Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆ. «ԵՍ ՀՀՇ-ԱԿԱՆ ԵՄ, ՄԵՆՔ ՀՀՇ-ԱԿԱՆ ԵՆՔ»

Հուլիս 07,1998 13:05
Babken Ararqcyan

– Պարոն Արարքցյան, ՀՀՇ-ից ստացվող տեղեկությունների համաձայն, շուրջ մի քանի ամիս է, որ չեք մասնակցում կուսակցության վարչության նիստերին։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

– Վերջին շրջանում ՀՀՇ վարչության նիստերում քննարկում են կուսակցության ծրագրի եւ անվանման փոփոխությանն առնչվող հարցեր։ Իմ տեսակետը հետեւյալն է. ե՛ւ 1988 թվականին հրապարակված ՀՀՇ ծրագիրը, ե՛ւ 1993 ու 1996 թվականների արդեն խմբագրված ծրագրային տարբերակները ունեն լուրջ գաղափարական հենք։ Կարծում եմ, որ հենց այդ գաղափարախոսությունը պիտի խորացնենք եւ հասցնենք ժողովրդին։ Կրկնում եմ՝ նրանցում շատ լուրջ խոսք եւ ասելիք կա։ Այդ է պատճառը, որ ես մի փոքր սպասողական վիճակում եմ։ Այն ծրագրերի նախագծերը, որոնք ներկայացվել են, հնարավոր է, որ ամբողջությամբ արտացոլեն մեր գաղափարախոսությունը։ Հնարավոր է նաեւ, որ այդպես չլինի։ Չնայած հարկ եմ համարում ի սկզբանե ասել, որ փոփոխության կարիք չկա։ Այլ հարց է, եթե մենք ելնելով այսօրվա քաղաքական իրավիճակից, ճշգրտեինք ՀՀՇ-ի առաջիկա անելիքները։ Դա միանգամայն տարբեր խնդիր է։ Դա արդեն ոչ թե ծրագրային փոփոխությունների, այլ ՀՀՇ-ի՝ մոտ ապագայում որդեգրելիք մարտավարության հարցն է։ Հենց այդ հիմքերի վրա էլ ես քննարկումներից ձեռնպահ եմ մնում։ Իհարկե, որոշակի փուլից կարող է եւ մասնակցեմ վարչության նիստերին, եթե ծրագիրը հստակ նշմարվի կամ էլ, երբ ՀՀՇ վարչությունը կամ խորհուրդը գա այն կարծիքին, թե փոփոխությունները նպատակահարմար չեն։ Առ այսօր իմ չմասնակցելը մի մասով էլ վարչության վրա ճնշում չգործադրելու նպատակ է հետապնդում (թող լինեն ազատ քննարկումներ, հետո բանաձեւերը պետք է գնան ՀՀՇ խորհուրդ եւ համագումար, որոնց աշխատանքներին արդեն մենք կմասնակցենք)։

-Բայց, պարոն Արարքցյան, չէ՞ որ դուք կարող էիք մասնակցել ՀՀՇ վարչության նիստերին եւ այս ամենը ասել այնտեղ։

– Ես կարծում եմ, որ հիմա ճիշտ է հետեւյալը. թող քննարկումները տեղի ունենան, եւ եթե ինչևոր բան կբյուրեղանա, այդ փուլում մասնակցելն ավելի նպատակահարմար կլինի։ Մյուս կողմից՝ կարծում եմ, քննարկումներն ինչևոր առավելություններ ունեն. դրանք մի քիչ աշխուժացնում են կյանքը։ Քաղաքական գործիչների համեմատաբար երիտասարդ սերունդը ավելի ակտիվ է մտնում այս գործընթացների մեջ։ Ես դա դրական եմ գնահատում։

– Համաձա՞յն եք դուք, որ ՀՀՇ-ն անվանափոխվի եւ «Երրորդ հանրապետություն» դառնա։

– Ես կարծում եմ, որ ՀՀՇ անունը փոխելը նպատակահարմար չէ։ Դա առնչվում է ե՛ւ մեր գաղափարախոսությանը, ե՛ւ մեր վերջին տասը տարվա պատմությանը։ Դա արդեն ինչ-որ սիմվոլ է. միեւնույն է, եթե նույնիսկ անունը փոխենք էլ, ու շատ հաջող մի անվանում էլ գտնեք, մենք էլի ՀՀՇ-ից ենք։ Ես ՀՀՇ-ից եմ, եւ մեր անունը լինելու է հհշական։ Ուզում եք դրան լավ վերաբերվեք, ուզում եք՝ վատ։

– Ըստ էության, դուք խուսափում եք խոսել Արարքցյան-Սիրադեղյան հակասությունների մասին, որոնց պատճառով եւ չեք մասնակցում ՀՀՇ վարչության նիստերին։

– Շատ բնական եմ համարում, որ կարող են տարբեր մոտեցումներ լինել։ Որքան ես տեղյակ եմ, այսօր դեռ քննարկումներ են տեղի ունենում ՀՀՇ ծրագրի եւ անվան փոփոխությունների նպատակահարմարության վերաբերյալ։ Չկա վերջնական եզրակացություն։ Այդպիսի դիրքորոշում կարող է ՀՀՇ խորհրդի առաջարկությամբ միայն համագումարը որդեգրել։ Այսինքն՝ այստեղ չկա Սիրադեղյան-Արարքցյան հակասություն։ Ըստ երեւույթին, միայն մոտեցումների տարբերություն կա որոշակի հարցերի շուրջ։ Ես դա համարում եմ բնական, ինչը հիմնականում կապված է ներկուսակցական կյանքի անցուդարձի հետ։ Ինչպես միշտ, այսօր էլ կուսակցությունը կանգնած է վերադասավորման, եթե ուզում եք իմանալ, խրամատավորման անհրաժեշտության առջեւ։ Այս հարցերի շուրջ հնարավոր են տարբեր մոտեցումներ։ Կարծում եմ՝ այս քննարկումները կնպաստեն, որպեսզի մոտեցումները հստակվեն եւ մենք գանք միասնական որոշման։ Կարծում եմ՝ նման մի որոշման կգանք։

– ՀՀՇ-ի համագումարի անցկացումը, ըստ ձեզ, ե՞րբ է ավելի նպատակահարմար։

– Ես նպատակահարմար եմ համարում, որ ՀՀՇ համագումարն անցկացվի մինչեւ աշուն։ Փետրվարի 4-ից սկսված այս նոր շրջանը, որն ուղեկցվեց ընտրություններով, դեռեւս որոշ ժամանակ պիտի շարունակվի, որպեսզի այս նոր իշխանությունը կարողանա դրսեւորվել։ Այդ ժամանակի լիմիտը սպառվում է աշնանը։ Աշնան սկզբին արդեն, մենք խորհրդարան պետք է գանք հստակված մոտեցումներով, մանավանդ որ դրանից հետո ընտրություններին մնում է ընդամենը մի քանի ամիս։ Վերակազմակերպված ՀՀՇ-ն պետք է հստակ դիրքորոշում ունենա։ Իմ կարծիքով, համագումարը, ամենաուշը, պետք է անցկացնել օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկզբին։

– Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀՇ-ի առաջիկա մարտավարությունը։

– Իմ կարծիքով, ՀՀՇ-ն շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի իր գաղափարախոսությանը։ Ես վերջերս մեկ անգամ եւս կարդացել եմ ՀՀՇ-ի ծրագիրը, չնայած գրեթե անգիր գիտեմ եւ մասնակցել եմ այդ փաստաթղթի մշակման աշխատանքներին։ Ընդհանրապես խորհուրդ կտայի, որ բոլորը մեկ անգամ եւս ծրագիրը կարդային։ Մենք պետք է մեր սկզբունքները ժողովրդին բացատրելու ձեւեր գտնենք, մանավանդ որ, կրկնեմ, առջեւում ընտրություններ են։ Թիվ մեկ խնդիրը սա է։ Երկրորդ խնդիրը՝ ՀՀՇ-ն կուսակցական շինարարության հարցերով պետք է զբաղվի լրջորեն։ Մեկ անգամ եւս տեղերում պետք է վերանայենք մեր կառույցները։ Իհարկե, արտահոսք եղել է, սակայն, կարծում եմ, որ դա նաեւ ՀՀՇ-ի բյուրեղացմանն է նպաստելու։ Մենք պահպանում ենք այն հիմնական կորիզը, որը գաղափարական սկզբունքների հիման վրա է եկել ՀՀՇ եւ ոչ թե ՀՀՇ-ի՝ իշխանության կուսակցություն լինելու պատճառով։

Երրորդ իրողությունը. ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում եւ գիտեմ, որ առկա են ՀՀՇ-ի թարմանալու միտումներ։ Նոր հոսք կլինի դեպի ՀՀՇ։ Դրանք, հիմնականում, մտավորականներ են, գործարարներ, աշխատավորներ, որոնք ՀՀՇ-ի իշխանության եղած ժամանակ մի քիչ հեռու էին պահում իրենց, բայց այսօր ընդունելով ՀՀՇ-ի գաղափարախոսությունը շատ ավելի սերտ համագործակցության են հակված։

– Պրն Արարքցյան, վերջերս փոխադարձ մեղադրանքներով հանդես եկան Հրանտ Բագրատյանն ու Վանո Սիրադեղյանը։ Ձեր նախկին երկու գործընկերները միմյանց ամբաստանեցին մարդասպան եւ հիվանդ լինելու մեջ…

– Ես կարծում եմ, որ այդ տրամաչափի քաղաքական գործիչները, իսկ խոսքս երկու կողմին էլ վերաբերում է, պետք է իրենց խոսքում շատ զգույշ լինեն։ Եթե մեկը մյուսի մասին ունի ասելիք, դա պետք է լինի ապացուցելի։ Իմ կարծիքով, այդ կարգի քաղաքական գործիչները իրենց նման արտահայտություններ չպիտի թույլ տան։ Տվյալ դեպքում ես դեկլարատիվ հայտարարություններից զերծ կմնայի. կա՛մ երկուսի ասածների մեջ էլ կան ապացույցներ, կա՛մ էլ՝ ես դրանք համարում եմ զուտ քաղաքական հայտարարություններ, որոնք, տվյալ դեպքում, չեմ ողջունում։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031