Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան գումար ենք կորցրել «ԱրմենՏել» ստեղծելով

Մարտ 03,1999 00:00
Tatul manasaryan

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի տնտեսական հանձնախմբի պատասխանատու Թաթուլ Մանասերյանի հետ։

-Ռոբերտ Գրինի հայցի հետ կապված սկանդալը, Ձեր կարծիքով, իսկապե՞ս կարող է գցել մեր երկրի հեղինակությունը։

-Այո, արդեն բացասական վերաբերմունքն առկա է։ ԱՄՆ Սենատը եւ Առեւտրի դեպարտամենտը 2-րդ անգամ դիմում են Ամերիկայի իշխանություններին՝ ՀՀ կառավարության վրա ճնշում գործադրելու նպատակով։ Ամերիկյան 2 խոշոր կազմակերպություններ՝ «Ֆորդը» եւ մեկ համակարգչային հայտնի ընկերություն, կասեցրել են իրենց մասնակցությունը հայկական կողմի հետ ձեռնարկումներում։ Այսօր վտանգված է Առեւտրի համաշխարհային ընկերության անդամակցությունը։ Փաստորեն, վտանգ կա, որ Հայաստանը չի կարող օգտվել «Արտոնությունների ընդհանրացված համակարգից»։ 140 զարգացող երկրներ այս համակարգի շնորհիվ 4 հազար ապրանքներ եւ ծառայություններ կարող են առաջարկել կամ ներմուծել արտոնյալ կարգով։

Ի վերջո, Գրինի գործի հետ կապված խառնաշփոթը կարող է խանգարել ու թուլացնել հայկական լոբբինգի, հայկական գրասենյակների աշխատանքները։

Մենք եղել եւ մնում ենք ասիական պետություն՝ իր բոլոր դրական եւ բացասական հատկանիշներով։ Մեզ մոտ դեռեւս չի արմատավորվել այն պատկերացումը, որ կարելի է օրենքներ ստեղծել եւ շարժվել հենց այդ օրենքներով, գործնականում կիրառել ընդունված օրենքները։ Մեզ մոտ այսպես է՝ ցույց տալու համար ընդունում ենք օրենքներ, բայց դրանց մեջ փորձում ենք գտնել շրջանցելու հնարավորությունները։ Կարելի է ենթադրել, որ ավելի հաճախ կանխամտածված օրենքներն ընդունվում են շրջանցելու հնարավորություններով։ Մեզ համար լուրջ խնդիր է դառնում նաեւ բանիմացության պակասը։ Եթե ուսումնասիրենք «ԱրմենՏելի» հետ կապված գործարքների մեծ մասը, TWT-ի կողմից տեղ գտած կեղծիքների մեծ մասի «հաշվարկն» այն է եղել, որ հայկական կողմում չեն լինի այն գրագետ ուժերը, որոնք կկասեցնեն այդ գործարքները։ «Սիմենսից» գնվել են բացահայտ ավել գնով սարքավորումներ եւ «Սիմենսի» համաձայնությամբ կատարվել է եւս 20% հավելում։ Մյուս կողմից TWT-ն «ԱրմենՏելից», որպես գործարքի միջնորդ, 7% պարգեւավճար է ստացել։ Հենց այս համաձայնության պատճառով է, որ հարավկորեական նույն որակի սարքավորումների փոխարեն գնվել են «Սիմենսի» սարքավորումները։

Շատ դեպքերում կառավարությունը մատների արանքով է նայել գործարքներին։ Դրանք անձնավորված են եղել՝ կոնկրետ անձը բերել, ներկայացրել է գործարքը որոշ հիմնավորումներով։ Դրանց ստվերում արվել է այն, ինչ կոչվում է ստվերային էկոնոմիկա։

-Այդ թերությունները տեղ են գտել անձնական շահի՞ պատճառով, թե՞ կառավարման փորձի պակասի։

-Թե մեկը, թե մյուսը։ Ես չէի ուզենա խոսել անուններ հրապարակելով։ Այսօր կան մի կողմից փաստեր, մյուս կողմից՝ եզրահանգումներ, որոնք ստուգման կարիք ունեն։ Ժամանակին Հայաստանում պետնախարար աշխատած մեր սփյուռքահայ հայրենակցի (ակնարկը բավական թափանցիկ է՝ խոսքը Սեպուհ Թաշճյանի մասին է- Ա. Գ.) միջնորդությունը մեծ նշանակություն է ունեցել TWT-ի եւ «ԱրմենՏելի» գործարքներում։ Ժամանակին նույնիսկ նրան առաջարկվել է գլխավոր տնօրենի պաշտոնը։

-Այսօր ՀՀ կառավարությունը, եթե վճարի հայցվորի՝ Գրինի պահանջած 300 հազարից ավել գումարը, կկարողանա՞ խուսափել միջազգային բացասական հետեւանքներից։

-Եթե փորձենք պարզունակ խոսել՝ կասենք, որ դրանով կավարտվի Գրինի գործը։ Դրանով կշահի Գրինը, բայց մի քանի անգամ ավելի կշահեն Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը։ Ես լավ ծանոթ եմ գործի փաստաթղթերին։ Հավատացեք՝ հիմքեր կան TWT-ի կողմից հանրապետությանը հասցված վնասները հետ վերադարձնելու համար։

-Դուք որպես տնտեսագետ աշխատել եք Ամերիկայում։ Այնտեղ TWT-ի տեր՝ Բերի Հոնի հետ շփվե՞լ եք։ -Բարեբախտաբար, թե դժբախտաբար ապրել եւ աշխատել եմ նույն նահանգում։ Շատ եմ շփվել գործարար շրջանակների հետ, նրանց մի մասը եղել են իմ ուսանողները (ասպիրանտները)։ TWT-ի ընկերություն որեւէ տեղ չեմ հանդիպել։ Ես այս ընթացքում ստուգել եմ իմ ամերիկացի մտերիմների հետ։ TWT-ն օֆշորային ընկերություն է, որ կանխամտածված գրանցված է եղել ոչ թե ԱՄՆ-ում, այլ ուրիշ վայրում։

-«Առավոտին» տված հարցազրույցում նախկին նախարար Պողպատյանը նշում էր, որ TWT-ն ամերիկյան հայտնի կազմակերպություն է։

-Ես տեսել եմ TWT-ի գրանցման փաստաթուղթը՝ դա օֆշորային կազմակերպություն է։ Ես երբեք չեմ հանդիպել այդ ընկերության անվանը։ Այն երբեք չի եղել 500 խոշորագույն ընկերությունների կազմում։ Բերի Հոնի անունը եւս երբեք չեմ լսել Կալիֆոռնիայի նահանգում աշխատելու շրջանում։ Իմ ստուգումները ցույց են տալիս, որ եթե հիմա մենք արագ գործենք՝ կարող ենք հետ ստանալ մեր վնասները։ Ես հայկական մի քանի շրջանակներից տեղեկացված եմ, որ TWT-ն Հայաստան բերելու նախաձեռնությունը պատկանում է Սեպուհ Թաշճյանին։

-Որքա՞ն եք գնահատում Հայաստանի վնասը TWT-«ԱրմենՏել» գործարքում։

-Առնվազն 70 մլն դոլար։ Դրան կարող է գումարվել նաեւ կեղծիքների միջոցով սարքավորումների գնի բարձրացումը, թղթերի վրա արձանագրված՝ իրականում չարված ներդրումները։

-Ինչպե՞ս է ձեւավորվել 70 մլնը։

-Իմ ձեռքի տակ կա փաստաթղթերի լուրջ փաթեթ, որոնցով կարելի է ապացուցել, որ դա կոպիտ ասած, Հայաստանի կառավարությանը խաբելով կորզված գումար է։ Ռոբերտ Գրինի մասնակցությունը գնահատում եմ հենց այս առումով։ Նա աշխատել է ե՛ւ TWT-ի, ե՛ւ «ԱրմենՏելի» հետ, եւ նրա ձեռքին են, բարեբախտաբար, այն փաստաթղթերը, որոնք մենք հետաքննությամբ շատ ժամանակ ու միջոցներ ծախսելով կարող էինք հայթայթել։ Հնարավոր է, որ դրանց մի մասը չկարողանայինք էլ ձեռք բերել։

Այսօր էլ կառավարությունը հետեւողական չէ այս հարցերում։ Որպեսզի ամեն ինչ սեւ չներկայացվի, ասեմ՝ Եվրոբանկի մասնակցությունը «ԱրմենՏելի» ներդրումային ծրագրերում կարելի է ձեռքբերում համարել։ Դա դրական ակնկալիքների հիմքեր է տալիս եւ չի կարելի թերագնահատել ներկայիս նախարարի ջանքերն այս հարցում։

Հարցազրույցը վարեց ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031