Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները․ վաղը ժամը 11։00-ից շրջափակում ենք կառավարության շենքը»․ Վազգեն Մանուկյան

Սեպտեմբեր 21,2023 19:57

«Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները։ Դրան պետք է միանա ոչ միայն Երևանի բնակչությունը, այլև շրջաններում էլ պիտի կատարվի, շրջաններից էլ շարասյուներով պիտի գանք»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։

Նա ասաց, որ այսօր հանրահավաքի ավարտից հետո մինչև 21։30 ևս պետք է փողոցներ փակեն։

Նա նաև հայտնեց, թե ովքեր են նորաստեղծ կոմիտեի կազմում՝ Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և Վազգեն Մանուկյան։

Վազգեն Մանուկյանը վստահեցրեց՝ հարցի լուծումը մենք պիտի տանք հնարավորին լեգիտիմ ձևով․ «Լեգիտիմ ձևով հարցի լուծումը տալիս է ԱԺ-ն։ ԱԺ-ն կարող է իշխանափոխության լուծում տալ այն դեպքում, երբ իշխանությունը ծնկի է իջել ժողովրդի առաջ»։

Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ ամեն մեկն իր տեղում պետք է կազմակերպի անհնազանդության գործողություններ․ «Փողոց փակելն այսօր արդեն կատարվում է, հանրահավաքից հետո նորից պիտի դա կատարենք։ Վաղվանից գործադուլներ, դասադուլներ, փողոց փակել։ Վաղը՝ ժամը 10։00-ին բոլորս հավաքվում ենք այստեղ, որ կառավարության նիստ տեղի չունենա։ Այսօր՝ հանրահավաքը վերջանալուց հետո գնացեք մինչև 21։30 փակեք փողոցները»։

Վազգեն Մանուկյանը փաստեց՝ այժմ մեր աչքի առաջ արյունաքամ է լինում Արցախը․ «Ոչ մի պաշտպան չունի։ Ցանկացած երկիր իր քաղաքացիների, իր հայրենիքի համար ինքնաթիռ է ուղարկում մի հոգի փրկելու համար, հիմա մայրեր, երեխաներ են զոհվում, տղամարդիկ մինչ հիմա պայքարում են Արցախում, ո՞նց կարող է այսպիսի իշխանություն լինի Հայաստանում․ այս իշխանությունը գոյություն չունի։ Դուք եք իշխանությունը։ Վաղը ժամը 11։00-ին այս շենքում տեղի է ունենալու կառավարության նիստը։ Այն կառավարությունը, որը դրդեց, նպաստեց Արցախի ցեղասպանությանը և այժմ սպառնում է ՀՀ սահմաններին, այդ կառավարությունը գոյություն չունի։ Մենք առավոտից այս շենքը կշրջափակենք, թույլ չենք տա, որ նիստ անեն։ Այստեղ վաղը օտարի կառավարությունը նիստ է անելու, մեր պարտքն է դա թույլ չտալ»։

Անդրադառնալով այն կարծիքներին, թե Նիկոլ Փաշինյանին, որ հանենք իշխանությունից, պատերազմ է լինելու, Վազգեն Մանուկյանը հրապարակում հայտարարեց․ «Նիկոլի ժամանակ արդեն որերորդ պատերազմն է․ սա սպառելու է մեր ժողովրդին»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե խաղաղ բնակչությունն Արցախում պաշտպանված է, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Քանի անգամ ասել է՝ Ջերմուկը պաշտպանված է․․․անընդհատ՝ քայլ առ քայլ․  ինքը սկզբում պայմանավորվում է, բայց ասում է՝ պայմանավորվածությունը կատարելու համար ես չեմ կարող անել, դիմացինը հասկանում է, որ ռազմական ճանապարհով կարող է իրականացնել։ Ինքն անընդհատ դրդում է պատերազմի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930