Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՓԱՍՏԵՐ ՈՒՆԻ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԴԵՄ

Հուլիս 07,1998 14:13
Azatutyun kusakcutyun

«Ձեր նպատակն ի՞նչ է։ Մենք մեր պնդումներն արե՞լ ենք։ Դուք ժուռնալիստ եք՝ գնացե՛ք, իրենցի՛ց հարցրեք, կասեն՝ որն է, որը չի։ Եթե փաստարկելու անհրաժեշտություն գտնեինք՝ այստեղ կփաստարկեինք։ Մենք չենք ուզում այդ պատմությունները հանե՜նք, դարձնե՜նք… Ինչքան որ հայտարարել ենք՝ այդքանով բավարարվել ենք։ Մենք միայն ահազանգել ենք»,- մեր զրույցի մի պահի ահա այսպես տեղի տվեցին «Ազատություն» կուսակցության վարչության անդամ Ռոբերտ Նազարյանի նյարդերը, որը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հանձնարարությամբ փորձում էր մանրամասնել ու հիմնավորել «Ազատություն» կուսակցության հունիսի 30-ի հայտարարության որոշ դրույթներ։

Այստեղ նախ նշված էր, թե «Վանիկ Սիրադեղյանը, փնովելով Հրանտ Բագրատյանին, պարզապես բանտից խուսափելու փորձեր է կատարում՝ նկատի ունենալով իր կողմից կազմակերպած մարդասպանությունները»։ Սա բավական պատասխանատու պնդում է եւ անպայման պիտի փաստարկվեր, սակայն, համաձայն ստացված նախնական հանձնարարականի՝ «չխոսել այդ մասին», պարոն Նազարյանը միայն ասաց. «Առայժմ մենք այդքանով ենք սահմանափակվում։ Առայժմ»։ «Չե՞ք կարծում, որ սա անմեղության կանխավարկածի բացահայտ խախտում կարող է գնահատվել» հարցին ի պատասխան էլ ասաց. «Ես կարծում եմ՝ ո՛չ, որովհետեւ, ինչպես ասում են, «առանց կրակի ծուխ չի լինում»։

Այնուամենայնիվ, եթե դատախազությունը պահանջի հիմնավորել այս հայտարարությունը, ունի՞ արդյոք «Ազատություն» կուսակցությունը համապատասխան փաստեր։ «Անշուշտ»,- պատասխանեց Ռոբերտ Նազարյանը։ Ինչեւէ։

«Ազատության» հայտարարության մեջ պարունակվող այլ պնդումներից է, որ Վանո Սիրադեղյանն «Արարատ» գինու «կոմբինատի մի մասը, բառի բուն իմաստով, կերել է Սամվել Սեւադայի հետ»։ Պարոն Նազարյանին խնդրեցինք մասնավորեցնել, թե խոսքն ինչի՞ մասին է. «Հիմնականում գույքի մասին է»,- ասաց նա:

Իսկ «նրա շրջապատը տիրում է զովացուցիչ ջրերի եւ հյութերի արտադրության շուկային» պնդման բացատրությունը հետեւյալն էր. «Խոսքը «Սիլ եւ Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին է, որը ղեկավարում են հայտնի Սուքիասյանները, որոնք բարեկամական սերտ կապերի մեջ են Վանո Սիրադեղյանի հետ»։

Ըստ էության, հենց նրանց էին վերաբերում հայտարարության այն պնդումները, թե «Երեւանում քաղաքապետերի կողմից տասնյակ հին գեղեցիկ օբյեկտներ, ամբողջ այգիներ, բազմաթիվ տարածություններ ձրիաբար տրամադրվել են ձեր (Վանո Սիրադեղյանի – Ա.Ի.) կողմից հովանավորվող մանկլավիկներին»։ «100-ավոր օրինակներ ունենք, բայց մի երկուսը Ձեզ կտրամադրենք»,- ասում էր Հրանտ Բագրատյանը։ Ի դեպ, նա ինձ նախապես ցույց տվեց այն փաստաթղթերի կրկնօրինակները, որոնց մասին հետո պիտի ասեր Ռոբերտ Նազարյանը. «Այրարատ» կինոթատրոնի դիմացից մինչեւ նախկին «Կռունկ» ռեստորանը՝ Օղակաձեւ զբոսայգու այդ հատվածը տրված էր այս ընկերությանը, որպեսզի այնտեղ (ինչպես նշված էր Երեւանի քաղաքային խորհրդի որոշման մեջ) մանկական ատրակցիոններ լինեին, պետք է այնտեղ զբոսայգի կառուցվեր։ Սակայն այդ տեղամասն օգտագործվեց հայտնի սրճարանի եւ պաղպաղակի կրպակների համար միայն։ Ուրիշ ոչ մի բան չի կառուցվել այնտեղ։

Խնդրեցինք ճշտել, թե երբ է կատարվել այդ հատկացումը. «Հատկացումը տեղի էր ունեցել 1995-ին,- պատասխանեց պարոն Նազարյանը,- բնական է, քաղաքային խորհրդի գործկոմը շահագրգիռ է եղել այդ հարցը լուծելու համար»։ Այդ ժամանակ քաղաքապետը Վահագն Խաչատրյանն էր։ Նա ի՞նչ շահ է ունեցել. «Նկատի ունենք, որ Վանո Սիրադեղյանի բարեկամի համար էր արվում դա, եւ քաղաքապետարանը շահ ուներ այդ հատկացումն անելու,- պատասխանեց պրն Նազարյանը։- Միանգամից, առանց նախապատրաստման, առանց քաղաքաշինության պլանները եւ գլխավոր հատակագիծը նկատի ունենալու՝ ինչ ասես թույլ տվեց»։

Սակայն վարչապետը 1995-ին Հրանտ Բագրատյանն էր. որն, այնուամենայնիվ, չէր ընդդիմացել այդ հատկացմանը. «Դա քաղաքի վարույթի գործ էր։ Վարչապետը կարող էր չնկատել, չտեսնել, նրան շրջանցել էին։ Եվ այդ ի՞նչ մի բան էր, որ: Քաղաքը հազար ու մի հատկացումներ է անում, չէ՞»,- այս էր «Ազատության» ներկայացուցչի պատասխանը։

Վահագն Խաչատրյանը, որի հետ զրուցեցինք այս փաստերի մասին…

Պատմեց, որ քաղաքապետարանի բոլոր նիստերին կառավարության ներկայացուցիչն էլ էր մասնակցում, եւ գրեթե բացառվում էր վարչապետի անիրազեկությունը։ Հետո այս հատկացումը բավական աղմուկ էր հանել եւ անգամ ՀՀՇ վարչության նիստում էր քննարկվել։ Ասենք, Արա Սահակյանը Վահագն Խաչատրյանին մեղադրել էր մենաշնորհներ ստեղծելու մեջ, իսկ նա պատասխանել էր, թե թող ինքն էլ որեւէ գործարարի առաջարկի, որ նա մի այգի պահի՝ նրան էլ հատկացում կարվի։ «Նվիրելու մասին որեւէ խոսք չի եղել։ Այստեղ Վանո Սիրադեղյանը որեւէ դեր չի խաղացել։ Եվ ընդհանրապես, մինչեւ հայտարարություն անելը՝ խորհուրդ կտայի, որ խորանան հարցի մեջ,- ասաց Վահագն Խաչատրյանը։

-Արդեն 1994-ից պետական բյուջեում Երեւանի կանաչ տարածքների սպասարկման համար գումարները նվազագույնի էին հասցվել։ Եվ այդ գումարները կբավարարեին միայն տարվա ընթացքում 1-2 անգամ այդ կանաչ տարածքները ջրելուն։ Մենք փորձում էինք փրկել դրանք, եւ եթե Երեւանի կենտրոնական մասում իսկապես այդ զբոսայգիները պահպանվեցին՝ եւ ոչ միայն այդ տարածքում, այդ որոշման շնորհիվ էր։ Փորձում էինք մասնավոր անձանց գտնել, նրանց որոշակի պայմաններով ու սահմանափակումներով այգիները վարձակալության էինք տալիս։ Ոչ մեկին չենք նվիրել կամ սեփական օգտագործման տվել։

Ցավոք, ինձնից հետո Վանո Սիրադեղյանը, երեւի գուշակելով կամ հասկանալով, որ իր հասցեին նման մեղադրանքներ կհնչեն՝ քաղխորհրդի գործկոմի այդ որոշումների վերաբերյալ կառավարությանն առաջարկություն ներկայացրեց, եւ այդ որոշումների գործունեությունը կառավարությունը կասեցրեց։ Եվ այդ պատճառով չկառուցվեց այդ մանկական զբոսայգին, որ ուզում էինք կառուցել։ Հիշեցման կարգով ասեմ, որ այնտեղ շատ տեղեր ուղղակի մեռած էին, եւ այսօր սրճարաններ, կանաչ գոտիներ կան։ Այնտեղ նույնիսկ լճեր կային, որոնք 5-6 տարի չէին աշխատել (այսօր այդ տեղում եկեղեցի է կառուցվում), բայց նավակներ հայտնվեցին եւ այլն։ Այսինքն՝ դրական աշխատանք սկսվել էր, բայց հետո թացը չորի հետ խառնվեց։ (Վանո Սիրադեղյանի քաղաքապետության օրոք այս որոշումը չեղյալ համարելու փաստին Ռոբերտ Նազարյանն էլ էր անդրադարձել, բայց նախ նշել էր, որ այդ կառույցներն, այնուամենայնիվ, չէին օտարվել, վտարվել, եւ թույլ էր տվել շարունակել այդ օբյեկտների գործունեությունը – Ա.Ի.)։ Ծրագիր կար, եւ եթե Բագրատյանին կամ որեւէ մեկին այդ որոշումը հետաքրքրում է՝ կարող ենք այն մանրամասն քննարկել։ Որեւէ այլ նպատակ չի եղել, բացի նրանից, որ այդ կանաչ տարածքը պահպանվի եւ իսկապես զբոսայգի դառնա»։

Հաջորդ փաստը, որ «Ազատության» ներկայացուցիչը մեջբերել էր իբրեւ ապացույց, որ Վանո Սիրադեղյանը «տասնյակ օբյեկտներ է հենց այնպես նվիրել (եւ ոչ թե սեփականաշնորհել) իր հարազատներին»՝ էլի Վահագն Խաչատրյանի քաղաքապետ եղած ժամանակ էր կատարվել, «Մանկական աշխարհի» մոտի գրախանութը։ Այդ մի օրինակն եմ ասում, մնացածները պետք չի։ Նույն Սուքիասյաններին նվիրվեց»,- ասաց Ռոբերտ Նազարյանը։

Երեւանի ամենահին գրախանութը «SIL PLAZA»-ի վերափոխելու պատմությունը նախկին քաղաքապետն այսպես ներկայացրեց. «Եթե հիշում եք, այդ գրախանութն ավելի վաղ էր քանդվել եւ դրա փոխարեն, իսկապես, պիտի նորը կառուցվեր։ Բայց 1988-ից հետո այդ գործընթացը կանգնեցվեց եւ, ըստ էության, այնպես ստացվեց, որ 1992-ի դրությամբ այնտեղ աղբանոց էր դարձել։ Նույնիսկ մեկ-երկու անգամ հրդեհ էր բռնկվել եւ որոշակի խնդիրներ ունեինք շրջապատի բնակչության հետ էլ։ Պիտի ձեւը գտնեինք՝ ինչ անել։ Որոշեցինք վարձակալության տալ, որ կառուցեն ու հետագայում էլ շահագործելու իրավունք ստանան։

Ինչ վերաբերում է նրան, թե հին շենք է՝ առավել եւս, մենք վերականգնել ենք պատմական արժեքը եւ պահպանել այն։ Եթե հիշում եք՝ գրախանութի քարերի գույնը սեւ էր, բայց իրականում այն գույնն է եղել, ինչ այսօր կա։ «Ձորագյուղ» ազգագրական կենտրոնի տնօրեն Արշակ Ղազարյանն էր աշխատել այդ նախագծի վրա։ Երեւանում նման ձեւով վաղուց շինարարություն չէր եղել՝ հատ-հատ, շինարարական հին եղանակով էին քարերը դրվում։ Մի գեղեցիկ նախագիծ էր, որ մենք մտածել էինք ոչ միայն այդ տեղի համար։ Այլ ընդհանրապես՝ ամբողջ այդ թաղամասն էինք պատրաստվում այդպես կառուցել՝ գտնել մարդկանց, որոնք այդ շենքերը մեզնից վարձակալության կվերցնեին ու կկառուցեին մեր նախագծերով։ Ի դեպ, բացի այս ամենը, զուտ վարձակալության համար քաղաքային ու պետական բյուջե նաեւ գումարներ են մտել, որոնք կարող եք փաստաթղթերով ստուգել։

Որեւէ վատ բան ես այս ամենում չեմ տեսնում։ Եթե քաղաքային իշխանություններն այսօր էլ շարունակեն այդ պրակտիկան՝ կարող ենք իսկապես վերականգնել քաղաքի կենտրոնը։ Ուրիշ ձեւ չկա»։ Վանո Սիրադեղյանին վերաբերվող փաստերն ընդամենն այսքանն էին։ «Ազատություն» կուսակցության հայտարարության մեկ այլ ստվար հատված վերաբերում էր Դաշնակցությանը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ.Գ. «Առավոտի» վաղվա համարում կարող եք կարդալ, թե ինչպես է «Ազատությունը» հիմնավորում իր այդ պնդումները, եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի պարզաբանումներն այս առնչությամբ։ Ի դեպ, այս հրապարակումը «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության հուլիսի 5-ի ծրագրով հնչած հաղորդման թերթային տարբերակն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031