Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Մայիս 14,1998 00:00
ynddimutyun

Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող պետություններում իշխանության փոփոխությունը կատարվում է ընտրությունների միջոցով։ Ընտրություններն են որոշում այս կամ այն քաղաքական գործչի կամ կուսակցության տեղը պետության մեջ։ Ավելի մեծ վստահություն եւ վարկանիշ ունեցողները անցնում են իշխանության, իսկ մյուսները պայքարում են իրենց քաղաքական հայացքներն ու գաղափարները հասարակության ավելի լայն շերտերին հասցնելու միջոցով ձեռք բերել այդ ազդեցությունը։ Ոչ ժողովրդավարական կամ, ինչպես ընդունված է ձեւակերպել դեպի ժողովրդավարություն անցման փուլում գտնվող երկրներում, իշխանությունները կարող են չփոփոխվել անորոշ ժամանակ՝ 10, 20 կամ 70 տարի, անկախ իրենց ունեցած վարկանիշից կամ վստահությունից։ Նման երկրներում ընդդիմությունը կամ նրա ղեկավարները հստակ գիտակցում են, որ իրենց հաղթանակը, մեղմ ասած, այնքան էլ հեշտ չի լինի։ Ընդհակառակը, նրանք պատրաստ են եւ կրում են ընդդիմադրի իրենց բաժինը բանտերում, թաքստոցներում, տարագրության մեջ։ Նրանցից շատերը պայքարում են ոչ միայն քաղաքացիական իշխանությունների, այլ նաեւ ռազմական դիկտատուրաների եւ խունտաների դեմ՝ վտանգի ենթարկելով իրենց անձը։

20-րդ դարի քաղաքական պատմությունը հարուստ է նման ընդդիմադիրների օրինակներով՝ Բեգին, Մանդելա, Դեմիրել։ Մինչեւ 1988-90 թթ. Հայաստանում եւ, ընդհանրապես ողջ ԽՍՀՄ տարածքում գործում էր ընդդիմադիր՝ դիսիդենտական շարժումը, որի ներկայացուցիչները բացառապես գաղափարական ընդդիմախոսներ էին, եւ երբեւէ քաղաքական իշխանություն ձեռք բերելու խնդիր չէին դնում։ 1990-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի իշխանության անցնելուց հետո Հայաստանում ձեւավորվեց լայն ընդդիմադիր դաշտ եւ մի պահ տպավորություն էր ստեղծվել, որ այն կարող է վտանգել երկրի ներքին կայունությունը։ Սակայն բավարար էր 3 տարի (1995-98 թթ.) եւ այդ 3 տարվա ընթացքում՝ երեք ընտրություն, որպեսզի այդ ընդդիմությունը ամբողջությամբ վերանա։

Մինչդեռ Հայաստանում ընդդիմադիր կուսակցությունների եւ գործիչների համար կար բավարար, բարենպաստ դաշտ։ Իշխանությունները ոչ միայն չէին խոչընդոտում (ես, անշուշտ, հիշում եմ Պառավաքարը, Դաշնակցության գործունեության արգելումը, 1995թ. ընտրություններին նախորդած ծեծերը) ընդդիմության գործունեությանը, այլ ստեղծել էին որոշակի բարենպաստ դաշտ՝ տրամադրել էին գրասենյակներ քաղաքի կենտրոնում, բյուջեից հատկացնում էին որոշակի գումար, խոչընդոտներ չէին ստեղծում միտինգներ կամ ցույցեր կազմակերպելիս։ Իշխանությունները միայն «կազմակերպում եւ անցկացնում» էին ընտրություններ, խոչընդոտելով դրանց ժամանակ ընդդիմության հաղթանակը։ Այս պայմաններում ընդդիմադիր կուսակցությունները հերթականությամբ՝ խմբովին կամ անհատական սկսեցին հանձնվել իշխանություններին։ Վերջին ընդդիմացողը, կարծես թե, ԱԺՄ-ն էր, որը նախ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը հակասահմանադրական է, իսկ հետո սկսեց բացահայտել ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից իրականացրած օրինախախտումները։

Առաջին փուլում ԱԺՄ-ն ուներ իր թեկնածուն, եւ այնտեղ բոլորը, կարծես թե ձգտում էին նրա հաղթանակին։ Երկրորդ փուլում արդեն ուրվագծվեցին սկզբունքային տարաձայնություններ։ Իրենց իրական ժողովրդավար համարողները պահանջում էին, որ ԱԺՄ-ն շարունակի հետեւել ընտրություններին եւ արձանագրել խախտումները։ Նրանց մի մասը պահանջում էր նույնիսկ պաշտպանել Կարեն Դեմիրճյանին։ Սակայն մյուս թեւը պնդում էր ճիշտ հակառակը։ Այս թեւի ամենակարկառուն ներկայացուցիչը Դավիթ Վարդանյանն էր, որի համար կարեւոր չէր, թե ինչպիսին են լինելու ընտրությունները, կարեւոր էր, թե ով է ընտրվելու։ Իսկ պրն Վարդանյանը կտրականապես դեմ էր Կարեն Դեմիրճյանին։

Եվ պատահական չէ, որ ԱԺՄ-ից առաջինը նա ստացավ գայթակղիչ առաջարկ։ Առաջինը, բայց կարծում եմ, ոչ վերջինը։ Հասկանալի է, որ ԱԺՄ մյուս լիդերները՝ Վազգեն Մանուկյանը կամ Շավարշ Քոչարյանը չէին կարող դրականորեն վերաբերվել Դավիթ Վարդանյանի համաձայնությանը, աշխատելու ներկա վարչակարգի հետ, բայց ընդդիմանալը եւս անիմաստ է։ Ոչ շարքային ԱԺՄ-ականներից շատերի համար, իրենց առաջնորդներից մեկի պաշտոն ստանալը, հարմար առիթ է գործադիր իշխանության մեջ տեղ ստանալու համար։ Ինչեւէ ԱԺՄ-ի, որպես «չծախվող» եւ իշխանությունների հետ համագործակցության չգնացող կուսակցության վարկանիշը խախտված է, մանավանդ որեւէ մեկը այդ կուսակցությունից դեռեւս բացահայտ դեմ չի արտահայտվել պրն Վարդանյանի դիրքորոշմանը։

Սովորական քաղաքացու աչքերով մեր ընդդիմադիրները կան այնքան ժամանակ, քանի դեռ նրանց որեւէ պորտֆել չի առաջարկվել (մերժման լուրջ օրինակ որեւէ մեկը չի հիշում)։ Ուղղակի Լեւոն Տեր-Պետրոսյանը հավատացած էր, որ ազգային համաձայնությունը կեղծ կատեգորիա էր, եւ նման պատրանք ստեղծելու համար կուսակցություններին պորտֆելներ չէր բաժանում, իսկ Ռոբերտ Քոչարյանը բաժանում է, եւ կարելի է արձանագրել, որ կուսակցությունների մակարդակում ազգային համաձայնությունը կայացած է, իսկ ժողովրդի գոնե 40%-ը դեմ է այս իշխանություններին, եւ դժվար թե իր կարծիքը փոխի միայն այն պատճառով, որ Դավիթ Վարդանյանը պաշտոն է ստացել, գուցե հակառակը՝ ԱԺՄ-ի իշխանությունների կապը ավելի խոր հիասթափություն առաջացնի։ Իշխանություններից դժգոհ ժողովրդի հատվածին կարող է առաջնորդել Կարեն Դեմիրճյանը, սակայն նրա ընդգծված պասիվությունը ենթադրել է տալիս, որ նա հեռու է Հայաստանի ընդդիմադիր շարժումը առաջնորդելու հավակնությունից։ Այդ դեպքում մնում է սպասել նոր ընդդիմության։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031