւյալն էին, թե նա «որպես կուռք» չէր ցանկանում կլոր սեղանի շուրջ նստել քաղաքական ուժերի հետ, նրան նաեւ «անձնապաշտ» անվանեց, որը գերխնդիր էր դարձրել սեփական դիրքի ամրացումը եւ այլն։ 1994-ի խորհրդարանն էլ մեծարգո ակադեմիկոսն «ամորձատված» անվանեց, 1995-ի խորհրդարանը՝ «գրպանային»։

Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության հասցեին հնչող որակումներն էլ արդեն ավանդական էին՝ «թերի», «վտանգավոր», «ավտորիտարիզմի տարրեր պարունակող», «մեկ հոգու համար գրված» եւ այլն։ Յուրօրինակ հիմնական օրենք ունենք. քաղաքական խրամատների մի կողմում գտնվողները համարում են, թե այն ականապատված է եւ թույլ է տալիս, որ իշխանությունը նախագահից սահուն անցնի վարչապետին (ինչը եւ ապացուցվեց), իսկ մյուս կողմը շարունակում է պնդել, թե այս Սահմանադրությունը նախագահին գերլիազորություններ է տալիս եւ գրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի համար:

Եվ վերջապես հասնելով ընտրություններին (սակայն դարձյալ ստեպ-ստեպ հետ վերադառնալով) Ռաֆայել Ղազարյանը գնահատեց, որ «մի դաստա՝ 12 թեկնածուների» փաստի առջեւ կանգնեցինք», քանզի «Բլեյանն ու Վիգեն Խաչատրյանը, կարծում եմ, ուղղակի ընտրությունները վարկաբեկելու հանձնարարական էին ստացել», իսկ «Յուրի Մկրտչյանի առաջադրումն, ինձ թվում է, իր համար էլ անհասկանալի մնաց», «թեկնածուների մի մասն էլ ուղղակի վախեցավ մոռացվելուց, մյուս մասն ուզեց ժողովրդին ներկայանալ»։ Առանձնահատուկ անդրադարձավ Վիգեն Խաչատրյանին, նրան վերագրելով իր հրաժարականի ժամանակ արված մի արտահայտություն, թե «Դուք դեռ երանի կտաք այն օրերին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ղեկավարում»։ «Երեւի առաջադրվել էր, որ իր այդ խոստումն իրականացնի»,- ենթադրեց պրն Ղազարյանը։

Մինչդեռ Վիգեն Խաչատրյանը խորհրդարանում ասել էր, թե շատ է ցանկանում եւ ամեն ինչ կանի, որ ժողովուրդը երանի չտա այն օրերին, երբ շարունակությունը նույնն է։ Ռաֆայել Ղազարյանը Ռոբերտ Քոչարյանի եւ նրան աջակցողների համար մի սխալ մատնանշեց, թե չէին փորձել քաղաքական հիմնական ուժերի հետ նախապես պայմանավորվածությունների հասնել թեկուզ իր առաջադրման օրինականության կամ «արատավորված» ԿԸՀ-ի ծառայություններից «օգտվելու» նպատակահարմարության եւ այլ հարցերի շուրջ։ «Ես փորձում էի այնպես անել, որ Վազգեն Մանուկյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար հետ լեզու գտնեն, բայց ցավոք սրտի՝ դա չհաջողվեց»,- խոստովանեց ակադեմիկոսը։

Ընդ որում բացահայտեց, որ համաձայնության հասնելու դեպքում Վազգեն Մանուկյանին խոստացել էին ապագա խորհրդարանում «ինչ- որ ղեկավար դեր»։ Եվ իր զեկույցի մի բաժին, եւ հետագա հարցերի մի ստվար հատված վերաբերում էր ընդդեմ Կարեն Դեմիրճյանի՝ Ռաֆայել Ղազարյանի արդեն պատմական ելույթին։ «Ինձ դրա համար մի կողմից քարկոծում են՝ մյուս կողմից շնորհակալություն է հայտնում։ Ես այն ժամանակ պատրաստ էի նաեւ գլխիս աղբաջրի դույլ ստանալ, բայց չհամաձայնել այդ տարբերակին»,- այս հայտարարությանը հաջորդեցին մանրամասն բացատրություններ, թե ինչու էր անընդունելի Դեմիրճյան-նախագահ տարբերակը։ Ընդսմին, կրկնվեց արդեն իսկ «Ազգում» հրապարակված մեկը, թե թող նա «չլքեր ժողովրդին», «վերադառնար սպիտակ ձիու վրա» եւ «թույլ չտար, որ ապաշնորհ գյադա-գյուդաները կործանեին արդյունաբերությունը»։

«Ի վերջո, ո՞ւմ նկատի ունեք, արդյոք, «Ղարաբաղ» կոմիտեի՞ն, որի մի անդամն էլ Դուք եք»,- «Առավոտի» այս հարցին ի պատասխան՝ հետո Ռաֆայել Ղազարյանն ասաց. «Ես չեմ մասնակցել արդյունաբերության քայքայմանը»։

Ի դեպ, պրն Ղազարյանը սխալ էր համարում, եթե Քոչարյանն այժմ չփորձի Դեմիրճյանին ներգրավել իշխանության մեջ, ընդ որում, այս անգամ պաշտպանեց նրա թեկնածությունն իբրեւ վարչապետի։ Անդրադարձ եղավ իր ելույթի բացասական արձագանքներին, որոնցից Ռաֆայել Ղազարյանի համար ամենացավոտն, ըստ ամենայնի, Վազգեն Մանուկյանի գնահատականն էր (հիշեցնենք, որ նա այդ ելույթը համարել էր Դեմիրճյանի անձի շուրջ առաջացած հիստերիայի արդյունք)։ Ռաֆայել Ղազարյանն անգամ ասաց, թե կուզեր, որ այդ հարցն իրեն առայժմ չտրվեր, այնուամենայնիվ «իմ առջեւ կանգնած եւ երկրի ապագային համապատասխանող հիմնական խնդիրը համարում էի Դեմիրճյանին խանգարելը՝ անկախ նրանից, թե դա դուր կգա՞ Նարեկ Մեսրոպյանին կամ Վազգեն Մանուկյանին։ Ես չէի պարտավորվել անձին ծառայել։ Ես միշտ ծառայել եմ Հայրենիքիս»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930