Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԻՉ ՎԱՐԱԿ՝ ՊԱՂ ՋՐԻ ՄԵՋ

Հոկտեմբեր 06,1998 00:00
Gexarquniq

Ինչպես հաճախ է պատահում, այս անգամ էլ հերթական համաճարակի մասին առաջին ահազանգը հնչեցրեց մամուլը։ Զարթոնք գյուղի դեպքերից հետո բնական էր, որ տագնապն առավել սրությամբ պիտի արտահայտվեր։ Նոր հասցեն Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղն էր, ուր, համաձայն հաղորդագրության, գրանցվել էր աղիքային վարակիչ հիվանդությունների 76 դեպք։

Առավելագույնն իմանալու ակնկալիքով մեկնեցինք Գեղարքունիք։ Կարմիրի անունը տպավորվել էր դեռ անցյալ տարվա հեղեղումներից, եւ ցավալի էր, որ գյուղը հիշում էին միայն արտակարգ պատահարների դեպքում։ Բայց տեղ հասնելուն պես պարզ դարձավ, որ գավառցիներն այս անգամ չեն պատրաստվում լրագրողներիս կերակրել սենսացիաներով, ինչպես խայթոցով ակնարկեցին նրանք։ Դեռ այս տարվա վաղ գարնանը Գավառում համաճարակի բռնկման լուրջ վտանգ եղավ, որը, բարեբախտաբար, արագ կանխվեց։ Այն ժամանակ վարակվածների թիվն անցնում էր 5-6 տասնյակից։ Եզրակացությունն էլ միանշանակ էր. համաճարակի պատճառը խմելու ջրի աղտոտվածությունն էր։ Ջրի վարձավճարները ժամանակին չմուծելու ու վթարների պատճառով մի քանի օր բնակավայրին ջուր չէին տվել, իսկ հետո, երբ միացրել էին, խողովակներում մնացած ջուրը դարձել էր վարակի աղբյուր։ Թվում էր, դրանից հետո կարվեին լուրջ հետեւություններ, սակայն Կարմիր գյուղը հակառակն ապացուցեց։

Կարմիր գծից անդին

Սկսած օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 17-ը բժիշկներն արդեն արձանագրել էին աղիքային խանգարումների առանձին դեպքեր Կարմիրում։ Ավելի կոնկրետ ասած՝ 47 դեպք։ Սեպտեմբերի 17-29-ը գումարվեցին եւս 13-ը։ Եվ միայն այն ժամանակ, երբ հիվանդների թիվը հասավ 60-ի, համապատասխան ծառայություններն իրարով անցան։ Գեղարքունիքի սանիտարական ծառայության տվյալների համաձայն, վարակվածների տարիքային կազմն այսպիսին է. մինչեւ 1 տարեկան՝ 14 երեխա, 1-6 տարեկան՝ 21, 7-17 տարեկանները՝ 13, իսկ դրանից բարձր՝ 7 հոգի։ Մարզային գլխավոր պետական սանիտարական բժիշկ Սաշա Գինոյանը այսպես է ներկայացնում ընդհանուր վիճակը. «Կլինիկական ընթացքը բավականին թեթեւ է։ Հիվանդները 1-2 օրվա ընթացքում լավանում են միայն դեղեր խմելով, առանց ակտիվ բուժման կամ սրսկումների։ Տեղում 22 հետազոտություն ենք կատարել, հայտնաբերվել է պայմանական ախտածին միկրոֆլորա։ Կան ախտածին եւ պայմանական ախտածին մանրէներ։ Այս վերջինները մարդու ենթաստամոքսային տրակտում լինում են։ Եվ կախված իրավիճակներից (օրգանիզմի դիմադրողականության անկում, սննդի գործոն, որոշակի դժվարամարս սննդի օգտագործում եւ այլն) միկրոօրգանիզմները կարող են դառնալ պաթոգեն։ Մենք հիմա գործ ունենք այդպիսի դեպքերի հետ»։

Հետազոտությունների ժամանակ կարմիրցի 9 բնակիչների մոտ հայտնաբերվեցին պռոտեուս պայմանական պաթոգեն խմբի հարուցիչներ։ Գործի դրվեցին բոլոր հնարավոր լծակները։ Խմբերում ընդգրկվեցին մարզի ու քաղաքի մասնագետները, տեղ հասան հանրապետական հակահամաճարակային կենտրոնի ներկայացուցիչները, առողջապահության նախարարությունը առաքեց 23 հոգանոց բրիգադ՝ հակահամաճարակային վարչության պետի գլխավորությամբ։

Ջրի բերածը ջուրը չի տանում

Եվ դարձյալ՝ ջրի խնդիրը։ Այսօր արդեն հստակ է, որ Կարմիրի համաճարակի բուն պատճառը եղել է խմելու ջրի աղտոտվածությունը։ Բայց ինչո՞ւ միայն այսօր։ Այդ մասին գիտեին վաղուց եւ գիտեին բոլորը։ Հենց Կարմիրի սանիտարական ծառայությունը վտանգի մասին մի քանի անգամ զգուշացրել է։ Իսկ ժամանակագրությունն էլ ավելի հեռուն է տանում։

Դեռ 1994 թ. մարզի սանիտարական ծառայության պահանջով ջրատարի աշխատանքը դադարեցվել էր։ Մեկ տարի անց ոչինչ չարած՝ կրկին բացեցին, մինչդեռ ջուրն աղտոտվում էր հենց ակունքից։ 1997 թ. օգոստոսի 11-ին մարզպետարանը քննարկում է մարզի ջրամատակարարման սանիտարատեխնիկական վիճակի եւ դրա բարելավման մասին հարցը։ Որոշումներ են ընդունվում, հանձնարարականներ են տրվում։ Դրանից հետո կազմվում է մարզի հիգիենիկ-համաճարակային իրավիճակի բարելավման միջոցառումների համալիր ծրագիր, հաստատվում մարզպետի ու առողջապահության նախարարի կողմից։ Այս տարվա հուլիսի 23-ին դարձյալ համանման հարցեր են քննարկում մարզպետարանում եւ ընդունում ազդեցիկ թիվ 50 որոշումը։ Մոտ 1 ամիս անց էլ՝ օգոստոսի 21-ին, անդրադառնում են դրա կատարմանը։ Փորձում են անհանգստացնել նաեւ կառավարությանը, որ հաշվի առնելով մարզի առանձնահատկությունները (Սեւանի ներկայությունը նկատի ունեն)՝ լուծեն գետերի ակունքներին մոտ գտնվող բնակավայրերի կոյուղացման ու մաքրման կայանների գործարկման հարցը։

Մի հետաքրքիր մանրամասն եւս. Զարթոնքի դեպքերից դեռ 1 ամիս առաջ այստեղ քննարկվել է խոլերայի ներթափանցման վտանգին առնչվող հարցը։ Խրախուսելի է Գեղարքունիքի մասնագետների հեռատեսությունն ու որոշումներ կայացնելու հմտությունը։ Բայց, ինչպես ասում են՝ մեջն ի՞նչ կա։ Փաստն այն է, որ վերջին 10-15 տարիների ընթացքում ջրամատակարարման բարելավման ուղղությամբ ոչ մի կապիտալ ներդրում չի կատարվել։ Եղել են միայն զուտ ընթացիկ վերանորոգումներ։ Խողովակները փտած են, տեղեր կան, որ կոյուղու եւ խմելու ջրերը խառնվում են իրար։ Համայնքներն իրենց աղքատիկ միջոցներով ներքին ցանցը կարգի բերելու հնարավորություն չունեն, իսկ ինքնահոս ջրագծեր ունենալը մի քանի բնակավայրերի համար դեռ երազանք է։ Մարզում, ինչպես ամենուր, ջուր են խմում գրաֆիկով։

Առանց հոգեցունց էքսցեսների

Կարմիրի համաճարակը ոչ բոլորն են կարողանում ընկալել սառնասրտորեն։ Մարզպետարանի առողջապահության բաժնի վարիչի տեղակալի հետ մեր զրույցը փոքր-ինչ տարօրինակ էր։ Տեղակալը, նախ, մասնագիտական լրջությամբ խորհուրդ տվեց ոչինչ չգրել, քանի որ, իր խոսքերով, հիվանդությունը դեռ ախտորոշված չէ, բայց երբ հարցրի, թե այդ դեպքում ինչն են բուժում, ասաց, որ խոսքը աղիքային խմբի հիվանդության մասին է։

– Այսինքն, կարող է նաեւ խոլերա՞ լինել։

– Չէ… մեր հիվանդները, որ հիվանդացել են, մարգանցովկան ջրով բացում են, խմում են ու անցնում է։ Էդպես՝ թեթեւ… Բոլորը հրաժարվում են հիվանդանոց գնալուց։ Դե, հիմա պրոբլեմ է, չէ՞, գնալը։ Մանավանդ որ, գյուղատնտեսական աշխատանքների շրջան է։ Եթե ծանր լիներ, զոռով կտանեինք։

Չհասցրի հարցնել, որ եթե մարգանցովկան կա, էլ ի՞նչ իմաստ ունի տասնյակ բժիշկների ու համաճարակաբանների գործուղումը Կարմիր։ Մարզպետարանի լրատվականի տղաները հրավիրեցին «Գեղարքունիք» մարզային թերթի խմբագրի մոտ։ Պարզվեց, որ նույն հանգստությունը նաեւ այստեղ է գերիշխում։ Թերթի առաջիկա համարում Կարմիրի դեպքերի մասին ոչ մի տող չի լինելու, քանի որ, ըստ խմբագրի, իրականությունը չափազանցված է, եւ կատարվածն արժանի չէ հատուկ ուշադրության։ «Մի քանի օր առաջ Կարմիրից հյուրեր էին եկել մեր տուն, ասում էին՝ էս ի՞նչ աղմուկ եք բարձրացրել։ Մեր գյուղում էդպիսի բան չկա, ամբողջ նախարարությունը լցվել է Կարմիր»,- պատմում էին այստեղ։ Հավանաբար տարօրինակ է, քանի որ ի տարբերություն «սառնասիրտների», մարզպետի վերջին հանձնարարականով պահանջվել է ամեն օր իրեն տեղեկացնել իրավիճակի մասին եւ լրջորեն զբաղվել համայնքի խմելու ջրի մաքրման հարցերով։ Մի հանգիստ հոգու տեր ընկերուհու էլ հանդիպեցի արդեն Կարմիր գյուղում, որը, պարզվեց, տարածաշրջանի համաճարակաբանն է։ Բոլոր հարցերիս պատասխանել հրաժարվեց եւ իբրեւ փառավոր վերջաբան սեթեւեթելով նետեց. «Ես այս ամենին նշանակություն չեմ տալիս»։

Բարեւ ձեզ, ես ձեր բժիշկն եմ

Կարմիր գյուղը Գավառից հեռու չէ։ Ամեն ինչ այստեղ խաղաղ էր։ Արտասովոր որեւէ բան փնտրելն անիմաստ էր, թերեւս միայն գյուղի համար շտապօգնության մեքենաների առատությունը եւ այն, որ բոլոր ճամփաները տանում էին բժշկական ամբուլատորիա։ Ներսում մարդաշատ էր։ Շուտով հայտնվեց եւս մի մեքենա, որից իջան մի մեծ խումբ գթության քույրեր։ Վերադառնում էին հերթական համայցից։ Բժշկական ամբուլատորիայի տնօրեն Ֆերդինանդ Գասպարյանը հետեւյալն ասաց. «Հիմա 6 հոգի գնացել են համայցների, 2-ն այստեղ են, 10-15-ն էլ եկան ու հիմա մեր քույրերի հետ նորից գնալու են թաղամասերը։ Սեպտեմբերի 17-ից սկսած համայցները շարունակվում են։ Սկզբում եղել են թերացումներով, ինչ-որ բաներ աչքաթող են արվել։ Հիմա այդպես չէ։ Երեկվա դրությամբ 65 հիվանդ ենք հայտնաբերել… Երեւանից եկածները մեզ օգնում են, մեթոդական խորհուրդներ են տալիս։ Դեղորայք ստացել ենք, էլի են խոստացել, այնպես որ՝ անհանգստանալու հարկ չկա»։

Համայցից վերադարձած աղջիկները պատմեցին, որ ստուգում են բոլորին անխտիր, թեեւ ոչ բոլորն են «հաճույքով տրվում» դրան։ Մարդիկ իրենց վարակվելը կապում են ոչ միայն ջրի հետ։ Բոլոր դեպքերում, նախ, Կարմիրի ջրամատակարարումը դադարեցրել էին, իսկ հիմա քաղաքաշինության նախարարության հանձնարարությամբ ճնշումային ջրագծով շուրջօրյա ջուր են տալիս։ Բացի այդ, ներքին ցանցի 10 վթար են հայտնաբերել ու զբաղված են վերացման աշխատանքներով։ Խոսակցություններ կային, թե այլ տեղերից աղտոտված ջրերը գալիս, ներծծվում են այդ աղբյուրի մեջ։ Իսկ գլխավոր սանիտարական բժիշկը մեզ դարձյալ ասում է. «Լուրջ, վտանգավոր իրավիճակ գոյություն չունի, չնայած հանգստանալու առիթ չեմ տեսնում։ Ցանկացած պահի մեր մարզի տարածքում կարող է նման համաճարակ բռնկվել»։

Գյուղում շրջելիս լուսանկարում ենք իրենց տնամերձը մշակող գյուղացիներին։ Բահ բռնած մեկը հեռվից ձայն է տալիս. «Շնորհակալություն»։ Մտածում եմ, որ խոսքն ինձ է ուղղված, քանի որ ուղեկիցներս դեռ այդ բառը լսելու առիթ կունենան։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031