Լրահոս
Օրվա լրահոսը

Զադոյան Դավիթը Մելո անունով տղա չունի

Հունիս 27,1998 20:07
Davit Zadoyan

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանը հրավիրել էր լրագրողներին, հայտնելու, որ ինքը ո՛չ Մելո անունով տղա ունի, ո՛չ էլ կարմիր գույնի որեւէ ավտոմեքենա։ Իսկ այսպիսի հայտարարություն անելու առիթը «Ա1+» հեռուստաընկերության հունիսի 24-ին ժամը 23.40-ին եթեր հեռարձակած հաղորդումն էր այն մասին, թե «ոմն Արծվիկ Վարդանյան ներկայացավ որպես սպանված Մարիետա Վարդանյանի մայր, զրպարտեց ինձ այն բանում, որ իբր ունեմ Մելո անունով որդի, որն ունի կարմիր գույնի «Օպել» մակնիշի ավտոմեքենա եւ կատարել է Մարիետա Վարդանյանի սպանությունը։ Տիկին Վարդանյանը զրպարտել է ինձ, որ իբր ես չարաշահել եմ պաշտոնական դիրքս, պարտակել եմ այդ դիտավորյալ սպանությունը եւ իբր իմ որդուն՝ Մելոյին, ազատել եմ քրեական պատասխանատվությունից»։

Այնուհետեւ պարոն Զադոյանը հայտնեց, որ ինքն այդ անունով ոչ որդի, կամ էլ հարազատ ու ազգական չունի, իսկ նրա ընտանիքի անդամներից ոչ մեկը կարմիր գույնի ավտոմեքենա չունի։ Այդ հայտարարությունը Դավիթ Զադոյանը որակեց որպես «իմ անձը արատավորող ակնհայտ սուտ»։
Տարածքային կառավարման նախարարը դիմել է հանրապետության դատախազին՝ այս փաստերը քննարկելու եւ քրեական գործ հարուցելու խնդրանքով։ Դավիթ Զադոյանը ավելորդ չհամարեց ասել, որ ինքն ունի երկու որդի՝ Կարեն եւ Արսեն։ Կարենը բանակում է, իսկ Արսենը դեռ սովորում է ժողտնտեսության ինստիտուտում։

Դավիթ Զադոյանը հետաքրքիր համարեց այն, որ «այդ կինն ասում է, թե վախենում է, որ իրեն կհետապնդեն, եւ այլն, եւ այլն»։ Հետո էլ խնդրեց լրագրողներին, որ «դուք իմ դիմումը՝ դատախազին, հանկարծ չհամարեք հետապնդում։ Խնդրանքս, որ դա լուսաբանվի, որովհետեւ ինձ մեղադրում են քրեական հանցագործության մեջ»։ Ասենք, որ գործի մանրամասները մեզ ծանոթ չեն, գիտենք միայն, որ այն կատարվել է երկու տարի առաջ, իսկ, այսպես կոչված, հանցագործը՝ Մելոն, ներկայացել է որպես տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանի տղա, մինչդեռ երկու տարի առաջ Զադոյանն ընդամենը մարզպետ էր։ «Ես կփորձեմ ինքս էլ հետեւել, որ անպայման բացահայտվի։ Եթե բացահայտվի, որ այդ Մելո կոչվածն իրոք սպանել է այդ աղջկան, ուրեմն ես գտնում եմ, որ ե՛ւ ես, ե՛ւ «Ա1+»ևը լավ գործ ենք արել»։ Այս խոսքերից հետո պարոն նախարարը իր կողմից ցավակցեց տիկին Վարդանյանին նրա կորստի համար։

«Առավոտի» այն հարցին, թե չի՞ տեսնում այս ամենի մեջ քաղաքական նկատառում, պարոն Զադոյանը պատասխանեց. «Եթե դուք ուզում եք, կապեք։ Ես առայժմ չեմ կարող ոչ մի բան ասել»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930