Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ ՄԻԱՅՆ ԼՈՒՐԵՐ

Նոյեմբեր 04,1998 00:00
Seyran Shahsuvaryan

«Նորք» հեռուստաընկերության տնօրինած երկրորդ ալիքը ռուսական «Կուլտուրա» հեռուստաընկերությանը վաճառելու լուրը «Նորքի» տնօրեն Սեյրան Շահսուվարյանը կարդացել էր «Առավոտում»։ «Սկզբում չհավատացի, բայց ձեր թերթում տպագրվածի 99 տոկոսը կատարվում է, եթե նույնիսկ անլուրջ տոնով է գրված»,- ասաց պարոն Շահսուվարյանը։ Կասկածներն ավելի անհանգստացնող են դարձել, երբ Տեղեկատվության վարչությունը որեւէ կոնկրետ պատասխան չի տվել ալիքը որեւէ մեկին վաճառելու հարցին։

Ի սկզբանե, հեռուստատեսությունը մեկն էր, երկու ալիքներով, մեկ տնօրենով։ 1997 թ. այս միասնության ճեղքումից առաջացավ Ազգային հեռուստատեսություն ՊՓԲԸ-ն եւ «Նորք» ՊՓԲԸ-ն։ Լուծարային հանձնաժողովը որոշեց տնօրինվող ամբողջ անշարժ եւ շարժական միջոցները հանձնել Ազգային հեռուստատեսությանը, իսկ «Նորքին» որպես շնորհ հնարավորություն տրվեց օգտվել Ազգային հեռուստաընկերության միջոցներից։ Սա 1997 թ. սկզբին, իսկ Սեյրան Շահսուվարյանը Ազգային հեռուստատեսության փոխտնօրեն նշանակվեց 1997 թ. դեկտեմբերի 30-ին, «Նորքի» տնօրեն՝ 1998 թ. փետրվարին։ «Ստորագրելով բաժանման մասին որոշումը, նախկին ղեկավարությունը, փաստորեն, այն ժամանակ որոշեց «Նորքի» ճակատագիրը»,- նախկին իշխանությունների գնահատականը տվեց պարոն Շահսուվարյանը։

Ազգային հեռուստատեսության ղեկավարությունը փուլ առ փուլ տարբերակով սկսեց «Նորքին» զրկել տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորությունից։ Այսօր «Նորքը» շահագործում է միայն երկրորդ ԱՍԲ (ապարատա-ստուդիական բլոկ), որը, ըստ պարոն Շահսուվարյանի, ամենահինն ու ամենաքայքայվածն է։ «Սակայն Տիգրան Նաղդալյանը երկրորդ ԱՍԲ-ն էլ շահագործելու համար 15 օր ժամանակ է տվել,- վիճակը բացատրեց Սեյրան Շահսուվարյանը։ – Ստացվում է, որ այսօր ես պետք է շատ շնորհակալ լինեմ, որ ինձ թույլ են տալիս մտնել այդ շենքը։ Այնտեղ մենք այժմ երեք սենյակ ունենք։ Մնացյալը գրավվել է։ Ղեկավարությունը գալիս է, ասում, որ պետք է ազատեք այս սենյակը, մեզ պետք է»։

Անհասկանալի վիճակ է նաեւ պետբյուջեով պետական պատվերի շրջանակներում հատկացված 228 միլիոն դրամը բաժանելու հարցում։ Օրական 10,5 ժամից 7 ժամը տրված է ԱՀ-ին, իսկ 3,5 ժամը՝ «Նորքին», եւ այս տրամաբանությամբ ենթադրվում էր, որ այդ 228-ից ինչ-որ բան պետք է տրվի նաեւ «Նորքին»։ «Նորքը» նոյեմբերի 1-ի դրությամբ այդ 228-ից ստացել է 20 միլիոն։ Սեյրան Շահսուվարյանը խնդիրը լուծելու համար հունիսին հանդիպել է ՀՀ նախագահի հետ եւ առաջարկել ալիքի եթերը վարձակալել մրցույթով։ Նախագահը համաձայնվել է, ավելացնելով, որ ենթադրվում է համահայկական ալիք ստեղծել։ Այս հարցը բարձրացվել է վարչապետի մոտ։ Սեյրան Շահսուվարյանը վարչապետին եւս առաջարկել է ալիքը մրցույթով վարձակալության տալ։ Վարչապետը կապի նախարարին հանձնարարություն է տվել մեկամսյա ժամկետում մշակել մրցութային հանձնաժողովի կազմը։

«Դրանից հետո չորս անգամ հանդիպել եմ կապի նախարարին, բայց որեւէ նոր բան նա չի ասել»,- բողոքեց «Նորքի» տնօրենը։

«Նորքի» կողմից տնօրինվող ալիքը որեւէ մեկին վաճառելու մասին պարոն Շահսուվարյանին պաշտոնապես չի ասվել։ «Ես գիտեմ, որ ստեղծվել են «OPT Армения» եւ «Մշակութային ալիք» անունով հեռուստաընկերություններ, սակայն երկրորդ ալիքը նրանց տալու մասին ինձ պաշտոնապես ոչինչ չի ասվել։ Ինչո՞ւ եմ ես այսքան լավատես, որովհետեւ պետական մտածողություն ունեմ եւ մինչեւ պաշտոնապես ինձ ոչինչ չասեն, ես շարունակելու եմ աշխատել»,- իր տված հարցին պատասխանում է Սեյրան Շահսուվարյանը։ Մինչդեռ կոլեկտիվն այնքան էլ պատրաստ չէ աշխատել, որովհետեւ բոլորը սպասում են լուծարման։

«Կուլտուրա» հեռուստաընկերությունը Հայաստան բերելով ի՞նչ ենք մենք բերում. ռուսակա՞ն մշակույթ, ո՞ւմ համար»,- հարցնում է պարոն Շահսուվարյանը, առաջարկելով, որ ոչ միայն երկրորդ, այլ նաեւ Ազգային հեռուստաընկերության եթերը, բացի պետպատվերի շրջանակներում պատրաստվող եթերաժամանակից, մրցույթով վարձակալությամբ տրամադրվի մասնավոր հեռուստաընկերություններին, համապատասխան որակի չափանիշներով։ Եթե մի հեռուստաընկերություն չի համապատասխանի ներկայացվող չափանիշներին, նրան կփոխարինի մեկ ուրիշը։ Նման մրցակցության պայմաններում է միայն հնարավոր առողջ հեռուստաընկերության ստեղծումը։ Ըստ պարոն Շահսուվարյանի, «Արտ -13»-ը պատրաստ է դիմանալ ցանկացած մրցակցության։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ.Գ. Սեյրան Շահսուվարյանը օգնության ակնկալիքով դիմել է Ռոբերտ Մավիսակալյանին, սակայն վերջինս պատասխանել է, որ «Նորքի» հետ ինքը սեռական որեւէ կապ չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30