Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՊԱՀԻ ՎԵՐԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ

Հուլիս 30,1998 00:00
Hermine Naxdalyan

Դեռեւս մեկ ամիս առաջ արդեն տեսակետներ էին հնչում, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության 100-րդ օրվանից հետո ընտրություններում նրան զորակցած «Արդարություն եւ միասնություն» համագործակցությունը կփլուզվի։ Տարբեր կանխատեսումներ կային իհարկե, որոնցում գույները կամ մգանում էին կամ էլ պայծառանում, բայց, ըստ էության, չէր կատարվում որեւէ գործնական քայլ։ Այդ շրջանակում առաջին դրսեւորումն արձանագրվեց անցած երկուշաբթի, երբ ռամկավար-ազատական կուսակցության ներկայացուցիչ Համլետ Դալլաքյանը հարկ համարեց ընդգծել, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ Երկրապահ կամավորականների ներկայացուցիչները չեն մասնակցել «Արդարություն եւ միասնություն» համագործակցության հերթական նիստին։

«Արդարություն եւ միասնություն» համագործակցությունում երկրապահների ներկայացուցիչն Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանն է, որը եւ չզլացավ որոշակի պարզաբանումներ անել. «Ես չեմ մասնակցել ընդամենը վերջին մեկ նիստին, իսկ դա պայմանավորված է նրանով, որ Քաղաքական խորհուրդը կուսակցությունների ներկայացուցիչներով համալրվելուց հետո պետք է սկսի աշխատել»։ Միջանկյալ նշենք, որ սա արդեն նոր երանգ է հայաստանյան քաղաքական զարգացումներում։ Դեռեւս ոչ մի կազմակերպություն հրապարակավ չի հայտարարել, թե Քաղաքական խորհրդի ստեղծումով որոշակի վերապահումներ են արվում «Արդարություն եւ միասնություն» համագործակցությանը. «ՔԽ-ն, բնականաբար, ավելի մեծ ու լայն ֆորմատի կազմակերպություն է, եւ եթե խոսքը ազգային համագործակցության կամ համազգային խորհրդատվությունների մասին է, ապա այդ իմաստով Քաղաքական խորհուրդն ավելի ներկայանալի է, քան ԱՄՀ-ն»,- ասաց երկրապահների ներկայացուցիչը։ Այսքանից հետո տիկին Նաղդալյանը հարկ համարեց հիշեցնել, թե ինչ նպատակով է ստեղծվել «Արդարություն եւ միասնություն» համագործակցությունը։

Այդ դաշինքում պարզապես համախմբվել էին Ռոբերտ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերը, բայց այսօր հիմքեր են ստեղծվում շատ ավելի բարձր որակի համագործակցության համար։ ՔԽ-ն, ըստ երեւույթին, ինչպես տիկին Նաղդալյանը մատուցեց, օժտված կլինի ավելի մեծ լայնախոհությամբ։ Մեր զրուցակիցը, դրանով հանդերձ, չհամաձայնեց հարցի արմատական դրվածքին՝ արդյո՞ք Քաղաքական խորհրդի ստեղծումով Երկրապահն այլեւս նպատակահարմար չի համարում գործունեությունը «Արդարություն եւ միասնության» շրջանակներում։ Ոչ՝ համարում է, չկա նման որոշում։ Իսկ որ հայտարարվել է, թե անկախ երկրապահների վարքագծից, ԱՄՀ-ն, ըստ երեւույթին, կընդարձակվի՝ համալրվելով եւս յոթ տասնյակ կազմակերպություններով, տիկին Նաղդալյանն անդրադարձավ հետեւյալ կերպ. «ԱՄՀ-ն ինքը, չի եղել կանոնակարգված կազմակերպություն եւ ընդամենը վերջին ամիսներին է փորձել մի փոքր ձեւավորվել, կայանալ»։ Բոլոր դեպքերում, Երկրապահը շարունակելու է անդամակցել «Արդարություն եւ միասնություն» համագործակցությանը, քանի դեռ այդ դաշինքը գոյություն կունենա. «Չնայած, կարծում եմ, ԱՄՀ-ն թե իր առջեւ դրված խնդիրները, թե իր գործելակերպը, եւ թե իր ազդեցության ոլորտները պիտի կարողանար արդեն ձեւավորած լինել։ Բոլոր դեպքերում, գործը մի քիչ դանդաղ է առաջ շարժվում եւ արդյունքն առանձնապես չի երեւում»։

Դրա կողքին, համենայնդեպս, մատնանշվեցին նաեւ համագործակցության ձեռքբերումները։ Դա, առաջին հերթին, Ռոբերտ Քոչարյանի ընտրությունն է Հայաստանի նախագահի պաշտոնում եւ երկրորդը՝ Քաղաքական խորհրդի կազմավորումը։ Ի դեպ, ինչպես մատուցեց Հերմինե Նաղդալյանը, «Արդարություն եւ միասնություն» համագործակցությունն ընտրություններից հետո էլ ի զորու եղավ պահպանել իր դաշինքային հիմքը, ինչը եւս կարելի է ձեռքբերում համարել։ Բոլորիս աչքի առջեւ է նախորդ տարբեր դաշինքների փորձը, որոնք, տիկին Նաղդալյանի խոսքերով, փլվեցին թղթե տնակների պես։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031