Լրահոս
Օրվա լրահոսը

Մութ կետերը լուսավորվում են, լուսավոր կետերը՝ մթնում

Հոկտեմբեր 09,1998 00:00
vorogman jur

Որքան խորանում ես ոռոգման ջրի պարտքերի մարման, վարձի հաշվառման հարցերի մեջ, այնքան, Պարոնյանի խոսքով ասած, «մասնաժողովից-մասնաժողով», մութ կետերը լուսավորվում են, լուսավորյալ կետերը՝ մթնում։ Իսկ տարին արդեն վերջանում է… Այսօրվա հյուրը ԱԺ պատգամավոր, Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանն է։

-Պրն Գեւորգյան, ինձ հետաքրքրում է Ձեր «հատուկ կարծիքը»՝ ոռոգման ջրի վարձի իջեցումն ինչքանով էր նախընտրական ժեստ։

-Նախ, եթե չլիներ ընտրություն, դժվար այդ մասին փետրվարին մտածեին։ Երկրորդ, նախաձեռնությունը ներքեւից՝ մարզերից եւ ոռոգման համակարգի մասնագետներից չէր գալիս։ Մասնագետների կարծիքը հաշվի չի առնվել եւ լուրջ հաշվարկներ չեն կատարվել։ 1997 թ. ոռոգման համակարգը համարյա կայացել էր, նախկին սակագինը՝ 5.95-ը, նրան հնարավորություն կտար «գոյատեւել»։ 5.95-ը գյուղմթերք արտադրողի համար բարձր էր իր ստացած եկամտի համեմատ։ Ոչ թե գինը պետք է իջեցվեր, այլ՝ մտածեին գյուղմթերքը Հայաստանից դուրս վաճառելու հնարավորությունների մասին։ Դրանով մթերքի վաճառքի գինը կբարձրանար, այսինքն՝ եկամուտը կմեծանար։

-Ամեն դեպքում այդ գումարը բարձրանալու է, քանի որ ՋՕՄ- երի նախագահները պնդում են, որ համակարգն այդ գումարով վերջնականապես կքայքայվի։

-Այստեղ նուրբ հանգամանք կա. էլեկտրաէներգիայի ծախսը սակագնի մեջ կազմում է 70%, 2.95 դրամի մեջ այդ ծախսը՝ 2.05-ը սառեցնելու դեպքում, ոռոգման համակարգին գյուղացին պետք է տար 90 լումա։ Իսկ 1 դրամը թող ավելանար մանրածախ գնին եւ կդառնար 1.70, որը՝ հիշեցնեմ, մնում էր համայնքին։ Չմոռանանք, որ շատ գյուղերում խորքային պոմպեր կան։

-Արարատի մարզի գյուղվարչության պետն ասում էր, որ եթե հանրապետությունում գտնվի մի «տղամարդ», որը կարողանա հաշվել ոռոգման ջրի վարձը, ինքը պատասխանատու է մարզի 97 համայնքների համար։ Հեկտարավարձը իրո՞ք գյուղապետերն են «մոգոնել», ինչպես պնդում են ոռոգման համակարգի պատասխանատուները։

-Գյուղապետերը չեն հորինել, ակնհայտորեն զգում են դրա անհրաժեշտությունը, զգում են նաեւ գյուղացիները։

-Ուզում եք ասել, որ ոռոգման ջուրը գյուղի սահմանագլխին հնարավոր է հաշվել, հողի սահմանագլխին՝ ո՞չ։

-Միանշանակ, հնարավոր չէ։ Թեեւ գյուղի սահմանագլխին մոտ էլ երբեմն դժվարություններ լինում են։ Ես կարծում եմ, թե կառավարությունը, թե համապատասխան մարմինները հրաժարվում են հաշվարկի պատասխանատվությունն իրենց վրա վերցնել։ Ես ընդգծում եմ. ըստ մշակաբույսերի եւ գոտիականության, պետք է սահմանվի ջրի սակագինը հեկտարավարձով։ Ասում են. «Գյուղապետ կամ ՋՕՄ, գնա մի մեխանիզմ, մոտեցում, չափանիշ գտի, վարձի հաշվարկ կատարի»։ Նույնիսկ խմելու ջուրը, որը խողովակների մեջ է, առանց հաշվիչներ տեղադրելու՝ հաշվարկներով չի արդարացնում։ Ոռոգման ջրի դեպքում, երբ հաշվիչ անհնար է տեղադրել, գյուղապետը ո՞նց է որոշելու։

-Եվ հետո, որքանով ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր ՋՕՄ համայնք ինքը ջրի գին սահմանի։

-Սակագների մեծ տարբերությունների եւ անհնարինության առումով դա չի լինի։ Ի դեպ, Արարատի գյուղվարչության պետին ես շատ եմ գնահատում, լավ մասնագետ է, եւ ուզում եմ իրեն ասել, որ այն «տղամարդը» նախագահի կամ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովն է (կասեք՝ էլի հանձնաժողով) կամ հենց արդեն ստեղծված էներգետիկայի հանձնաժողովը։ Այդ հանձնաժողովում լավ մասնագետներ կան եւ հնարավորություն ունեն այդ բարդ եւ կնճռոտ հարցը պարզեցնելու։ Գյուղացուն չպետք է ծանրաբեռնել բարդ հաշվարկներով։ Նրան պետք է հնարավորինս պարզագույն մեխանիզմ առաջարկվի եւ կարեւորն է՝ հավատ ներշնչող։

-Տարին արդեն վերջանում է, հապճեպ որոշումը տարեսկզբին է կայացվել, եւ մինչ օրս ոռոգման ջրի հաշվարկի ձեւը գտնված չէ։

-Անորոշ, մոտավոր, հապճեպ որոշումներ «արտադրելուց» հետո կարելի է երբեմն անդրադառնալ դրանց, եւ տեսնել, թե ինչ անելանելի դրության մեջ են ներքին օղակի պատասխանատուները, եւ ինչ վնաս է հասցվում։ Մի բան պարզ է, որ բոլոր գյուղապետերը դժգոհ են, եւ ոչ միայն հաշվարկների անհնարինությունից։ Նրանց դժգոհությունը հիմքեր ունի։ Համայնքապետերը լուրջ բարդությունների առաջ են կանգնած. կային ոռոգման միջտնտեսային եւ ներտնտեսային ցանցեր։ 1997-ին ներտնտեսայինները լուծարվեցին եւ տրվեցին համայնքներին, համայնքը դարձավ ներտնտեսային ցանցի իրավահաջորդը։ Իրադրությունը հետաքրքիր է, 1997 թ. համայնքը դարձավ լուծարված ներտնտեսային ցանցի իրավահաջորդը՝ պարտքերով եւ առանց տեխնիկայի։ Նրանք առաջին հերթին միջտնտեսային ցանցի պարտքերն են տվել, որպեսզի ոռոգումը չդադարեցվեր։ Այսինքն, ներտնտեսային ցանցը գումար քիչ ուներ կամ չուներ, այսինքն վերանորոգման կարիք ունեցող ցանցում աշխատանք կատարելու հնարավորություն չուներ։ Գյուղացու շահերը պաշտպանել է պետք, եւ նախորդ տարիների պարտքերը պետք է չգանձվեին, զրոյական վիճակի մեկ անգամ պետք է բերել, հստակեցնել։ Խնդիրն այն է, թե ով էր զիջողը լինելու։ Գյուղնախարարության ղեկավարներն ասում են՝ մենք չենք ուզում։ Բայց իրենք ուզելու բան չունեն։ Իրենցն արդեն տարել են։

-Ասեմ, որ բոլոր գյուղապետերը, ում «հետ զրուցել եմ, ասել են, որ իրենք անվճարունակ մարդկանց հարցում զիջումների կգնային, բայց, իմ կարծիքով, չէին անի ոչինչ, եւ ամեն մի լծակ կօգտագործեին վարձերը գանձելու համար, իհարկե, կլինեն չնչին բացառություններ, որոնք, սակայն, շնչելու տեղ չէին թողնի։ Սա՝ իմիջիայլոց։ Մի բան միայն ճիշտ է, որ որոշում ընդունելիս ոտնահարվել են գյուղապետերի իրավունքները։

-Սկզբում, եթե հիշում եք, ասվում էր, որ կառավարության որոշմամբ իջեցվել է 1 խմ-ի գինը։ Շեշտը դրա վրա էր դրվում։ Փորձ էր արվում 1 խմ-ի վրա ծախսվող ջուրը սահմանել ոչ թե գործող 6 խմ, այլ 9 խմ, որի դեպքում ջրի գինը հավասարվում էր նախորդ տարվա գնին։ Բայց գյուղացին իր խոհեմությամբ ասում էր՝ անցյալ տարի 1 հա-ի համար տվել եմ, ընդունենք, 40.000 դրամ, հիմա կեսն եմ տալու։ Այսինքն, ես կարող եմ շարունակել պնդել, որ ոռոգման ջրի գինը էժանացել է, բայց… թանկացել։

Զրույցը վարեց ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031