Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԵՏԱՄՈՒՏ

Սեպտեմբեր 04,1998 00:00
Kim Balayan

Սեպտեմբերի 2-րդ տասնօրյակի ընթացքում տեղի կունենան ՀՅԴ Հայաստանյան մարզային կառույցների հերթական ժողովները։ Երեւանի դաշնակցական Կենտրոնական կոմիտեի որոշմամբ, որի ներկայացուցիչն է Կիմ Բալայանը, ՀՅԴ մարզային ժողովը կսկսվի սեպտեմբերի 15-ին: Այդ կապակցությամբ մեր թղթակիցը զրույց ունեցավ մայրաքաղաքի դաշնակցականների առաջնորդի հետ։

-Երեւանի մարզային հաշվետու-ընտրական ժողովի օրը վաղուց է նշանակված։ Առաջին հերթին կհրապարակվի մարզային կոմիտեի տեղեկագիրը, որի շուրջ եւ կծավալվի քննարկում։ Կարծում եմ, որ ժողովն ամենայն խորությամբ կանդրադառնա նաեւ առաջիկա երկու տարիների ընթացքում մեր անելիքներին, եւ բացի այդ, կձեւավորվի նոր մարզային կոմիտե։ Սա է հիմնականը, սակայն այսօր դեռեւս անհնար է կանխատեսել, թե այս ամենի կողքին էլ ինչպիսի հարցադրումներ եւ ինչպիսի լուծումներ կլինեն։

Բոլոր դեպքերում, Երեւանի մարզային կազմակերպությունն իր երկու տարվա գործունեության ծրագիրը մշակելու է Գերագույն ժողովի կայացրած որոշումների հիման վրա։ Պետք է արձանագրենք, որ սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակն այսօր միանշանակ բնութագրումներով չի բնորոշվում։ Կարծես թե հստակություն չկա ներքին քաղաքականության մեջ, ինչից մենք՝ դաշնակցականներս, նույնպես անհանգստացած ենք։ Պաշտպանելով Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագիրը՝ առայսօր չենք տեսել դրա իրացման ռեալ հնարավորությունները։ Կարծում եմ, որ մարզային ժողովը կարեւորագույն քայլ կլինի այդ առումով, որպեսզի ՀՅԴ-ն, որպես ժողովրդի կուսակցություն, ներկայացնի իր մտահոգությունները եւ կմշակի կազմակերպական որոշակի ծրագիր՝ առկա վիճակից դուրս գալու համար։

-Պարոն Բալայան, չէի՞ք մասնավորեցնի, թե դաշնակցական շարքերն ի՞նչ դժգոհություններ ու վերապահություններ ունեն ուղղված առ Ռոբերտ Քոչարյանը, չէ՞ որ ՀՅԴ-ն, բոլոր դեպքերում, պատասխանատվություն կրում է ե՛ւ նախագահի սայթաքումների, ե՛ւ ձեռքբերումների համար, որոնք կարծես թե չեն երեւում։

-Իհարկե, Դաշնակցությունը պատասխանատվություն կրում է եւ չի խուսափում դրանից։ Մենք պատասխանատվությունից չենք խուսափել նաեւ այն ժամանակ, երբ ընդդիմադիր էինք։ Այդ դիրքերում էլ պարտավոր էինք ժողովրդի ձայնը տեղ հասցնել, ինչն այսօր էլ շարունակվում է։ Ցավոք, պետք է ասել, մենք նույնպես նկատում ենք, որ կառավարությունը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ծրագիրն է իրականացնում, որը մենք պաշտպանել ենք եւ որի համար ժողովուրդը ձայն է տվել թեկնածուին՝ հաշվի առնելով նաեւ դաշնակցության քարոզիչների, կուսակցության կոչը Ռոբերտ Քոչարյանին ընտրելու վերաբերյալ, այլ՝ միանգամայն այլ ծրագրեր, որոնք տանում են դեպի վայրենի լիբերալիզմ։ Այսօր այդ մտավախությունները մենք ունենք եւ, այդ հիմքերից ելնելով էլ, կառավարության ուշադրությունը պետք է հրավիրենք Ռոբերտ Քոչարյանի ծրագիրն իրականացնելու անհրաժեշտության վրա։

ՀՅԴ-ն եղել է ընկերվարական կուսակցություն, մնում է այդպիսին եւ որեւէ փոփոխություն ծրագրի մեջ այդ ուղղությամբ չի կատարվել ու չի էլ կարող կատարվել։ Եվ հայ ժողովրդին, եւ ողջ աշխարհին Դաշնակցությունը հայտնի է երկու հիմնական սկզբունքներով՝ իր ազգային գաղափարախոսությամբ եւ սոցիալիստական ուղղվածությամբ։ Իհարկե, մտահոգիչ երեւույթներ նկատում ենք, բայց չենք կարող ասել, թե սխալներ արդեն բավականին կան, իսկ հաջողություններ՝ ոչ։ Միանշանակ կարող եմ պնդել, որ արտաքին քաղաքականության բնագավառում դիրքորոշումները բավականին հստակ են, որոնք սկզբունքորեն տարբերվում են նախկին նախագահի ներկայացրած տեսակետներից։

Ներքին քաղաքականության մեջ անմիջապես արդյունքներ ակնկալելը ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ ներքին քաղաքականության ծրագիրը դեռ պետք է մշակվի։ Առանց որեւէ այլեւայլության կարելի է ասել, որ այսօր ներքին քաղաքականության ծրագիր գոյություն չունի։ Կարծում եմ նաեւ, որ պետք է սպասումներ ունենանք նախագահի կողմից ստեղծված Քաղաքական խորհրդից, որը կարեւոր դերակատարություն պետք է ունենա ներքին քաղաքականության խնդիրների մեջ։ Հանրապետությունում պետք է ստեղծվի ազգային համերաշխության մթնոլորտ, եւ բոլոր կուսակցությունները պետք է իրենց դերն ունենան հանրապետությունում բարեփոխումների իրականացման գործում։

-Պարոն Բալայան, ճիշտ է, որ ՀՅԴ վերջերս ավարտված Գերագույն ժողովում Գերագույն մարմնի գործունեության քննադատությամբ հանդես են եկել հատկապես Երեւանի կոմիտեությունները։

-Պետք է ասեմ, որ Գերագույն մարմնի երկու տարվա կատարած աշխատանքի մեջ ե՛ւ Երեւանի մարզային կոմիտեն իր որոշմամբ, ե՛ւ առանձին կոմիտեություններ, բազմաթիվ հարցերի վերաբերյալ նաեւ դրական տեսակետներ են հայտնել։ Օրինակ՝ ինչպես կարող ենք ասել, թե 1996-ի նախագահական ընտրություններում Գերագույն մարմինը ճիշտ դիրքորոշում չի ունեցել։ Իրոք, որ ժողովրդի հետ ձեռք-ձեռքի մենք կարողացել ենք ընտրություններ անցկացնել։ Խախտումներ շատ են եղել, արդյունքները կեղծվել են, բայց մենք դա դիտում ենք իբրեւ ձեռքբերում։ Ամբողջ աշխարհն ու Հայաստանը համոզվեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ընտրվել։ Կարելի է ասել, որ նրան բռնությամբ նստեցրին այդ աթոռին։ Եվ եթե հետագայում ՀՅԴ գաղափարական գործունեությունը չլիներ այս ուղղությամբ, բնական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին չէինք կարող հասնել։ Հետեւաբար, ոչ ոք միանշանակ բացասական գնահատական չի տվել ՀՅԴ ԳՄ գործունեությանը։

-Բայց չէ՞ որ «Առավոտն» էլ գրեց՝ մի քանի կոմիտեություններ ԳՄ-ին «երկուս» էին նշանակել։

-Այլ բան է, որ առանձին հարցերի կապակցությամբ քննադատություն է հնչել եւ պետք է որ այդպես լիներ։ Կարծում եմ, որ դա շատ նորմալ է, երբ կուսակցության Գերագույն մարմնի հաշվետվության մեջ մենք արձանագրում ենք քննադատելի տեղեր եւ ասում ենք մեր խոսքը։ Վստահաբար ասում եմ՝ Գերագույն ժողովը ճիշտ ընթացք է ունեցել, որի վառ արտահայտություններից մեկն էլ մեր ընդունած հայտարարության տեքստն է, ուր դժգոհություն է արտահայտված նաեւ կառավարության կողմից իրականացվող կադրային քաղաքականության նկատմամբ։ Կարծես թե իրավապահ մարմինների գործունեության մեջ էլ որեւէ շրջադարձային փոփոխություն չի նկատվում։

Պետք է ասեմ, որ քննադատություն է եղել նաեւ, թե ինչու Դաշնակցության ներկայացուցիչ նախարարները պետք է իրենց անդամությունը կասեցնեն, իսկ մյուս կուսակցությունների անդամները՝ ոչ։ Աբսուրդ է ստացվում։ Ռոլանդ Շառոյանը՝ որպես նախարար, սառեցրել է իր անդամությունը, իսկ նրա տեղակալ Արամ Մանուկյանը ՀՀՇ վարչության անդամ է։ Ստացվում է այնպես, որ, կարծես, Դաշնակցությունն ազգային կուսակցություն չէ եւ այդ պատճառով է կասեցվում նախարարի կուսակցականությունը, իսկ ՀՀՇ-ն ազգային է։ Կարծում ենք, որ երկակի ստանդարտներ չպետք է կիրառել։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930