Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐԸ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ՄԵՐԸ ՍՊԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է»

Մայիս 06,1998 00:00
Astvacatur Petrosyan

Մայիսի 3-ին Ապարանում սաստիկ ձյուն եկավ: Իսկ ընդհանրապես այստեղ գրեթե ամեն օր տեղումներ են լինում՝ ձյան կամ կարկուտի տեսքով: Բայց չնայած եղանակի անբարենպաստ պայմաններին, Սարդարապատի հերոսամարտի 80-ամյակի տոնակատարության առիթով ստեղծված պետական հանձնաժողովը շարունակում է իր անխափան աշխատանքները: Այսպես, օրինակ, շաբաթական երկու անգամ Ապարանի քաղաքապետարանում նիստեր են գումարվում, որոնց պարտադիր ներկա է լինում կառավարական հանձնաժողովի անդամ, պաշտպանության փոխնարարար Աստվածատուր Պետրոսյանը:

Մայիսի 3-ին նույն Ապարանում գումարած նիստից հետո գեներալին խնդրեցինք պատասխանել մեկ-երկու հարցի:«Սիրով»,- համաձայնեց փոխնախարարը, այդ իսկ պահից վերացնելով մեր կասկածները՝ առ նախընտրական շրջանի այն տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության նախարարը նախարարության բարձրաստիճան /եւ ընդհանրապես/ պաշտոնյաներին խստիվ արգելել է որեւէ հարցազրույց տալ:

– Պարոն փոխնախարար, Ձեր կարծիքով դեռ որքա՞ն ժամանակ է բանակը հոգալու պետության զանազան եւ բանակին կարծես ոչ այդքան բնորոշ հոգսեր:

– Որքան որ գոյություն ունենա մեր պետությունը: Մեր պետության կարեւորագույն հոգսերն ու խնդիրները ողջ ժողովրդի, ուրեմն եւ բանակի հոգսերն են: Բանակում ծառայում են մեր երեխաները, որոնք երկու տարով զինվոր են դառնում: Եթե նրանք հայրենիքին երկու տարի են ծառայում, ապա սպաները քսանհինգ տարի են ծառայում բանակին, հայրենիքին: Դա էլ մի յուրատեսակ աշխատանք է, որը ավելի վտանգավոր ծառայություն է, որովհետեւ կապված է մարդկային կյանքի, կորուստների հետ: Անհրաժեշտ է, որ զինվորականը, բացի իր հիմնական գործից՝ զինվորական արվեստին ծանոթանալու, կրթական մակարդակը բարձրացնելու խնդիրներից, նաեւ կառուցի: Ես չեմ գտնում, որ զինվորը պիտի միայն ռազմի արվեստին տիրապետի: Զինվորը զանազան այլ աշխատանքներ կատարելով՝ շփվում է հասարակության տարբեր շերտերի հետ ու նույնպես կենսափորձ ձեռք բերում:

– Երեւի հարցս ճիշտ չձեւակերպեցի: Նկատի ունեմ այն, որ Պաշտպանության նախարարությունը յուրատեսակ, բացառիկ տեղ ու դեր ունի պետական կառույցների մեջ: Մինչեւ ե՞րբ պիտի պաշտպանության հոգսերից բացի՝ բազմաթիվ այլ խնդիրներ լուծի: Ասենք, նախապատրաստի Սարդարապատի հերոսամարտի տոնակատարությունը:

-Այդ հարցին լավագույնս պատասխանել է պաշտպանության նախարարը: Մենք շարունակում ենք մնալ առանցքային նախարարություն մեր կառավարության մեջ, որովհետեւ մերը նախարարություն չէ, սպարապետություն է: Պետության սյունն է ու նրա առաջին հենարանը: Ցավոք, մեր մյուս նախարարությունները դեռ օպերատիվորեն չեն հասցնում կատարել իրենց առջեւ դրված խնդիրները /այստեղ երեւի թե պետք էր առանձնացնել մեր մյուս ուժային՝ ՆԳ եւ ԱԱ նախարարությունը, որը, վստահ ենք, նույնպես պետության առաջին հենարանն է ու նաեւ սյունը -Ա.Բ./: Ես չեմ ուզում վատաբանել մյուս նախարարություններին, բայց մի խնդիր կատարելու համար ինչ-որ միջոցներ են ման գալիս, հին աշխատելաոճ ցուցաբերում: Բայց նոր կառավարության «երիտասարդացումը», տեղի ունեցող փոփոխությունները հույս են ներշնչում, որ այստեղ էլ տեղաշարժեր կլինեն: Վերցնենք այս տոնակատարությունը: Մենք որոշակի ծրագրեր ենք մշակել, ահագին բան ենք հասցրել անել Սարդարապատի, Ապարանի հուշարձանների պահպանման համար: Հիմա ասում ենք՝ տնօրեն դրեք այս ամբողջը խնամելու, պահպանելու, հաստիքավորելու համար: Բայց հետագա խնդիրներն, իհարկե, մնալու են այն մարդկանց վրա, ովքեր, անկախ ֆինանսական կամ այլ դժվարություններից՝ պատրաստ են պատասխանատվություն կրել: Պատասխանատվություն՝ մեզ վրա դրված բեռը ոչ թե թեթեւացնելու, այլ իրենց վրա վերցնելու համար:

– Հանձնաժողովի նիստի ժամանակ շինարարական գիտելիքներ էիք ցուցաբերում: Դուք, որքան գիտեմ, մինչեւ պատերազմը շինարարի մասնագիտություն ունեիք:

-Չէ, ես շինարար չեմ: Ավարտել եմ պոլիտեխնիկական, այժմ ճարտարագիտական ինստիտուտը: Ունեմ մետաղագետի, լեռնային ինժեների, մետալուրգի մասնագիտություն: Հայ մարդու կյանքը միշտ էլ առնչվել է շինարարության հետ, հայը միշտ ստեղծագործ, խաղաղ կյանքի է ձգտել: Մշակութային արժեքներ ճանաչող ցանկացած մարդ, որը դաստիարակություն է ստացել ընտանիքում, պետք է տիրապետի շինարարական արվեստին: Իր ձեռքով իր տունը շինի: Մենք մեր տունը, մեր երկիրը ինքներս պիտի կառուցենք՝ ստեղծելով այն վստահությունը, պաշտպանության այնպիսի համակարգ, որ յուրաքանչյուր հային հնարավորություն տա ազատ ապրելու եւ խաղաղ շինարարությամբ զբաղվելու:

– Ի դեպ, պաշտպանության համակարգերի մասին: Դուք մեր բանակի ակունքներում եք եղել: Զուգահեռներ կա՞ն Սարդարապատի հերոսամարտի եւ ղարաբաղյան պատերազմի որեւէ ճակատամարտի միջեւ: Այն ժամանակ էլ հայոց բանակը նոր-նոր կազմավորվում էր:

– Անցյալի ու ներկայի միջեւ ընդհանրություններ, անշուշտ, կան: Դրանք հետեւյալն են. Ապարանի ճակատամարտը կռեց Հայաստանի՝ դեռ չկազմակերպված պետության տակավին կազմակերպվող բանակը: Հետագայում այդ նույն բանակը Սարդարապատ, Բաշ-Ապարան ճակատամարտերում հաղթանակներ տարավ: Ռազմական գործողությունների ընթացքում թրծված աշխարհազորից եւ կադրային բանակայիններից ծնվեցին այդ նույն զինվորը, զորավարը, ովքեր եւ դարձան բանակի սյուները: Ապարանի Ճակատամարտին ընդհանուր առմամբ մասնակցել է 1000-1200 մարդ, սկզբում կային ընդամենը երկու, հետո 14 հրանոթներ: Մենք էլ գրեթե նույն թվերով ենք սկսել: Դժվար է ասել, թե Սարդարապատը ղարաբաղյան ո՞ր ճակատամարտին է առավել նման: Բայց ես այն նմանեցնում եմ Մարտակերտի ճակատամարտին: Շահումյանի անկումից հետո համատարած խուճապ սկսվեց, որը փոխանցվեց նաեւ Մարտակերտի շրջան: Մենք պատրաստվում էինք Շահումյանի գրոհին, փոխարենը նահանջեցինք: Մարտակերտի բնակչությունը խուճապահար փախչում էր: Եվ եթե մենք չկարողանայինք գերլարել մեր ուժերը, արագ կազմակերպվել, եթե չկազմավորվեր մահապարտների գունդը, չստեղծվեր «Երկրապահը», դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ: 92-ի աշնանը հաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումը, իսկ հետո, 93-ի գարնանից սկսած՝ հետ շպրտել նրան Մարտակերտի շրջանից:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031