Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈԼԵՐԱՆ ՀԱՄԱՃԱՐԱ՞Կ Է, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 07,1998 00:00
xolera

Արմավիրի մարզի Զարթոնք (Ղամշլու) գյուղի բնակիչները բոլոր հիմնավոր պատճառներն ունեն չհասկանալու, թե, ի վերջո, ի՞նչ կատարվեց իրենց գյուղում։ Բռնկվել էր խոլերայի համաճարա՞կ, որը հրաշքով կանխվեց, թե՞ խոլերան իմիտացիա էր՝ շեղելու բոլորիս ուշադրությունը ա՛յլ՝ ոչ պակաս կարեւոր մի բանից։ Ոչինչ պարզ չէ։ Խոլերայի համաճարակի հավանականությունն այնքան փոքր չէ, որ չանհանգստացնի, եւ այնքան մեծ չէ, որ «խառնվի» անգամ ԱԱ եվ ՆԳ նախարարը։ Մանավանդ, եթե հաշվի առնենք հանրապետության այլ մարզերում աղիքային սուրվարակիչ հիվանդության դեպքերը, որոնք մեծ աղմուկ չեն բարձրացնում եւ չեն հասնում կարանտինի։

Զարթոնքում «խոլերա» բառը տաբու է

Զարթոնք գյուղի բնակիչների վստահությունն իմ՝ այնտեղ այցելելու պահին, անկումային էր։ Գյուղապետարանի դռների մոտ հավաքվածները եկել էին գյուղապետից հացի փող խնդրելու եւ դարդերը միմյանց պատմելու։ Իսկ թե ինչից սկսվեց այս պատմությունը, այսպես է ներկայացնում Սերյոժա Մնացականյանը. «Առաջին շրջանում 2 մահ եղավ։ Տարան Մեծամորի հիվանդանոց, ուր կանխորոշեցին, որ մահն իբր խոլերայից է։ 2 օր անց Երեւանից ղեկավարներ եկան, մալադեց։ Մեզ շրջապատեցին եւ սկսեցին գյուղից էվակուացնել։ Սերժ Սարգսյանն էլ եկավ։ Ապրի։ Մեզ բոլորիս տարան հիվանդանոց ու շատ լավ էին նայում. սնունդը, ամեն ինչը տեղն էր։ Ճիշտ է, ես ինձ լավ էի զգում, բայց ապահովության համար բոլորիս տարան։ Նրանք, ովքեր լավ չէին զգում, 2 օրում ոտքի կանգնեցին»։ Սերյոժա Մնացականյանը պատմեց, որ բոլորը խուճապի մեջ էին, բոլորին զգուշացնում էին, որ տնից դուրս գալը վտանգավոր է, ջուրը պետք է եռացրած խմել եւ այլն։ «Իսկ մեզ բուժող բժիշկները, գյուղը շրջապատած զինվորները հա՛մ մեր ջրից էին առանց եռացնելու խմում, հա՛մ մեր այգու խաղողն ու այլ մրգերն էին ուտում՝ առանց լվանալու։ Հիմա ո՞նց է, որ իրենք չեն վարակվում, մենք վարակվում ենք, ասա՛»։

Քանի որ ասելու առանձնապես բաներ չունեի, զրուցեցի այլ գյուղացիների հետ։ Մելիք Գեւորգյանը հաստատ համոզված էր, որ խոլերա չի եղել։ Նույն փաստարկներն էր բերում. իրենց ջուրը խմում էին, միրգն անլվա ուտում, իրենց հյուրասիրությունից առանց երկմտելու օգտվում էին, շփվում։ «Անգամ բժիշկներից մեկն ինձ համբուրել է»,- ասաց խմբվածներից մեկը։ «Խոլերա» անվանումը հավաքվածներից ոչ մեկը չէր արտաբերում։ Այն «կպել» է արդեն իրենցից յուրաքանչյուրին, եւ ո՛չ հարազատներն ու բարեկամներն են ցանկանում նրանց հետ շփվել, ո՛չ էլ իրենց բանջարեղենն է շուկայում վաճառվում։ «Մեզ ոչ մի օգնություն պետք չէ։ Մենակ էդ խայտառակ անունը մեր վրայից հանեք,- խնդրում էին բոլորը՝ համարյա թե միաբերան,- մենք գիտենք՝ խոլերան ինչ է։ Մեզ մոտ խոլերա չի եղել»։

Երջանիկ Աբգարյանի ժավելը պետք չի եկել

Գյուղի պաշտոնական լրատվության միակ աղբյուրը գյուղապետն է, որից եւ փորձեցի մանրամասներ իմանալ։ Կարանտինի ընթացքում գյուղին օրական տրվել է 1000 հատ հաց (մոտ 18-19 օր)։ Կարանտինից հետո՝ ոչ մի օգնություն։ Իմ այն հարցին, թե, ըստ կիսապաշտոնական լուրի՝ գյուղից 150-ից ավելի մարդ է հեռացել, պատասխանեց. «Էդպիսի բան չկա։ Գյուղից ոչ մի հոգի չի հեռացել»։ Ո՛չ նրան, ո՛չ էլ գյուղացիներին չի զարմացրել անձամբ ԱԱ եւ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի այցելությունը. նրանք այցը վերագրել են իրենցով հետաքրքրվելուն։ Ինձ էլ այդպես համոզեցին։ Իսկ գյուղապետը բորբոքված էր. «Էս անունը, որ մնացել է ժողովրդի վրա ու կպել (ես չեմ ուզում էդ անունը ասեմ), կարելի էր ուրիշ ձեւով ձեւակերպել, ինչպես, ասենք, Սեւանում կամ այլ տեղ՝ սուրվարակիչ աղիքային հիվանդություն։ Էսօր կառավարությունից խնդրում ենք մի բան . մի գումար տա ժողովրդին՝ իրենց բերք ու բարիքի, բիբար-բադրիջանի համար»։

Կառավարություն է ուղարկվել վնասի փոխհատուցման հաշիվը՝ 81 մլն դրամ։ Ըստ գյուղապետի՝ հաշվարկները կազմվել են բիբարի եւ բադրիջանի ցանքեր ունեցողների վնասի հաշվին։ «Ձմերուկ եւ ավել ունեցողներն իրենց բերքն արդեն հավաքել են, իսկ բիբարի եւ բադրիջանի ցանքերը 20 օր չեն ջրվել»։ Գյուղում մահացության տոկոսն էլ, ի դեպ, կարանտինի ընթացքում ամենափոքրն է եղել. ամսական միջին մահացությունը 5-7 մարդ էր, իսկ այդ ընթացքում մահացել են միայն երկուսը։ «Մեզ ասել են,- արագ-արագ խոսում էր գյուղապետը,- որ խոլերա է, բայց բացի լուծի դեղից ժողովրդին ոչինչ չեն տվել (խոսքը հիվանդանոցում չգտնվողների մասին էր- Լ. Ա.)։ Հիվանդանոց են տարվել 200 քանի հոգի, որից հիվանդ են եղել 30 քանիսը»։ Գյուղացիներին՝ բացի գլխացավի, սրտի, լուծի դեղերից, ոչինչ չեն տվել։ «Նաղդի մենք չենք տեսել, երեւի հիվանդանոցներ են տարել»։

Գյուղին օգնել է այնտեղից պատգամավոր ընտրված Երջանիկ Աբգարյանը, որի ուղարկած ժավելը գյուղացիներին պետք չի եկել։ Իսկ օգնություն ասելով՝ ՀՕՖ-ը գյուղ է առաքել ձեթ, ոսպ, բրինձ, լոբի, կաթի փոշի։ Առողջապահության նախարարության մասնագետները, սակայն, կաթի փոշին եւ լոբին անպիտանելիության պատճառով հետ են ուղարկել։ «65 հեկտար հող չջրվելու պատճառով հեչ է եղել»,- իրենց նյութական կորուստներն էին արձանագրում գյուղացիները։ Գյուղն ունի 2100 բնակիչ։ Եվ եթե վարակը ջրից է, ապա պիտի որ 2100-ն էլ հիվանդանային։ Գյուղապետը պատրաստ է բոլորին ապացուցել, որ վարակի բռնկման օրը թե՛ ողջ գյուղը, թե՛ ինքը, եւ թե՛ անձամբ մարզպետ Հերոյանը ջուր են խմել այդ նույն աղբյուրից։ «Եթե ասում են՝ ջրից ա, ինչի՞ չենք բոլորս հիվանդանում»։

«Մեզ դեպուտատ պետք չի»

Ձանձրացած ԱԺ որոշ պատգամավորներից, որոնց «անգամ դիմագծերը, ինտոնացիան մեր դուրը չեն գալիս, մենք դեպուտատ չենք ուզում։ Նոր ընտրություններ եթե լինեն, մենք չենք մասնակցի։ Մեզ ոչ դեպուտատ է պետք, ոչ ժավել»։ Ձեւ եւ բովանդակություն Աղիքային հիվանդությունների բռնկումների մասին լուրերը վերջերս հաճախակիացել են։ Ու բոլորը՝ միանգամից։ Ոչ ոք չի ուզում կասկածել, որ հիվանդություններն իրոք կան եւ բոլոր հնարավոր միջոցները պետք է ուղղել դրանց դեմ պայքարին։ Բայց, այնուամենայնիվ, հիվանդությունների խուճապ առաջացնող անվանումներն այսքան կասկածելի հեշտությամբ շրջանառելն էլ է թերեւս վարակիչ հիվանդություն։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031