Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ

Հունվար 15,1999 00:00
tntesakan ankum

Մի շարք երկրներում տնտեսական անկման միտումը եւ համաշխարհային տնտեսական աճի նվազումը ՄԱՀ-ի եւ Համաշխարհային բանկի հասցեին սուր քննադատության առիթ հանդիսացան։ ՄԱՀ-ի աշխատակիցները շատ երկրներում բավականին կոշտ գործունեություն են իրականացնում։ Նրանց հանձնարարականները հաճախ աղետաբեր են լինում որոշ երկրների համար։

Տնտեսական քաղաքականության փակուղին

Այս իրադարձությունների ֆոնի վրա հետաքրքիր կլինի դիտարկել Հայաստանի հարաբերությունները ՄԱՀ-ի հետ, որոնք կարելի է որակել որպես ՄԱՀ-ի բոլոր պահանջների անվերապահ կատարում։ Կառավարությունը հատկապես ջանադրաբար է կատարում այն պահանջները, որոնք բացարձակապես չեն բխում հանրապետությունում արդյունաբերության զարգացման շահերից։ Հարկ է նշել, որ առ այսօր այդ պահանջների կատարումը տնտեսական դրական արդյունքի չի հանգեցրել։ Օրինակ, ՄԱՀ-ը շարունակ ՀՀ կառավարությունից պահանջել եւ պահանջում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում, ինչը մինչեւ այսօր անխոս կատարվում է։ Այսպիսով, ոչ միայն կողոպտվում է ժողովուրդը, այլեւ չի խթանվում արդյունաբերության զարգացումը։ Սակագների բարձրացումը կհանգեցնի առանց այն էլ անմրցունակ հայկական արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը։ Սակագների բարձրացման պահանջը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորված մի շարք էներգետիկ ծրագրեր ձախողվել են։ Այդ ծրագրերը ծանրացել էին մեր արտաքին պարտքի վրա։ Արդյունաբերության շահերին չեն համապատասխանում նաեւ արժութային քաղաքականությունը եւ ՄԱՀ-ի ցուցումներով իրականացվող բազմաթիվ այլ միջոցառումներ։

Փորձաքար

Վաշինգթոնյան համաժողովում առաջարկներ հնչեցին ՄԱՀ-ը եւ Համաշխարհային բանկը միաձուլել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), որի հետ Հայաստանի հարաբերությունները բավականին յուրօրինակ բնույթ են կրում։ Հայաստանն իր համար հսկայական խոչընդոտ է ստեղծել արդյունաբերության զարգացման ճանապարհին։ Նման քաղաքականության արդյունքում ԱՀԿ-ում ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի առավելագույն դրույքաչափ սահմանվեց 10 տոկոսի չափով։ Այդ պատճառով վերջին մի քանի տարվա ընթացքում մեր բյուջեն չհամալրվեց հարյուրավոր միլիոն դոլարներով, իսկ մեզ շարունակ համոզում էին, որ Հայաստանը շուտով մուտք է գործելու ԱՀԿ։ Բյուջեի համալրման նպատակով սկսեցին տուրքերով ծանրաբեռնել չքավոր խավին։

Ի՞նչ իմաստ ունի սոցիալական խնդիրներով ծանրաբեռնված երկրում կարիքավոր բնակչությունից գումարներ կորզել՝ սոցիալական ոլորտի բարելավման նպատակով։ Փոխանակ զանազան շուկայական մեխանիզմներ ներդնելու, անխոհեմ ազատականացումից հրաժարվելու, հովանավորչական քաղաքականություն իրականացնելու միջոցով մարդկանց գումար վաստակելու հնարավորություն տալ եւ միայն դրանից հետո խստացնել հարկային ճնշումը, ներկայիս կառավարությունը հայտարարում է մոնետարիզմին հավատարիմ մնալու իր հաստատուն դիրքորոշման մասին՝ հնազանդվելով ՄԱՀ-ի հանձնարարականներին։

Երգ հիմնականի մասին

Հայաստանի անդամակցությունն ԱՀԿ-ին, շատ անհրաժեշտ քայլ է. սրա շուրջ ոչ ոք չի վիճում։ Բազմաթիվ երկրներ անդամակցել եւ անդամակցում են ԱՀԿ-ին՝ որոշակի պայմաններով։ Այդ պայմանները կախված են երկրի զարգացման մակարդակից, տնտեսական գերակայություններից եւ համապատասխանում են տվյալ երկրի շահերին։ Այն պայմանները, որոնցով Հայաստանն է պատրաստվում անդամակցել այդ կազմակերպությանը, լրիվ անընդունելի են եւ չեն համապատասխանում մեր երկրի զարգացման մակարդակին։ Ավելին՝ այդ պայմանները չեն նպաստում ԱՊՀ երկրների հետ ինտեգրացման գործընթացներին (անդամակցությունը ԱՊՀ երկրների Մաքսային միությանը), վնաս են հասցնում ԱՊՀ երկրների շահերին եւ, ինքնաբերաբար, Հայաստանը հեռացնում են այս երկրների հետ ստրատեգիական եւ տնտեսական համագործակցությունից։ Հարկ է նշել, որ դեկտեմբերի 20-ին Ղրղըզստանը ընդունվեց ԱՀԿ, իսկ մինչ այդ Մաքսային միության երկրները պաշտոնապես հայտարարեցին, որ Ղրղըզստանի՝ ԱՀԿ անդամակցության պայմանները լրիվ անընդունելի են եւ առաջարկեցին Ղրղըզստանը հանել Մաքսային միությունից եւ պատահական չէր, որ ԱՀԿ անդամ դառնալուց հետ Ղրղըզստանի նախագահը պահանջեց կառավարության հրաժարականը։

Հետաքրքիր կլինի իմանալ, թե ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունն ո՞ւմ շահերն էր պաշտպանում, երբ ներմուծվող ապրանքի մաքսատուրքի առավելագույն դրույքաչափերը ամրագրում էր 10 տոկոսի չափով՝ որպես Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության պայման։ Ինչո՞ւ Ազգային ժողովին չէին թույլատրում որոշել ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության պայմանների վերաբերյալ հարցը, որը էական նշանակություն ուներ Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Օրենսդիրներին ընդամենը թույլ տվեցին ընտրել, թե ո՞ր ապրանքների համար կիրառել 10 տոկոս դրույքաչափը, եւ որոնց վրա՝ 0-ական դրույքաչափը։

Հայացք դեպի ապագան

Փորձենք պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե ներկայիս տնտեսական կուրսը շարունակվի։ Բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, ինչպես միշտ, հետ կմնա փողի արժեզրկման տեմպերից։ Ելնելով այս տարի ստեղծված աշխատատեղերի քանակից, կարելի է ենթադրել, որ առաջիկա տասը տարիների ընթացքում առավելագույնը 20-30 հազար մարդ աշխատանքով կապահովվի մասնավոր սեկտորում։ Համախառն ներքին արդյունքը իրական արտահայտմամբ որոշակիորեն կաճի, սակայն չարժե հույս դնել նրա աճի վրա, քանի որ ազատական քաղաքականությունը չի նպաստում գյուղատնտեսության եւ արդյունաբերության զարգացմանը։ Առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը որոշ չափով կկրճատվի, սակայն նախկինի պես ներմուծումը մի քանի անգամ կգերազանցի արտահանմանը։ Կշարունակվի արտասահմանյան կապիտալին չնչին գներով գործարանների, ֆաբրիկաների, հյուրանոցների վաճառքի պրակտիկան, ինչը եւ մի քանի տարի անց Հայաստանին կկանգնեցնի արտասահմանյան ներդրողների եկամտի հայրենադարձման խոշորագույն խնդրի առջեւ։ Դա նաեւ կհանգեցնի վճարման հաշվեկշռի կտրուկ վատթարացմանը։

Նշված «հաջողությունների» եւ բյուջեի կատարման համար անհրաժեշտ դրամի խրոնիկական պակասի հետեւանքով շարունակաբար կաճի քաղաքական առճակատումը, պայքարը իշխանության համար, իշխանության բաժանումը, սոցիալական լարվածությունը, որը բոլորովին չի նպաստի մեր հասարակության համար կենսական կարեւորություն ունեցող հարցերի լուծմանը։ Ցավոք, մեր պետության անհաջողությունների մեծ մասը հետեւանք է այն բանի, որ պաշտոնատար անձանցից եւ նախարարությունների ու գերատեսչությունների աշխատակիցներից ոչ ոք պատասխանատվություն չի կրել կատարած սխալների համար։

Նախընտրական խոստումներն անիրագործելի են

Պարոն Քոչարյանի նախընտրական խոստումների հիմնահարցը Հայաստանի ժողովրդական տնտեսության վերականգնումն էր։ Սա, անշուշտ, զարգացման ներկա փուլում մեր ամենակարեւոր խնդիրն է, քանի որ Հայաստանը բազմաթիվ սոցիալական եւ արտաքին քաղաքական խնդիրներ ունեցող երկիր է։ Միայն զարգացած արդյունաբերության, գյուղատնտեսության պայմաններում է հնարավոր լուծել սոցիալական եւ քաղաքական խնդիրները։ Սակայն մակրոտնտեսական կուրսը, որ շարունակում է իրականացնել մեր կառավարությունը, միանգամայն անհնար է դարձնում պրն Քոչարյանի նախընտրական խոստումների իրականացումը։

ԼԵՎ ՕԳԱՆԵԶՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031