Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՎԻՑ՝ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

Հունիս 27,1998 21:34
Vahan Hovhannisyan

«Ի՞նչ էիք անում Ամերիկայում»,- «Ազատություն» ռ/կևի հայկական ծառայության աշխատակից Ռուզան Խաչատրյանի այս հարցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ, նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը պատասխանել էր. «Առավոտ» թերթը ենթադրել էր, որ անգլերենս էի բարելավում, բայց ես ավելի շատ հայերի հետ էի հանդիպում ու բարելավեցի արեւմտահայերենս»։

Ռադիոկայանով երեկ հեռարձակված այս հարցազրույցից մեջբերենք որոշ առավել հետաքրքրական հատվածներ։
«Ներկա Գերագույն մարմինը մինչեւ Գերագույն ժողով 15 օրվա կյանք ունի։ Վճռական դատողությունների կարիքն առայժմ չկա»,- ասել էր Վահան Հովհաննիսյանը։ Եվ, այնուամենայնիվ, դաշնակցության հուսախաբ լինելու վերաբերյալ հարցին պատասխանել է, թե «շատ եւ շատ անհամաձայնություններ ունենք եւ կարող ենք դեռ ունենալ»։ Մասնավորեցնելով նշել է, թե խոսքը ներքաղաքական եւ հատկապես կադրային քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին է։ «Այնուամենայնիվ, արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումների փոփոխությունը, հստակեցումը մեզ հույս է ներշնչում, որ վաղ, թե ուշ, դա տեղի կունենա նաեւ ներքին քաղաքականության մեջ,- նշել է Վահան Հովհաննիսյանը։ -Այսօր ամենակարեւոր ներքին հարցը, որում մենք համաձայն չենք նախագահի հետ՝ ԱԺ-ն է։ Մենք հստակ առաջին օրվանից ասել ենք՝ պետք է լուծարվի։ Նախագահն ավելի զգուշավոր մոտեցում է ցուցաբերել։ Կարծում եմ, որ անշուշտ արդեն առիթներ է ունեցել տեսնելու, որ ԱԺ-ն, այնուամենայնիվ պետք էր լուծարել»։

Վահան Հովհաննիսյանը նաեւ ասել էր, թե «ներկա Հայաստանում մեծամասնական ընտրական համակարգով միգուցե մի քիչ ավելի տեղեր պիտի հատկացվեն, քան 30%-ն է»։

Հարցազրույցի ընթացքում արծարծվել են նաեւ միջկուսակցական որոշ խնդիրների հարցեր։ Մասնավորապես, «Ազատության» թղթակցի այն հարցին, թե «Սերգեյ Բադալյանը դժգոհում է, որ կոմունիստների հետ եք համագործակցում», պրն Հովհաննիսյանը պատասխանել է. «Դե, որովհետեւ Ռուսաստանի կոմունիստների հետ համագործակցել հնարավոր է։ Հայաստանի կոմունիստներն իրենք իրենց այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ նրանց հետ ուղղակի դժվար է խոսել։ Ես մի անգամ Բադալյանին հանդիպելու առաջարկ արեցի, բայց նա այնպիսի տոնով պատասխանեց, որ հանդիպելու իմ ցանկությունն անհայտացավ»։

Եվ վերջապես այն հարցին, թե կարողանո՞ւմ է երկրից առանց խնդիրների դուրս գալ. «Ավելի շուտ, հիմա Ձեզ կարելի է նախկին դատապարտյալ համարել, չարդարացված մեղադրյա՞լ, թե ինչ»,- Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. «Որեւէ խնդիր ընդհանրապես չեմ ունենում։ Ինչպես բանտում էի ազատ մարդ, այնպես էլ՝ հիմա»։

Մեր կողմից ենթադրենք, թե շատ մեծ ցանկության դեպքում, ըստ ամենայնի, Վահան Հովհաննիսյանն իբրեւ ազատ մարդ՝ բանտից էլ կարող էր ԱՄՆ շրջագայության մեկնել։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930