Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի ընկեր Մակարյանը

Հուլիս 07,1998 15:11
maqsayin

ԱԺ նիստերի դահլիճում ներկա մի քանի պատգամավորները, հյուրերը եւ մենք՝ լրագրողներս, անհամբեր սպասում էինք Մաքսային վարչության պետ Միքայել Մակարյանի ելույթին (ի դեպ, չար լեզուները նրա ելույթի տեքստի ոճը բարձրաստիճան մի պաշտոնյայի ոճին խիստ նմանեցրին):

Մինչ տեքստի ընթերցումը՝ պրն Մակարյանը ներկաների տարակուսած հայացքների ներքո ասաց, որ հարցերի պատասխանները կտա իր տեղակալ Բախշյանը, եւ եթե «ոչ լիարժեք պատասխաններ լինեն, ես այստեղ եմ, կպատասխանեմ»։ Բայց, ավա՜ղ, պրն Մակարյանը ինքը ստիպված եղավ պատասխանել պատգամավորների հարցերին՝ տեքստի շատ արագ եւ ոչ այնքան սահուն ընթերցանությունից հետո։ Վահագն Խաչատրյանն անչափ հետաքրքրվում էր ՄՎ պետի անցյալով եւ կրթությամբ։

Տեղեկանք. Ծնվել է 1962 թվին, ավարտել է Զորյանի անվան թիվ 56 դպրոցը, սովորել է Մոսկվայի ֆինանսատնտեսական ինստիտուտում, ՍՍՀՄ չեմպիոն է դասական ըմբշամարտի գծով, ամուսնացած է, ունի 2 երեխա, «իսկ ընտանիքով՝ չորս տղա ենք»։

Հարցուպատասխանը ինչպես որ է

Պրն Խաչատրյանի հաջորդ հարցը վերաբերում էր մաքսային վարչության վրա դրված ֆինանսական պարտավորությունները փակելու համար բանկերից վարկեր վերցնելուն։

– Դա թյուրիմացություն ա, որ մաքսային վարչությունը վարկ վերցնի ու սեփական բյուջեն փակի։ Սա կանխավճար հասկացողությունն է, որ վերցված է եղել հունիսի 1-ի դրությամբ։ Բանկից վարկ չի եղել 6 տարվա ընթացքում։

– Դուք ունե՞ք ամսական պլաններ կառավարության կամ ֆինանսների նախարարության կողմից հաստատված՝ այս տարի կամ այս եռամսյակ պետք է հավաքեք այսքան գումար։

– Այո՛։

– Հունիսին ինչքա՞ն է եղել։

– 5 մլրդ 500 միլիոն, որից կատարվել է 4,5 միլիարդը, էսպես կոչված կանխավճարները, երբ որ փետրվարի 16-ին ես ընդունվեցի, այսինքն՝ ինձ նշանակեցին ՄՎ պետ, էդ ժամանակ կանխավճարը եղել է միլիարդ 200 միլիոն։ Ամսի 1-ի դրությամբ ոչ մի կանխավճար չկա այլեւս։

– Մաքսային կետերում մաքսավորների հետ հարկային մարմինների աշխատակիցներ կա՞ն, թե՞ ոչ (այս հարցը կրկնվեց, որ լավ հասկացվի – Լ. Ա.)։

– Այո՛։ Ուրեմն, կան պրոբլեմներ։ Ուրեմն, հարկայինը բարձրացրեց հարցը, որ իրենք ստանում են ամիսը մեկ, այսինքն, տեղեկատվությունը՝ ֆիզիկական եւ իրավաբանական հարցերի։ Կառավարության որոշմամբ որոշվեց, որ հարկային ներկայացուցիչները լինեն մաքսային գոտում՝ նրանց օրական տեղեկատվությունը վերցնելու համար։

– Քանի՞ մաքսային պահեստ կա Հայաստանում, եւ ինչ սկզբունքով են դրանք տրվում։

– Ունենք մաքսային 7 պահեստ, որի հետ պայմանագիր ունի կնքած մաքսային վարչությունը 2-ի հետ։ Իսկ էդ նկատառումները՝ ստեղծել մաքսային պահեստ հասկացողությունը, այս ամիս մենք կիրագործենք, որովհետեւ պրն Բախշյանը շատ հանդիպումներ է ունեցել։

– Երեւանում քանի՞ նման պահեստ կա եւ որոնք են։

– Էս հարցին կպատասխանի պրն Բախշյանը. իրա մոտ գրած ա։

(Բախշյան) – Մաքսային վարչության հետ պայմանագիր ունեն «Ուրարտուն» եւ «Ավտոտրանսսերվիսը» («Ուրարտուն», ի դեպ, վարչապետ Արմեն Դարբինյանի հոր տնօրինած մսի կոմբինատի տարածքն է – Լ. Ա.)։ Իրականում՝ որպես ժամանակավոր ապրանքախմբերի հավաքատեղի, գործում են 3 մաքսային պահեստ՝ «Էրեբունին»՝ Արգավանդում, «Արմէքսպոն», որտեղ դրոշմավորումն է իրականացվում, եւ «Ուրարտուն»։

– ՀՀ-ն մեծ խնդիրներ ունի ԱՊՀ երկրների հետ՝ հատկապես մաքսային ընդհանուր գոտու ստեղծման խնդիրներում։ Ես տեղյակ եմ, որ մենք մինչեւ հիմա այդ համաձայնագիրը չենք ստորագրել։ Որո՞նք են ձեր մոտեցումները։

– Ուրեմն, Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ մաքսային վարչությունը, հծթևի, այսինքն՝ ԱՊՀ երկրների հանձնաժողովը…

– Հանձնաժողով չէ, համաձայնագիր է։

– Այո՛, այդ համաձայնագրի անդամ է։

– Մենք չենք ստորագրել, չէ՛ (Վահագն Խաչատրյանի նյարդերը տեղի էին տալիս)։

– Մաքսային միության մեջ չե՜նք, բայց հանդիպումը պետք է լինի սեպտեմբերին, այդ միության ստեղծմանը։

– Մենք դառնալո՞ւ ենք միության անդամ, թե՞ ոչ։ Քաղաքականությունը ո՞րն է։

– Քաղաքականությունը՝ այո՛։

– Կան հսկիչ գներ եւ կողմնորոշիչ գներ։ Ձեր մոտեցումները՝ ո՞րն է օրենքով, որը՝ ոչ։

– Ես ասացի գործարարներին։ Ես ուզում եմ ցույց տալ մի հատ փաստաթուղթ, եւ հիմնավորված։ (Պրն Մակարյանը դահլիճին հեռվից մի թուղթ ցույց տվեց. հեռավորության վրա առհասարակ բան չէր երեւում, իսկ երբ սկսեց ներկայացնել, որ, ահա, այս կանաչ գիծը սա է ասում, այս դեղինը՝ սա, դահլիճը լրիվ շփոթվեց)։

– Դուք որեւէ մեկ անգամ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողով ներկայացրե՞լ եք հարց հսկիչ գների մասին։

– Ոչ։

– Այսինքն՝ կողմնորոշիչ գին ասվածը ձե՞ր ինքնագործունեության հետեւանք է։

– Ուրեմն խնդրում եմ, հարցը տվեք մինչեւ վերջ ու վերջացնենք։

– Որեւէ փաստաթուղթ կառավարության կամ ֆին. նախարարության կողմից հաստատված կա՞ այդ հսկիչ գների վերաբերյալ։

– Ոչ։

Գագիկ Պողոսյան՝ համ մեխին, համ նալին

Կառավարության վերահսկողության ծառայության ներկայիս ղեկավար, պատգամավոր, նախկինում՝ Արարատյան տարածաշրջանի մաքսային ծառայության պետ Գագիկ Պողոսյանը պրն Եղիազարյանից նախ փորձեց ճշտել՝ «Հիմա սա մաքսային ղեկավարության մեղքն ա՞, թե՞ համակարգի»։ Բնականաբար ստացավ՝ «համակարգի» պատասխանը։ Իսկ՝ ինչո՞ւ եք այս լսումները նոր անցկացնում եւ ոչ թե մի 4 տարի առաջ, պրն Եղիազարյանն էլ, թե՝ «Դե, հա՛, հարցն այն ժամանակ չենք բարձրացրել, հիմա ենք բարձրացնում։ Եթե մարդը 40 տարեկանում է ամուսնանում, պիտի էլի մեղադրե՞նք, թե խի ուշ ամուսնացար»։ Պրն Պողոսյանը էլի մի շարք հարցեր տվեց, որոնց Արմեն Եղիազարյանը մի քիչ նեղսրտած էր պատասխանում։ Երջանիկ Աբգարյանն էլ նկատեց, որ պրն Պողոսյանը «դատախազի կեցվածք է ընդունել»։ Ընդմիջումներն, ի դեպ, պրն Պողոսյանը նախընտրում էր անցկացնել ՄՎ պետի հետ։

Երջանիկ Աբգարյանի ապերջանիկ րոպեները

– Ես նպատակ չունեի ձեզ հարց տալու, բայց ոնց որ խառնվեցինք քաղաքականությանը։ Դուք ձեզ քաղաքական գործիչ համարո՞ւմ եք։ Դուք ձեզ ուժեղ տնտեսագետ եք զգում եւ մոտավորապես հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է այն հետեւանքը, որը մաքսային միության մեջ մտնելը կարող է տալ։

– Որպես քաղաքական գործիչ ես ինձ չեմ կարող համարել որպես քաղաքական գործիչ, բայց կաշխատեմ նմանվել։ Իսկ տնտեսագե՜տ, ես լավ տնտեսագետ եմ. կարող եմ լավ մեկնաբանել տնտեսագիտությունը։ Իսկ որպես ԱՊՀ երկրների միացման համար մեր էսօրվա քաղաքականությունը, այսինքն՝ բյուջեի համալրման եւ պլանների կատարման համար հիմա դեռ շուտ է, որը որ պետք է, այսինքն, պայմանագիրը կնքվի մյուս տարի՝ եկող տարիների համար։ Առկա դրությամբ՝ շատ շուտ է։

Ճիշտ հասկանանք

Պարոն Մակարյանին անթիվ-անհամար մասնագիտական եւ հարակից այլ հարցեր տրվեցին, որոնց չեմ անդրադառնում, քանի որ լուրջ պատասխաններ, ըստ էության, չեղան։ Կոնկրետ թվեր եւ փաստեր պրն Մակարյանը ձեռքի տակ չուներ («ես չգիտեի, որ այդ հարցն էլ եք տալու»), իսկ հաճախ էլ իր տեղակալներին էր վկայակոչում («Բա որ ես պիտի ամեն բան իմանամ, էս տեղակալներին խի եմ պահում»)։
Մի խոսքով, նման «փայլուն» նիստի դեռ ներկա չէի գտնվել։ Չորեքշաբթին խոստանում է ավելի փայլուն լինել. այդ օրը լսումները շարունակվելու են։

Պարոն Մակարյանի խոսքը «ասնավանի» չէ

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար պրն Սանդոյանից փորձեցի ճշտել, թե, իրո՞ք, ՄՎ-ի պետի այն հայտարարությունը ԱԺ-ում, թե իրենք, այո՛, գործարարներից կանխավճարներ են գանձել այդ գործողությունը համաձայնեցնելով իրենց նախարարության հետ, ուր եւ հետագայում ուղարկել են ֆինանսական հաշվետվություն։ Ստացա հետեւյալ պատասխանը.

– Չէ՛, եկեք էսպես պայմանավորվենք. չգիտեմ՝ պարոն Մակարյանն ի՜նչ է ասել… Եթե՝ ուզում եք, այո, նրա խոսքը հիմք չեմ ընդունում, բայց դժվար թե նա նման խոսք ասած լինի։ Այս երեւույթը այսօր կանոնակարգված չէ։ Մենք սա համարում ենք խիստ բացասական երեւույթ։ Այսօր մաքսային վարչության խոշոր նվաճումներից մեկն այն է, որ նրանք այս խնդիրը լուծել են (իսկ ՄՎ պետը ամբիոնից ճիշտ հակառակն էր ասում – Լ. Ա.)։ Ես ինքս անձամբ առաջիկայում արգելելու եմ կանխավճարները։

Անկեղծ ասած՝ դժվար է հիմք ընդունել նաեւ պրն Սանդոյանի մի քիչ հակասական մտքերը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031