Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնություն մեկ օրով

Դեկտեմբեր 04,1998 00:00
matani

Հայկազ Պետրոսյանը 49 տարեկան է, սակայն արտաքինից ավելի տարիքով է երեւում։ Պատճառը ընկճվածությունն է եւ անվերջ խաբված լինելու զգացումը։ Ավարտել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտը։

Մասնագիտությամբ շինարար-ինժեներ է, սակայն, ինչպես ինքն է ասում, «կյանքը ստիպում է ամեն ինչով զբաղվել»։ Նրան խաբել են։ Խաբել են կրկնակի։ Սակայն դատարան դիմելու համար չունի համապատասխան պայմանագիր «բարաթ», որով ապացուցի, որ օգոստոսի 19-ից սեպտեմբերի 21-ը վերանորոգել է Ռիմա Բարսեղյանի բնակարանը, որն արդեն 12 տարի է «համատեղության կարգով» մեր քաղաքական գործիչներից մեկի կինն է։ Հայկազ Պետրոսյանին այս գործիչը (նրա անունը որոշ նկատառումներով առայժմ չենք հայտնում) սպառնացել է. «Գալստուկիս չխաբվես, դանակդ կկոխեմ փորդ»։ Մեր այս քաղաքական գործիչը նման փորձեր եւ հոխորտանքներ կատարել է նաեւ ուրիշների նկատմամբ։ Բայց Հայկազ Պետրոսյանը վախեցողներից չէ։ «Պետք լինի՝ ես նրան կսպանեմ։ Բայց ինչ օգուտ։ Մի ճիճու ավելի կամ պակաս՝ ինչ տարբերություն»։ Ես էլ եմ այդպես կարծում, եւ այդ պատճառով ներկայացնում ենք Հայկազ Պետրոսյանի պատմությունը։ Նա այդ ամենը ներկայացրել է ավելի լավ, քան կարող էի ես. նա ապրել է այդ դեպքերը։

«Չգիտեմ, թե ո՞վ էր այդ տրագիկոմեդիայի հեղինակը, բայց դա ինձ համար տրագեդիա էր, իսկ ոմանց համար՝ կատակերգություն։ Մասնագիտությամբ ես շինարար եմ։ Այսպես։ Բարեկամիս տան վերանորոգումն ավարտելուց հետո մոտեցավ հարեւանուհին՝ Ռիմա Բարսեղյանը։ Նայեց կատարած աշխատանքը, ափսոսաց, թե ամուսինը եթե տանը լիներ, ինքն էլ կուզեր որոշ աշխատանք կատարել իր բնակարանում։ Առաջին հերթին պատշգամբը տաքացնելու նպատակով՝ երկրորդ շարք պատը դնել։

Համաձայնվեցինք, որ իմ շինանյութով, 100 դոլար վճարով աշխատանքը ես կկատարեմ, մինչեւ ամուսինը գա։ Նրա ասելով, ամուսինը ղեկավար աշխատանքի է ԱՀՄ-ում եւ գործուղման մեջ է։ Ինչպես ասում են, ախորժակը բացվում է ուտելիս։ Տեսնելով աշխատանքի արագությանը եւ որակը, Ռիման առաջարկեց ողջ բնակարանը վերանորոգել։ Համաձայնվեցի, սակայն ասացի, որ երբ ամուսինը գա, 500 դոլար պիտի պահանջեմ։ Մի խոսքով, սկսեցի աշխատանքը։

Աշխատանքի ընթացքում Ռիման սկսեց պատմել, որ Նորիկը իմ օրինական ամուսինը չէ, այլ պարզապես 12 տարի ապրում են որպես ամուսիններ, որ նա իր ընտանիքն ունի, որ ինքը միշտ էլ իրեն միայնակ է զգացել, չնայած աղջիկը կողքին է։ Ինչեւէ, աշխատանքն ավարտեցի, սակայն Նորիկը չկար ու չկար։ Ծիծաղելի է ասել, որ վերջին օրը ես միայն տրանսպորտի վճար ստացա՝ 100 դրամ։ Մի քանի օր անց ես նորից այցելեցի Ռիմային։ Նորիկը չկար, եւ Ռիմայի ասելով, հավանական էր, որ այլեւս երբեք չլինի։ Ճիշտն ասած, ես համակրում էի այդ կնոջը։ Ինձ դուր էր գալիս նրա մաքրասիրությունը, առաքինությունը։ Ներքուստ համակրում էի նրան։ Եվ քանի որ ինքս էլ ամուրի եմ, առաջարկեցի, որ ամուսնանանք։ Ի զարմանս ինձ, նա սիրով համաձայնվեց, պահանջելով, որ ամեն ինչ արվի հայկական ավանդույթներով։

Մի քանի օր անց ամուսնական մաղթանքով ներկայացանք իմ ապագա աներոջը, որտեղ փոխադարձ հավատարմության երդում տվեցինք։ Մյուս օրը, աշխատանքից հետո վերադառնալով՝ այդպես էլ իմս չեղած բնակարանը, զարմանքով տեսա, որ հայտնվել է պարոն Նորիկը։

-Գործուղման մեջ եմ եղել, բանակում, խոպանում։ Իմ կինն է, ինձ դավաճանել է՝ ներում եմ։

Ահա նրա խոսքերը։ Եվ ինձ դուրս հրավիրեց։

Ես ապշել էի։ Իմ հարցին, թե նա ի՞նչ իրավունքով է դուրս հրավիրում, Ռիման ժպտալով ասաց.

-Տասներկու տարվա իրավունքով,- եւ վերադարձրեց մատանին։

Այսպիսով, դեռ ամուսնական անկողին չմտած, կրկին դարձա ամուրի։ Նորիկը խոստացել էր, որ կվճարի։ Եվ երբ ես զանգահարեցի Ռիմայի քրոջը, նա ասաց, որ քույրն ու Նորիկը ապրում են միասին եւ Նորիկը խոստացել է «իր կանալներով» ինձ գտնի եւ որ ես այլեւս ոչ մի փողի մասին չերազեմ։

Ինձ մնում է միայն մի եզրակացության հանգել, այն է՝ որ եթե այդ Նորիկի կուսակցությունը ազգի բարոյական մակարդակի մասին է քարոզում, ինչպե՞ս է հանդուրժում իր ղեկավար աշխատողի բազմակնությունը։ Գուցե տեղյակ չե՞ն։ Դժվար թե։ Կամ եթե չվճարելու միտք ունեին, ո՞ւմ էր պետք նման խեղկատակությունը, ինչի՞ համար եւս մի անգամ իմ մեջ սպանեցին հավատը։ Իմ աշխատասիրության մասին եթե առաջ առասպելներ էին պատմում, հիմա դարձել եմ թեւերս կտրած ճնճղուկ։

Ինչի՞ համար։ Կուզեի իմանալ իմ հարցի պատասխանը։ Թվարկում եմ կատարած աշխատանքս բանվորական շուկայի ամենացածր գներով. Պատի շար՝ 15քմ x 2=30 $

գաջի սվաղ՝ 100քմ x 3=300 $

պարկետի վերանորոգում՝ 2քմ x 10=20 $

եվրոնորոգում՝ 2 սենյակ x 200=400 $

ջեռուցման վերափոխում՝ 1կետ x 25=25 $

մանրասալիկի աշխատանք՝ 1,5քմ x 5=7,5$

դրսի պատերի սվաղ 7-րդ հարկում՝ 8քմ x 3=24$։

Հաշվի առնելով, որ ինձ կերակրել են, ես խնդրել եմ 700$։

Հարգանքներով՝ ՀԱՅԿԱԶ ՊԵՏՐՈՍՅԱՆ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031