Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն եւ ԱԺՄ-ն չեն մերժում միմյանց

Հունիս 04,1998 16:04
Karabax komite

Քաղաքականամերձ շրջանակները վերջերս ավելի հաճախ են խոսում, թե հնարավոր է եթե ոչ համագործակցության, ապա գոնե հաշտության դաշտ ձեւավորել ԱԺՄ-ի եւ ՀՀՇ-ի միջեւ։ Իրակա՞ն է, արդյոք, այդ խոսակցությունը, թե վարկած՝ առասպելաբանության ոլորտից,
յուրաքանչյուր ընթերցող կարող է պարզել յուրովի՝ կարդալով ԱԺՄ-ի եւ ՀՀՇ-ի ներկայացուցիչների խոսքերը։
Սակայն պատկերը չի ամբողջանա, եթե չհիշենք, թե ինչ որակի հարաբերություններ գոյություն ունեին այս երկու կազմակերպությունների միջեւ ընդամենը ոչ վաղ անցյալում։ Եթե նրանք մեկը մյուսին կոշտ խոսքեր չէին էլ ասում, ապա գոնե հարկ էին համարում ծաղրել միմյանց։ Ինչեւիցե, գանք խնդրո առարկային. «Ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, թե հետնախորշում բանակցություններ են տեղի ունենում ՀՀՇ-ի եւ ԱԺՄ-ի միջեւ, որպեսզի որոշակի հարցերում գոնե միասնական դիրքորոշում որդեգրվի»։ Այս հարցին առաջինը պատասխանում է ԱԺՄ-ի ներկայացուցիչը։
Սեյրան Ավագյան (ԱԺՄ վարչության անդամ).

seyran avagyan-Տվյալ դեպքում ավելի ճիշտ եմ համարում ասել, թե մենք ինչով ենք զբաղված, իսկ հետեւություններն ընթերցողներն ու լրագրողները կարող են անել։ Անցյալ տարիների մեր աշխատանքով, մեր առաջարկություններով, մեր մոտեցումներով, անցած ընտրություններին մեր բերած պլատֆորմներով հանրապետությունում այսօր ունենք քաղաքական մեկ ուժ` հանձին ԱԺՄ-ի, որը համակարգված քաղաքական հայացքներ, գաղափարախոսական հենք ու դրանց պրակտիկ իրագործման ծրագրեր ունի, որոնք ներկայացված են հասարակությանը։
Այսպես ասեմ. այդ քաղաքական ուժն ուղղագիծ գնում է դեպի այդ նպատակների իրականացում։ Ուրիշ է այլոց պարագան։ Այս հարցում դեր է խաղում նաեւ քաղաքական կոնյունկտուրան։ Այդ գաղափարների, տեսակետների շուրջ տեղի է ունենում ե՛ւ համախմբում (տարբեր քաղաքական ուժեր են մոտենում՝ նպատակ ունենալով տեղավորվել այդ հունի մեջ), ե՛ւ քաղաքական ուժերի այլ դասավորություն ու դասակարգում։ Բոլոր դեպքերում մնայուն է մեկ սկզբունք. ԱԺՄ-ն երբեք չի շեղվում իր քաղաքական կուրսից, իսկ այդ կուրսը հայտնի է բոլորին։ Առաջիկայում ընտրություններ են լինելու, ինչը եւս քաղաքական մեծ ու ակտիվ իրադարձություն է։ Մենք գնալու ենք սեփական ճանապարհով՝ միաժամանակ համագործակցելով հանրապետության քաղաքական ողջ սպեկտրի հետ։ Թե ինչպիսի խմբավորումներ կկազմավորվեն, եւ կկազմավորվեն, արդյո՞ք, թե՝ ոչ, 99 թվականի սկզբի խնդիրներ եմ համարում։
– Դուք, ըստ էության, տվեցիք հարցադրման տեսական մասի պատասխանը, միաժամանակ խուսափելով ուղիղ տեքստով ասել՝ կա՞ն, արդյոք, հետնախորշային շփումներ ԱԺՄ-ի եւ Վանո Սիրադեղյանի ներկայացուցիչների միջեւ։
-Դուք օգտագործեցիք հետնախորշային բառը։ Այդպիսի բանակցություններ գոյություն չունեն։ Այդպիսի հարաբերություններ այս պահին չկան։
– Իսկ ընդհանրապես, կա՞ն՝ ոչ հետնախորշային, ասենք։
– Այդպիսի որեւէ բան առայժմ չկա։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանում ծագած այս կամ այն բանավեճին, ապա քննարկվող խնդիրների շուրջ բոլոր ֆրակցիաները միմյանց հետ մտքեր փոխանակում են։ Այս իմաստով, ԱԺՄ-ն բոլորի հետ էլ շփումներ ունենում է։ Չկա թշնամություն։ Հնարավոր է, որ հենց այդ շփումներն էլ նման լուրերի տեղիք են տալիս։ Մենք միշտ հանդուրժողական ենք եղել, եւ եթե որեւէ քաղաքական ուժ փորձել է օգնել մեր կուրսի իրականացմանը, մինչեւ օրս մենք որեւէ մեկին չենք մերժել։
Վանո Սիրադեղյան (ՀՀՇ վարչության նախագահ).

Vano-6
– Այդ գործընթացների համար հարկավոր չեն հատուկ ներկայացուցիչներ։ Փաստորեն, դա եղել է նույն կազմակերպությունը։ Ներքին օղակներում մարդիկ անհամեմատ լավ են վերաբերվում միմյանց, քան վերեւներում։ Կարծում եմ՝ նույնն է վիճակը նաեւ «Երկրապահի» հետ հարաբերություններում. ներքին օղակներում բոլորն իրենց նույն հայրենասերներն են համարում։ Վերին օղակներում է, որ միմյանցից տարբերվում են։ Ամենավերեւներում մեկը լիբերալ արժեքներ է կրում, իսկ մյուսը՝ պակաս լիբերալ է։ Միջին եւ ստորին օղակներում, նույնիսկ այս վերջին հակամարտության տարիներին, ո՛չ «Երկրապահի», եւ ո՛չ էլ ԱԺՄ-ի հետ լուրջ անհամություններ կամ հակասություններ չեն եղել։ Բուրգի վերեւում է, որ հակասություններն աստիճանաբար խորացել են։ Որքան իշխանության մատույցներին մոտ, այնքան ստորությունը շատ է եղել։ Ես բնական եմ համարում, որ այդ ընթացքները կան, եղել են եւ լինելու են, մանավանդ հիմա, երբ կուսակցություններն իրենց առանձին-առանձին անապահով են զգում։ Երկրում ահագին անհասկանալի զարգացումներ կան՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ։ Բնական եմ համարում, որ սոցիալիստական ուժերը փորձեն միմյանց հետ համագործակցել, իսկ աջ ուժերն ու շարժման ակտիվիստներն էլ, անկախ նրանից, թե ինչ անուն կկրեն, «Հայրենիք», «Ազատություն», ԱԺՄ, ՀՀՇ, փորձեն միմյանց հետ հարաբերվել։ Վախենամ, որ միջին օղակների այդ առողջ ջանքերը մեծ դիմադրության հանդիպեն բուրգի գագաթում, ուր ամբիցիաները շատ մերկ են երեւում։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 04.06.1998թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930