«Այն, ինչ անում է այս մարդը, քաղաքացիական պատերազմի կոչ է, որովհետև իր պայքարը ընդդիմադիր պատգամավորների դեմ չէ, իր պայքարը, իր կռիվը ամբողջ ընդդիմադիր ժողովրդի դեմ է»․ «Առավոտի» զրուցակիցն է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը։
«Ալիևի սահմանադրությունն է, որը պիտի ամեն գնով անցկացնի։ Ցանկացած խոչընդոտ վերացնելու է, հիմա, եթե այս պահին ընդդիմությունն է խոչընդոտը, պիտի ընդդիմությանը վերացնի»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը։
Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն հայտարարել է ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու մտադրության մասին, իսկ ընդդիմադիր գործիչների տներում խուզարկությունները, կրկին կալանավորումները դրա դրսևորումներից են։ Նիկոլ Փաշինյանը նաեւ օրերս հիշեցրեց 2019 թվականի հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, երբ, իշխանությունը, դարձյալ իր գլխավորությամբ, ցույց արեց, շրջափակեց Ազգային ժողովը և ստացավ խորհրդարանը լուծարելու, նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր համար ցանկալի համաձայնությունը։ Նա վստահեցրեց՝ իշխանությունն այս անգամ ևս պատրաստ է կիրառել տարբեր գործիքներ՝ իր նպատակին հասնելու համար։
«Հայաստանում չի գործում օրենք, որովհետև վերարտադրված իշխանությունը անօրինական բռնաճնշումների, աննախադեպ վախի ճանապարհով գործում է օրենքից դուրս՝ բոլոր առումներով։ Իշխանությունն ունի մի նպատակ, ինչը ապացուցել է ութ տարի շարունակ՝ Հայաստանում սպասարկել թշնամի պետությունների շահերը։ Այս պահին այդ պետություններին պետք է, որպեսզի Հայաստանը ընդունի Սահմանադրությունը՝ առանց Անկախության հռչակագրի, իրենց հարմար շարադրանքով, իրենց հարմար ձևակերպումներով, և դրան հասնելու համար Հայաստանում այդ երկրներին սպասարկող ուժը անելու է ամեն ինչ»,- ասում է զրուցակիցս։
Կարդացեք նաև
Ալիսա Գևորգյանի համոզմամբ՝ ընդդիմությունը պետք է օգտագործի իր ունեցած սահմանափակ հնարավորությունները և կարողանա համախմբել հանրությանը։ Նա, սակայն, կասկածում է, որ միայն խորհրդարանում մի քանի պատգամավորներով հնարավոր կլինի դիմակայել իշխանության գործողություններին․ «Փողոցը պետք էր գեներացնել անօրինական ընտրություններից հետո։ Երբ այս իշխանության ղեկավարը ընտրություններից ընդամենը մի քանի ժամ անց, երբ դեռ չէին ամփոփվել ընտրության արդյունքները, շտապեց հայտարարել, որ ինքը արդեն հաղթել է։ Դա չարվեց, գուցե օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, բայց հիմա իշխանությունը ուղղակի պատերազմ է հայտարարել ոչ միայն ընդդիմությանը. ընդդիմությունը օդից չի իջել։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ճնշելու է ընդդիմությանը, դա նշանակում է, որ ինքը ճնշելու է այն հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնը, որոնց ներկայացուցիչներն այդ նույն ընդդիմադիրներն են ԱԺ-ում»։
Ալիսա Գևորգյանի խոսքով՝ ընդդիմության դեմ գործողություններն իրականում ուղղված են այն քաղաքացիների դեմ, որոնք չեն կիսում իշխանության քաղաքականությունը․ «Այսինքն՝ ինքը ո՞ւմ բերանն է փակում, ի՞մ բերանն է փակում՝ որպես ընդդիմադիր քաղաքացի։ Ես ընդդիմությանը ձայն եմ տվել, նաեւ իմ նման հարյուր հազարավոր քաղաքացիներ, որպեսզի մեր ձայնը, մեր տեսակը Ազգային ժողովում ներկայացված լինի։ Նիկոլ Փաշինյանը մեր բերա՞նն է փակում, մեր տեսակետնե՞րն է ոչնչացնում։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, քաղաքացիական պատերազմ է հրահրում։ Այն, ինչ անում է այս մարդը, քաղաքացիական պատերազմի կոչ է, որովհետև իր պայքարը ընդդիմադիր պատգամավորների դեմ չէ, իր պայքարը, իր կռիվը ամբողջ ընդդիմադիր ժողովրդի դեմ է։ Իր դավաճանական տեսակետները, հայացքները չկիսող, հանուն հայրենիքի արյուն տված և հող ու հայրենիք ուզող մարդկանց՝ հայրենատեր մարդկանց դեմ է այս իշխանության կռիվը։ Հետևաբար՝ ընդդիմությունը պիտի կարողանա գեներացնել այս հարյուր հազարավոր մարդկանց տեսակետները, նրանց պայքարը կենտրոնացնել և այստեղ անել առավելագույնը։ Պատերազմը հայտարարված է ոչ թե իրենց՝ ընդդիմադիրներին, այլ այդ ընդդիմադիրներին Ազգային ժողով բերած հայ ժողովրդին, որը ավելի մեծամասնությունն է»։
Ընդդիմադիր ուժերը հայտարարեցին միասնական ճակատ ստեղծելու մասին, թուղթ ստորագրեցին՝ չորս կետով բոլորի տեսակետները համընկնում են։ Գործողությունների դեռ չեն անցել, բայց արդյոք ընդդիմությունը կկարողանա՞ վերականգնել հանրության ընդդիմադիր հատվածի վստահությունը, որը նվազեց ամռանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, երբ ընդդիմությունը ոչ միայն չկարողացավ կատարել իշխանափոխություն իրականացնելու իր խոստումը, այլ անգամ դժգոհություն չգեներացրեց, երբ ԲՀԿ-ի 60 հազար ձայները գողացավ իշխանությունը։ Զրուցակիցս դժվարանում է կանխատեսել, սակայն փողոցային պայքարը համարում է ընդդիմության հնարավոր քայլերից մեկը։
Նրա դիտարկմամբ էլ՝ ընտրություններից հետո ընդդիմադիր հատվածի մի մասը ակնկալում էր հետընտրական գործողություններ։ Ավելին, նա կարծում է, որ Հայաստանում շատ քիչ մարդիկ են հավատում, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել, քանի որ պետական համակարգն ամբողջությամբ օգտագործվում է ընտրական գործընթացներում, իսկ մարդկանց նկատմամբ վախի և ճնշումների մթնոլորտ է ձևավորվել․ «Ես տեսնում եմ մարդկանց, որոնք այն ժամանակ շատ մեծ հույսեր ունեին ազատվելու այս իշխանությունից, բայց հիմա, որ տեսան՝ չեն ազատվել, չկարողացավ ընդդիմությունը իշխանափոխություն անել, մի տեսակ ոնց որ հարմարվում են, փորձում են հարմարվել, որովհետև մտածում են՝ հինգ տարի ամեն դեպքում սրանց հետ պիտի գոյատևեն էլի։ Նիկոլի հարձակողական, այդ, ինչպես ասեմ, փողոցային, փողոցից ծնված իշխանությունը գործում է միայն փողոցի մեթոդներով, և քաղաքակիրթ ձևով այս իշխանության դեմ պայքարել՝ ընդամենը օրենքի վրա հիմնվելով, այս երկրի Սահմանադրության օրենքի վրա հիմնվելով, որի վրա Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ թիմով թքած ունի, անիմաստ է։ Ընդդիմությունը պիտի փորձի իր դեմ հայտարարված պատերազմին արձագանքել ադեկվատ։ Իսկ դա փողոցն է։ Չեմ նախանձում իրենց, ես հասկանում եմ, թե իրենք ում հետ գործ ունեն, իրենք գործ ունեն սկզբունքներ չունեցող հանցագործների հետ։ Այս իշխանության ամենամեծ զենքն այն է, որ ամոթ չունի, իսկ ընդդիմության ամենամեծ թուլությունն այն է, որ ունի ամոթ և կարմիր գծեր»։ Զրուցակիցս կարծում է, որ հենց այդ հանգամանքը դժվարացնում է ընդդիմության պայքարը։
Պատասխանելով հարցին՝ իշխանությանը հաջողվել է «մարսել» Արցախի հանձնումը, արդյոք Սահմանադրության փոփոխության հարցն այն հարցն է, որը կապահովի ընդդեմ իշխանության համախմբումը, Ալիսա Գեւորգյանն ասաց․ «Իրենք չեն մարսել ուղղակի, իրենք ամբողջ գործիքակազմը, ամբողջ ռեսուրսը, ամբողջ ուժային համակարգը օգտագործում են, իրենք համագործակցում են թշնամու հետ։ Իրենք ծանր հանցագործներ են, որոնք թշնամու հետ համագործակցությամբ Հայաստանը տանում են կործանման»։
Նրա խոսքով՝ իշխանության գործողություններին նպաստում է նաև միջազգային դերակատարների աջակցությունը, քանի որ, իր գնահատմամբ, այս տարածաշրջանում նրանք ունեն սեփական շահերը։ Սակայն նա կարծում է, որ երկրի ներսում ձևավորված ատելության մթնոլորտը թույլ չի տալիս խոսել իրական խաղաղության մասին․ «Ո՞նց կարող է արտաքին խաղաղություն լինել, երբ որ երկրի ներսում այս աստիճան ատելություն է գեներացված, մարդիկ իրար ատում են, և այդ ատելությունն անխուսափելի է մի հասարակության մեջ, որտեղ գոյություն ունի Նիկոլ։ Քանի Նիկոլ գոյություն ունի, մեր հասարակությունը բաժանված է լինելու երկու հակադիր թշնամի բևեռների՝ նիկոլականներ և հականիկոլականներ։ Քանի այս երկու հակադիր թշնամական բևեռները կան, քանի երկրի ներսում այս սարսափելի թշնամական ատելության մթնոլորտը կա, արտաքին խաղաղության մասին խոսելը ուղղակի հիմարություն է»։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
06.11.2026



















































