Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵԺԱ ՎՅՈՒ

Փետրվար 26,1999 00:00
de ja vu

Չնայած կոնյակի գործարանի, «Արմենիայի» եւ ՀԱՈՒ-ի վերաբերյալ Վահագն Խաչատրյանը որոշակի խնդիրներ էր մատնանշում, որոնց առկայությունը հավաստել էր նաեւ սեփականաշնորհման նախարարը, այնուամենայնիվ, քննարկումներում հնչեցին ընդհանուր քաղաքական փաստարկներ։ Ի վերջո, անցած տարվա հունիսից են այս հարցերը քննարկվում եւ բոլորովին էլ կեղծ հիշողության արգասիք չէ, որ թվում էր, թե այս ամենը բազմիցս լսել ենք։

Մեր կասկածներն իզուր էին, թե այս խնդիրների քննարկումը չի շարունակվի։ Այնուամենայնիվ, քվեարկության համար անհրաժեշտ քանակի պատգամավորներ այդպես էլ չհավաքվեցին (ի դեպ, ողջ կազմով բացակայում էր կոմունիստների խմբակցությունը, որոնք այս հարցով ամենաբոցաշունչ հռետորներն էին), եւ արտահերթ նիստում քննարկված խնդիրների լուծումն առկախ է առայժմ։

Որոշակի է միայն, որ իր խոստման համաձայն Խոսրով Հարությունյանն այսօր պիտի դատախազություն դիմի՝ ելույթներում պարունակվող փաստերի առնչությամբ։

Որոշակի է նաեւ, որ Արշակ Սադոյանն էլ ցանկանում է դատարան դիմել վարչապետին պատասխանատվության ենթարկելու՝ որպես քաղաքացի իրեն (Սադոյանին) պատճառված վնասի համար. «Եվ թող գա՝ դատարանում ապացուցի, որ ինձ այդքան վնաս չի տվել»։ Բայց չգիտեր ինչպես կամ ինչ հիմքով կարող է այդ նախաձեռնությունն իրականացնել եւ դիմեց խորհրդի համար անգամ Պավել Ղալթախչյանին։ Բնականաբար՝ ապարդյուն։

Այլեւայլ ելույթներից արժանահիշատակ են.

ա) Շահեն Պետրոսյանի դատողությունները, որ մեզ «ոչ մի Բոյլ-Մարիոտ էլ պետք չէր՝ «Արմենիան» շատ լավ էլ շահույթով աշխատում էր»։ Կամ, ինչո՞ւ են ՀԱՈՒ-ի ֆինանսական առողջացման եւ զարգացման մարտավարության ծրագրի համար «Արթուր Անդերսեն» միջազգային խորհրդատվական ընկերությանը դիմել. «Ինչ է, մենք աուդիտ անել, խորհուրդ տալ չգիտե՞նք»։

բ) Արշակ Սադոյանի հայտարարությունները, որ «Պեռնո Ռիկարը» հատուկ հետաձգել է վճարումը՝ «այդ խղճուկ 28 մլն-ը», որ տեսնի, թե ընտրություններից հետո կոնյակի գործարանն իր ձեռքից վերցնելո՞ւ են, թե՞ ոչ։ Ի դեպ, պրն Սադոյանն առաջին անգամ իր հանրահայտ «օտարից էլ վատ» բնորոշումն օգտագործեց նաեւ այս իշխանությունների վերաբերյալ։

գ) Վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար Գագիկ Պողոսյանի տրտունջներն առ այն, որ չեն անդրադառնում սեփականաշնորհման ողջ գործընթացի օրինականությանը, երբ ինքը դա կարող էր անել՝ իր պաշտոնի բերումով։ Մանավանդ, որ վարչապետի համապատասխան տրամադրվածությունն էլ առկա է։ Ի դեպ, չար եւ օտար լեզուներն ասում են, որ սեփականաշնորհման այդ թալանչիական նախորդ փուլի շնորհիվ Գագիկ Պողոսյանը նաեւ ռետինատեխնիկական գործարանի սեփականատերը դարձավ։

դ) Մկրտիչ Գիմիշյանի առաջարկն էլ էր արժանահիշատակ, թե թող նախկին իշխանությունը (ներկա ընդդիմությունը) ստուգի այժմ իրականացվող գործարքների օրինականությունը։ Իսկ նախկին ընդդիմադիրները (ներկա իշխանավորները) անդրադառնան սեփականաշնորհման նախորդ փուլին։

ե) Արա Սահակյանն հարցեր ուղղեց «բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են, որ ձեռնարկությունները (հատկապես խոշոր) չպետք է սեփականաշնորհվեն, մնան պետական։ Ինչո՞ւ չի աշխատում «Մարսը», ո՞վ է խանգարում՝ պետական ձեռնարկություն է։ Ինչո՞ւ չի աշխատում «Տրանզիստորը»։ Իսկ լա՞վ է աշխատում «Հայէլեկտրոմեքենան»։ Ի՞նչ վիճակում է Էլեկտրալամպերի գործարանը»։

զ) Արա Սահակյանի այն հայտարարությանն ի պատասխան, թե «Արեք ձեր ընտրությունները, անցկացրեք ձեր ցուցակները», նախագահող Ալբերտ Բազեյանը մեկնաբանություն արեց. «Եթե Ձեզ համար ակնհայտ է, որ պատգամավորներն արդեն ցուցակներով նշանակված են՝ ինչի համար է այս մրցավազքը»։

է) Արմատական եւ դասական ընդդիմության ներկայացուցիչ Լեոնիդ Հակոբյանը միայն իշխանամետներին վայել հայտարարություն արեց. «Լավ, էս կառավարությանը քշենք՝ բա ո՞վ է գալու իշխանության»։

ը) Ռուբեն Հակոբյանը հանձնաժողովի ուսումնասիրության արժանի համարեց նաեւ հետեւյալ ձեռնարկությունների սեփականաշնորհման եւ գործունեության պատմությունը՝ բոլոր գինու կոմբինատների, Երեւանի կահույքի եւ ժամացույցի գործարանների, «ԵրԱԶ»-ի, «Էլեկտրոնի», «Պոլիպլաստի», «Սիրիուսի», «Գարունի», «Բազալտի» եւ այլն։

թ) Պետրոս Մաքեյանը «Հայրենիքի» անունից համաձայնություն հայտնեց Ռուբեն Հակոբյանի առաջարկին եւ ողջունեց սեփականաշնորհման ողջ գործընթացը վերատեսության ենթարկելու նախաձեռնությունը։ Նաեւ Կոնյակի գործարանի եւ «ԱրմենՏելի» գնորդներին կոչ արեց ձեռնպահ մնալ կտրուկ քայլերից, քանի որ «ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն անպայման կանդրադառնա այդ գործարքներին»։ Ճիշտ է, հետո Մկրտիչ Գիմիշյանը փորձեց սրբագրել ընկերոջ ասածը, բայց Մաքեյանի ելույթից տպավորությունն անմոռաց մնաց։

… «Այս մարաթոնը ոնց որ թե մոտենում է ավարտին»,- արձանագրեց Խոսրով Հարությունյանը։ Երբեւէ իշխանավորներին հաճոյախոսություններ անելու հակվածություն չենք դրսեւորել, բայց սա ԱԺ նախագահի առայժմ ամենահաջող ելույթն էր։ Որոշ մեջբերումներ անենք. «Ինչո՞ւ ենք սեւացնում տնտեսական ամբողջ բարեփոխումների անցած ընթացքը»։ «Այսօր մեզ արդեն հաջողվել է դասակարգային հակակրանք, թշնամանք ստեղծել սեփական կապիտալի նկատմամբ։ Այժմ նույնն անում ենք նաեւ օտարերկրյա կապիտալի նկատմամբ։ Սա է ամենամեծ վտանգը»։ «Ցավոք սրտի, այս ճյուղը, որի վրա տեղավորված էին ազատական արժեքներ դավանող բոլոր քաղաքական ուժերը՝ հենց իրենք էլ հաջողությամբ կտրում են»։ Թերեւս ամենատեղինը հնչեց հետեւյալ զուգահեռը. «Ո՞վ է մեղավոր՝ հարց են տալիս։ Թալեյրանը մի շատ լավ խոսք ունի. «Հեղափոխությունների ժամանակ մեղավոր չկա։ Հեղափոխությունների ժամանակ բոլորն են մեղավոր»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Այս քննարկումների վերաբերյալ զրույցը ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանի հետ՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728