Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավերժ փառք քեզ, մահին պարտության մատնող արծիվ մահապարտ»

Նոյեմբեր 24,2020 16:13
astvacatur petrosyan

Արծիվ մահապարտների միությունը խորը վշտով տեղեկացնում է միության հիմնադիր նախագահ, նոյեմբերի 24-ին, ծանր հիվանդությունից մահացել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, Երկրապահ կամավորականների միության հիմնադիր փոխնախագահ, Արցախի հարցերով ՊՆ օգնական, ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» ՀՆԳ ընդհանուր հրամանատար, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ գեներալ-մայոր Աստվածատուր Ավետիքի Պետրոսյանը:

Աստվածատուր Ավետիքի Պետրոսյանը ծնվել է 1952թ. դեկտեմբերի 8-ին ՀԽՍՀ Սպիտակի շրջանի Հայ Փամպ գյուղում /այժմ` Արագածոտնի մարզի Լեռնապար համայնք/, ծառայողի ընտանիքում: Ավարտել է տեղի 8-ամյա դպրոցը գերազանց, ապա` 1970թ. ավարտել է Կիրովական քաղաքի Գ.Սունդուկյանի անվան N 8 միջն. դպրոցը:

1970-75թթ. ընդունվել և ավարտել է Կ.Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Լեռնամետալուրգիական ֆակուլտետը` ստանալով ինժեներ-մետալուրգի որակավորում «Մետաղագիտության, մետաղների ջերմային մշակման տեխնոլոգիա և սարքավորումներ» մասնագիտությամբ:

1975-78թթ. գործուղվել է ՈՒԽՍՀ Վիննիցայի մարզի Յամպոլ քաղաքի Մոսկվայի №2 ավիասարքաշինական գործարանի մասնաճյուղ: Աշխատել է որպես ինժեներ-տեխնոլոգ, ավագ ինժեներ` մետաղագիտության և ջերմամշակման տեխնոլոգիայի գծով:

1978-83թթ. որպես հրավիրված մասնագետ աշխատել է Հայ.մեք.շին. գիտահետազոտական ինստիտուտում` որպես Գիտահետազոտական լաբորատորիայի ավագ ինժեներ, այնուհետև առաջատար ինժեներ, գիտական խմբի ղեկավար, լաբորատորիայի վարիչի տեղակալ:

1983-84թթ. հրավիրվել եմ Մոսկվայի «Ռեմդետալ» ԳԱՄ` որպես ավագ գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, լաբորատորիայի վարիչի տեղակալ:

1984-85թթ.հրավիրվել է «Անդրկովկաս-Կաբել» ԳԱՄ, և աշխատել որպես գլխավոր մետալուրգի տեղակալ:
1985-90թթ. տեղափոխվել է «Ալմաստ» ԳԱՄ՝ որպես լաբորատորիայի վարիչ, Գլխավոր մետրոլոգի տեղակալ, կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ:

1987թ-ին ավարտել է Թբիլիսիի ՀՄՈԲՉ ինստիտուտի համամիութենական բարձրագույն որակավորման կուրսերը` մետրոլոգիայի և ժամանակակից չափումների գծով (գերազանց):

Սկսած ԵրՊԻ-ի գիտական թեմայով դիպլոմային պաշտպանությունից՝ մինչև այժմ տասնյակ հոդվածների, մենագրությունների, գիտական նորույթների, գյուտերի և ներդրումների հեղինակ է: 1990թ.-ից ազգային ազատագրական շարժման վերաբերյալ մի շարք հոդվածների հեղինակ է: 1995-2007թթ. իր հեղինակությամբ լույս են տեսել ռազմական պատմության, ռազմագիտության, ռազմական անվտանգության, ռազմաստրատեգիական հոդվածներ, մենագրություններ, հրապարակախոսական նյութեր, գրքեր և բրոշյուրներ, ինչպես նաև, որպես ռազմական խորհրդատու տվել է խորհրդատվություններ գրքերի և ‎ֆիլմերի համար` «Մահապարտներ», «Դրո», «Նժդեհ», «Սարդարապատ», «Բաշ Ապարան»…

1988-91թթ. մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, սկզբում որպես «Ալմաստ» ԳԱՄ Ղարաբաղ Կոմիտեի նախագահ, ապա ընտրվել է ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, «Ղարաբաղ» կոմիտեի ին‎ֆորմացիոն բաժինը համակարգող:

1989-95թթ. ՀԽՍՀ ՍովՄինի 1990թ. N305 որոշման համաձայն ստացել է լեգալ գործելու հնարավորություն, ընտրվել է ռազմական խորհրդի անդամ (7 հոգի):

Հիմնել և ղեկավարել է Առողջապահության Նախարարության բուժտեխնիկա միավորման «Բոր» գիտաարտադրական կոոպերատիվը:
1989-91թթ. Երկրապահ ջոկատների Կենտրոնական շտաբի պետն էր (1990-1995թթ.), Նաիրիի շրջանի ժող. պատգամավոր, Պաշտպանության, ՆԳ և Քաղ. պաշտպանության հանձնաժողովի նախագահ:

1991թ. առաջադրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:
1990-91թթ. մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը` որպես Նաիրիի շրջանի Երկրապահ ջոկատների շտաբի պետ, Նոյեմբերյանի և Լոռվա ուղղությամբ ընթացող գործողությունների համակարգող հրամանատար:

1990-92թթ. լինելով Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, համակարգիչ խորհրդի նախագահ՝ ղեկավարել է մի շարք մարտական գործողություններ, կազմակերպել եմ ավտոշարասյուններով բոլոր բեռնափոխադրումները:

1991-92թթ. նշանակվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին կից Պաշտպանության կոմիտեի Քաղ. պաշտպանության և մոբիլիզացիայի բաժնի պետ, Երկրապահ-Զինապարտների ջոկատների (101 ջոկատ, 5800 մարտիկ) կենտրոնական շտաբի պետ:
1992թ. ՊՆ Կադրերի վարչության կազմակերպչական հաստիքային բաժնի պետ՝ մնալով Երկրապահ-Զինապարտների կենտրոնական շտաբի պետ:

1992-93թթ. ծառայել է որպես նախարարի օգնական` Արցախի հարցերով, միաժամանակ մնալով Երկրապահ-Զինապարտների կենտրոնական շտաբի պետ և համակարգող 9-րդ հատուկ բաժնի պետ, /երկրապահ ջոկատներին հավաքագրում, որակավորում, զինում և ապահովելով դրամով և պարենով գործուղում Արցախ/:

1993-2000թթ. եղել է ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ:
1992թ-ին նշանակվել է ՊՆ Վ. Սարգսյանի հայտնի կոչով 500 Մահապարտների «Արծիվ» զորագնդի ընդհանուր համակարգող հրամանատար: Այդ ընթացքում հաղթանակով են ավարտել Վաղուհասի ճակատամարտը, որի համար Մահապարտների գունդը մասսայական սխրանքի համար առաջին անգամ արժանացել է կառավարական բարձր պարգևների:

1992-94թթ. իր մասնակցությունն է բերել Ղարադաղլուի, Խոջալուի, Մալիբեյլիի, Մարտակերտի շրջանի, Շուշի-Լաչին և Լաչին հարավ-արևելք օպերացիաների կազմակերպման, պայմանագրային զորամասերի, աշխարհազորայինների հավաքագրման, ռեզերվային գումարտակների գործուղման և վերահսկման ծրագրերի իրագործման աշխատանքներին:

1992թ-ին Մարդակերտի շրջանի երկրապահ ջոկատների համակարգման համար գործուղվել է ԼՂՀ, որպես պաշտպանության նախարարի լիազոր ներկայացուցիչ ԼՂՀ-ում, որտեղ համակարգել է ջոկատների և ինքնապաշտպանական ուժերի համաձուլման ծրագրերը Ս. Սարգսյանի, գեներալ- մայոր Ա. Թադևոսյանի հետ :

1993-1994թթ. մասնակցել է Նարիշտար-Կորչու-Գետավան-Չարեքտար-Մռով օպերացիաների կազմակերպմանը, ինչպես նաև Մարտակերտի և Քելբաջարի շրջանների մարտական գործողություններին և այլ դժվարին պաշտպանական մարտերի կազմակերպմանը:
1993թ.-ի հունիսի 14-ին Վ. Սարգսյանի և իմ նախաձեռնությամբ հիմնադրվեց Երկրապահ-զինապարտների միությունը, որի հիմնադիր 1-ին հանրագումարում ընտրվել է խորհրդի համանախագահ /նախագահ` Վ.Սարգսյան/:

1993-2000թթ. Երկրապահ Կամավորականների միության վարչության անդամ էր և փոխնախագահ:
1998թ.-ից մինչ այսօր «Արծիվ Մահապարտների Միության» հիմնադիր նախագահն է:

1992-2000թթ. ՀՀ ՊՆ նախարարի տեղակալն էր` սկզբում որպես Արցախի պայմանագրային զորամիավորումների, զինապարտների և կամավորական ջոկատների կազմակերպման, համակարգման և ղեկավարման գծով, այնուհետև լրատվության, գաղափարադաստիարակչական և անձնակազմի հետ տարվող աշխատանքի, առողջապահության և սոցիալ-մշակույթային հարցերի ուղղությամբ:

1993թ.-ին Պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի և իր ջանքերով հիմնադրվել է Մոնթեի անվան ռազմամարզական ուսումնարանը:
1996թ-ին գործուղվել է ՌԴ Գլխավոր Շտաբի Ակադեմիա, 1997թ-ին ավարտել է այն գերազանց, ստանալով Անվտանգության և օպերատիվ ստրատեգիական բարձրագույն հրամանատարաշտաբային ոլորտում հրամանատարի պաշտոնական և մասնագիտական բարձր որակավորում /միջազգային սերտիֆիկատ/:

1998թ.-ից Պաշտպանության նախարարի տեղակալ էր Կադրերի և կազմակերպչական ռազմաուսումնական հաստատությունների ՀՀ ՊՆ օրենսդրական բարեփոխումների կոորդինացման և արտաքին հարաբերությունների ուղղությամբ, բնակ.հանձնաժողովի և մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տվող հանձնաժողովի նախագահը:

ՊՆ նախարարներ Վ.Սարգսյանի, Ս. Սարգսյանի. Վ. Մանուկյանի, Վ. Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարության, Ս. Բաբայանի, գեներալներ Ա. Հարությունյանի, Տեր-Գրիգորյանցի, Ա. Տեր-Թադևոսյանի, Մ. Հարությունյանի, Գ. Դալիբալթայանի, Անդրեասյանի, Մ. Սարգսյանի, Ս. Մարտիրոսյանի, Ս. Օհանյանի, Գ. Մելքոնյանի, Մ.Գ.Հարությունյանի, Ա.Զինևիչի, Ա.Աբրահամյանի, Ա.Աբրահամյանի և մի շարք ազգային գործիչների հետ մասնակցել է ՀՀ ազգային բանակի ստեղծման և կայացման, ղեկավարման և հասարակական քաղաքական գործընթացների ուղղորդման գործին:

Մի շարք առանձնահատուկ ձեռքբերումների և ծառայությունների համար արժանացել է պարգևատրումների և խրախուսանքների:
2000թ. նշանակվել եմ ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ Իրավիճակների Վարչության պետի տեղակալ Փրկարար Ուժերի և ՔՊ կազմավորումների և ուսումնական կենտրոնների և հաստատությունների ղեկավարման ուղղությամբ: Գլխավորել է մարտական գործողությունների մասնակիցների հանձնաժողովը:

2000-2017թթ. եղել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի Փրկարար Ծառայության տնօրենի տեղակալ, այժմ ՀՀ ԱԻ նախարարի հատուկ հանձնարարությունների գծով օգնականն էր /2017-2018թթ./:

1996թ. «Երկրապահ», 1997թ. «Արծիվ Մահապարտների» օրհներգերի տեքստերի հեղինակն է /երաժշտ. Ռ. Պետրոսյան/: 2000թ. «Երևան» մրցանակ շահած օրհներգի տեքստի հեղինակն է /երաժշտ. Արա Գևորգյանի/: 2012թ. «Փրկարարի օրհներգի» հեղինակն է:
Նախաձեռնություն է ցուցաբերել, կազմակերպել, մասնակից եղել մեր երախտավոր ազգային հերոսների, հրամանատարների հայրենիք վերադարձի արարողություններին (Զորավար Անդրանիկի, Սոսեի, Դրոյի):
«Արծիվ մահապարտների միության» հիմնադիր նախագահն է 1998թ.-ից մինչ այսօր:

Կոչումներ`
20.09.1996թ-ին ստացել է Հայկական բանակի Համազորային զորքերի գեներալ-մայորի կոչում:
01.03.2006թ-ին ստացել Է Փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:

Գիտական աստիճանները

1996-97թթ սովորել և գերազանց ավարտել Է ՌԴ Գլխավոր Շտաբի Ակադեմիան:
Ունի հետևյալ գիտական աստիճանները`
– ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի ավարտական պետական դիպլոմ` «Ճգնաժամային կառավարում և հակաահաբեկչության աջակցության գլխավոր մասնագետ»,
– Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների Ազգային Ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս,
– Եվրոպական Բնական Գիտությունների Հանովերի համալսարանի ակադեմիայի ակադեմիկոս,
– Գիտության և Մշակույթի Արևմտաեվրոպական Սոֆի Տախալովայի անվան ալտերնատիվ բժշկության Ակադեմիայի ակադեմիկոս,
– Ֆրանսիայի «Արարատ» բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երեք զավակ, հինգ թոռնիկ:
Գեներալ-մայոր Աստվածատուր Ավետիքի Պետրոսյանը հայրենիքին մատուցած ծառայությունների, հայոց բանակաշինության գործում մեծագույն ավանդի, և անմնացորդ նվիրումի համար տարբեր ժամանակներում պարգևատրվել է` ՀՀ «Մարտական Խաչ I աստիճանի» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայութ.-ի համար 1-ին աստիճանի և ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ-Նոյ» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ ՊՆ և այլ գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից բազմաթիվ պարգևներով, այդ թվում` ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան» , «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ» «Նելսոն Ստեփանյան» , ինչպես նաև ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար», ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայության համար 20տ» 1-ին աստ. մեդալ , «Հայրենիքի պաշտպանության համար» , «ԼՂՀ ՊՆ 20 տարի» հուշամեդալ, և «Փրկարար միջազգային կարգի», ՀՀ ՏԿԱԻՆ «Պատվավոր աշխատակից» և այլ պարգևներ:

Խոնարհվում ենք մեր փառապանծ հրամանատարի, նվիրված մարտընկերոջ ու ընտանիքի հոր, մեծատառով Մարդ ու Հայ, գեներալ-մայոր Աստվածատուր /Ալիկ- «Մեծ Ախպեր»/ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ անմահ հիշատակի առաջ:

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ, ՄԱՀԻՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՈՂ ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏ…
«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30