Լրահոս
Օրվա լրահոսը

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Դեկտեմբեր 05,1998 00:00
vark

ՀՀ ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի ու փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի 10.06.98-10.12.98թ. գործունեության վերաբերյալ

Սկիզբը՝ թիվ 234

Մեր կարծիքով, ոչ միայն պետք է գնահատվի այս վարկային ծրագրի օգտագործման արդյունավետությունը, այլեւ՝ ավելի շատ, պետության վերաբերմունքն այդ տարածաշրջանի ազգաբնակչության հիմնախնդիրների նկատմամբ։

7. Կառուցվածքային բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում «Սկադեն» եւ «Արմավենի» ընկերությունների կողմից խորհրդատվական ծառայությունների համար համապատասխանաբար վճարվել է 850 եւ 650 հազար ԱՄՆ դոլար։

«Սկադեն»-ին փաստացի վճարվել է 353.556 դոլար։ Վարկային ծրագիրը ճանաչվել է անարդյունավետ եւ դադարեցվել է։ Արձանագրվել է, որ «Սկադեն»-ի խորհրդատվությամբ մշակված օրենքների նախագծերի եւ ՀՀ ԱԺ կողմից ընդունված օրենքների միջեւ կան այնպիսի էական տարբերություններ, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ ԱԺ կողմից ընդունվել են բովանդակային առումով միանգամայն այլ օրենքներ։ «Արմավենի» ՍՊԸ ՀՀ կառավարությանը մատուցած խորհրդատվական ծառայությունների համար 01.01.97թ դրությամբ վճարվել է 603.158.5 ԱՄՆ դոլար։ Նախատեսված է եղել այդ միջոցների նպատակային օգտագործման հսկողությունը դնել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ա. Եղիազարյանի վրա, ապա փոխանցվել է իրեն կից ստեղծված ԾԻԳ-ին։ Այս վարկային ծրագրերը, հատկապես «Սկադեն»-ը, իրագործվել է ոչ միայն անարդյունավետ, այլեւ աննպատակ։

1993թ. ստացված «Կառուցվածքային բարեփոխումներ» վարկային ծրագրի մասին ԱԺ Վերահսկիչ պալատը հաշվետվություն ներկայացրել է։ Այդ իսկ պատճառով մենք սահմանափակվում ենք մի քանի ընդհանրացումներով.

ա/ բարեփոխումների համակարգված ծրագրի բացակայության հետեւանքով որոշ ուղղություններով կատարված ծախսերի արդյունավետությունը տնտեսական համակարգի բարեփոխման տեսակետից նվազագույն է. օրինակ, MOKORO LTD ֆիրմայի հետ 110.000 ԱՄՆ դոլար պետական ինվեստիցիոն ծրագրերի մշակումը, տնային տնտեսությունների եւ գյուղատնտեսական ձեռնարկությունների զբաղվածության պրոբլեմի հետ կապված- 60.000 ԱՄՆ դոլար, «Սկադեն»- 850.000 ԱՄՆ դոլար, բանկային անհուսալի կրեդիտների հայտնաբերման մասին, – 40.000 ԱՄՆ դոլար, White and Case ֆիրմայի հետ՝ ինվեստիցիոն ֆոնդերի մասին, – 150.000 ԱՄՆ դոլար, PBN Company- 520.000 ԱՄՆ դոլար, Admiralty` 10 խոշոր վնասաբեր ձեռնարկությունների կառավարման կատարելագործում- 450.000 ԱՄՆ դոլար։ Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։

բ/ սեփականաշնորհման կոնցեպցիան եւ դրա հետեւանքները աղոտ են պատկերացվել։ Վարկային միջոցներից սեփականաշնորհումն իրականացնելու նպատակով կատարված ծախսերը, այն է՝ արժեթղթերի տպագրում- 625.000 ԱՄՆ դոլար, օրենսդրության նախապատրաստում եւ խորհրդատվություն- մոտ 3.5-4 մլն ԱՄՆ դոլար, սարքավորումների ձեռքբերում – մոտ 0.5 մլն ԱՄՆ դոլար, գրասենյակային ծախսեր, աճուրդների կենտրոնի ստեղծում եւ այլն- մոտ 0.5 մլն ԱՄՆ դոլար, սրան գումարած եւս մոտ 300.000 ԱՄՆ դոլար կառուցվածքային բարեփոխումների առաջին վարկից, տեղեկատվական ծախսեր- մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլար եւ այլն։

Դրա հետ մեկտեղ մշակված չի սեփականաշնորհման արդյունքում այս գումարների գոյացման եւ վերադարձի որեւէ իսկ մեխանիզմ։

գ/ աշխատակիցների ուսուցման համար ծախսվել է ավելի քան 400.000 ԱՄՆ դոլար։ Դրա հետ մեկտեղ չի ստեղծվել որեւէ ինֆորմացիոն բազա՝ կադրերի շարժը կանոնակարգելու համար։

դ/ մշակված չի որեւէ ընդհանրական կոնցեպցիա, որը կկանոնակարգի արտասահմանյան խորհրդատուների աշխատանքի ավարտից հետո մնացող տեխնիկական միջոցների եւ գրասենյակների տնօրինումը։

ե/ վարկային միջոցների հաշվին հաճախ վճարումներ են կատարվում այն աշխատանքների համար, որոնց կատարումը կառավարման մարմինների սահմանադրական պարտականությունն է։

Բերված փաստերը վերաբերում են նաեւ «կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության» վարկերին։ Առանձին ուսումնասիրության նյութ կարող է դառնալ «ինչու՞ եւ ինչպե՞ս ներդրումներ կատարել Հայաստանում» թեմայով կազմակերպված սիմպոզիումի համար կատարված ծախսերը – 227.000 ԱՄՆ դոլար։

Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկեր

Երկու վարկերի համար էլ բնորոշ հատկանիշ է կառավարման համակարգի թերություններն արտաքին պարտքի հաշվին լրացնելու միտումը։ Օրինակ, Առողջապահական հաստատությունների վերանորոգման ռազմավարության մշակման համար պայմանագիր է կնքվում պորտուգալական Consalus LTD ֆիրմայի հետ՝ 99.900 ԱՄՆ դոլար արժողությամբ, գումարներ են հատկացվում էներգետիկ համակարգին, ջրամատակարարման համակարգի եւ այլն ուսումնասիրությունների համար, որոնց իրականացումը, վերջին հաշվով, համապատասխան գերատեսչությունների ուղղակի պարտականությունների թվում է։

Այստեղ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն արտերկրի խորհրդատվական կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը։ Մինչեւ օրս հանձնաժողովը չի ստացել որեւէ փաստաթուղթ, օրենք, ենթաօրենսդրական ակտ կամ որոշում, որտեղ որեւէ կերպ արտացոլված լինեն նրանց կողմից ներկայացված սկզբունքները եւ դրույթները։ 8. Գյուղատնտեսական մեծածախ շուկայի կառուցման վարկային ծրագիրը՝ 15.0 մլն ԱՄՆ դոլար, ԱԺ կողմից վավերացվել է 1996թ։ Ծրագրի իրականացման ժամանակահատված էր նախատեսված 1996-1999թթ։ Այս վարկային ծրագրի իրականացման գործընթացում նախկին եւ ներկա կառավարության, ինչպես նաեւ պետական պատասխանատու աշխատակիցների կողմից թույլ են տրվել ոչ միայն գործող օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներ, այլեւ կամայականություններ եւ պաշտոնական դիրքի չարաշահումներ, որի հետեւանքով 1998թ. փետրվարի 4-ից վարկը դադարեցվել է եւ պետությանը հասցվել է 1.401,599.12 ԱՄՆ դոլարի վնաս։

9. Էներգետիկայի բնագավառում ներդրված վարկերը կազմում են շուրջ 220 մլն ԱՄՆ դոլար։ Վերջին տարիներին բազմիցս կրկնված էներգակիրների վերաբերյալ հարցը հիմքեր ունի՝ մասնավորապես Թուրքմենստանից ներկրված գազի չափաքանակների եւ Ռուսաստանի Դաշնությունից 1993թ. ներկրված եւ Բաթումիում վերամշակված հում նավթի, ինչպես նաեւ այդ նույն թվականին ներկրված հնոցային մազութների քանակների էական տարբերությամբ։

Հանձնաժողովի կողմից պարզվել է, որ 1996թ. Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ կնքված պայմանագիրը չի վավերացվել ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան։ Այդ պատճառով հանձնաժողովն առաջարկությամբ դիմել է համապատասխան կառույցներին՝ դադարեցնել պայմանագրի գործողությունը եւ համապատասխան կարգով ներկայացնել վավերացման։

1993-1994թթ. էլեկտրակայաններում արտադրված եւ իրացված էներգիայի չափաքանակների զգալի տարբերություն կա։

10. ԱՄՆ-ից ստացված ապրանքային վարկեր՝ մոտ 43.5 մլն ԱՄՆ դոլար եւ Եվրոմիությունից ստացված առեւտրային վարկեր՝ մոտ 63.4 մլն ԱՄՆ դոլար։

Հանձնաժողովի աշխատանքի ընթացքում կառավարությունը այս վարկերի վերաբերյալ որեւէ բնագիր փաստաթուղթ չի ներկայացրել։ Այդ առիթով կառավարություն են ուղարկվել պաշտոնական նամակներ, հիշեցումներ, հանձնաժողովի ներկայացուցիչը եղել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում, փոխնախարար պր-ն Ասլիկյանը եղել է հանձնաժողովի հրավիրած խորհրդակցություններում, բայց երկու շաբաթ առաջ հաջողվեց ստանալ միայն մի համառոտ տեղեկանք։ Այժմ այդ մեկ տեղեկանքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձեռքբերման եւ մուտքագրման գների տարբերության հետեւանքով հանրապետության բյուջե մուտք են գործել զգալիորեն ավելի պակաս միջոցներ, քան վարկի բացարձակ չափն է։ Այսպես.

1995թ-ԱՄՆ-ում գնվել է 13.9 մլն ԱՄՆ դոլարի ցորեն, բյուջե մուտք է արվել մոտ 10 մլն ԱՄՆ դոլար,

1997թ. համապատասխանաբար՝ 14.5 եւ 11.68 մլն ԱՄՆ դոլար (եւս մոտ 1.68 մլն ԱՄՆ դոլար իրացնող ձեռնարկությունը պարտք է բյուջեին),

1998թ. – վարկի մեծության, կատարված ծախսերի եւ բյուջե մուտք արվող միջոցների տարբերությունը լավագույն դեպքում կկազմի մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլար՝ ի վնաս բյուջեի։ Մեզ չհաջողվեց կառավարությունից որեւէ տեղեկություն կամ փաստաթուղթ ստանալ ոչ հատուկ հաշվում ֆինանսական շարժերի, ոչ միջոցների մուտքագրման ժամկետների, ոչ մուտքագրված միջոցների հետագա տնօրինման, ոչ էլ ներկրված հացահատիկի որակի մասին։ Հանձնաժողովը գտնում է, որ այս վարկերի գծով առանձին լսումներ պետք է կազմակերպվեն։

11. Զարգացման վարկեր. Զարգացման վարկերը ստանալու նպատակով կառավարությունը տնտեսական բարեփոխումների ծրագիր է ներկայացնում վարկատու կազմակերպությանը։ Հանձնաժողովի աշխատանքի ընթացքում հաջողվեց ստանալ միայն 1997թ. «Զարգացման քաղաքականության մասին» զեկույցը։ Հանձնաժողովի հետ համագործակցության կառավարության չկամության հետեւանքով այս վարկերի վերլուծությունը դժվարացած է եւ պահանջում է լրացուցիչ ժամանակ։

Առաջարկություն

Համաձայն կառավարության կողմից ներկայացված ծրագրերի, առաջիկայում եւս շարունակվելու է օտաերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին վարկեր տրամադրելու գործընթացը։ Ինչպես ցույց տվեցին ուսումնասիրությունները, դրանց օգտագործումը դեռեւս հեռու է արդյունավետ լինելուց, ինչպես նաեւ վարկերի գծով ստացված տեղեկություններն ավարտուն չեն եւ ժամանակին չեն ներկայացվել ու ժամանակի սղության պատճառով որոշ վարկերի ուսումնասիրությունը դեռեւս ավարտված չէ։ Ուսումնասիրությունների եւ եզրակացությունների լիարժեքությունը ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստանալ տեղեկատվություն։ Ուստի հանձնաժողովը նպատակահարմար է գտնում դիմել Ազգային ժողովին իր լիազորությունների ժամկետը երկարաձգելու առաջարկով։

27.11.1998թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031