Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻ Է

Ապրիլ 27,1999 00:00
srjaka mijavayr

Համաշխարհային առողջապահական կազմակերպության Եվրոպական եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակների համագործակցության վրա է հիմնված «Շրջակա միջավայրի եւ առողջության ազգային ծրագրի մշակումը» Հայաստանում։

Սա ծրագրի անվան թարգմանությունն է մասնագիտական լեզվից՝ «Շրջակա միջավայրի հիգիենայի ծրագիր»։ Առավել մանրամասն այս մասին «Առավոտին» պատմեց Համաշխարհային առողջապահական կազմակերպության փորձագետ Յուլիուս Պտաշեկասը։

-Տնտեսական զարգացումն ուղղակիորեն ազդում է մարդկանց առողջության, սպասարկման մակարդակի, ջրամատակարարման, ջրի գնի վրա։ Ցանկացած զարգացում երկու կողմ ունի։ Մի կողմից տեխնոլոգիաների մակարդակն է բարձրանում, մյուս կողմից՝ գներն են բարձրանում։ Եվ այդ գինը, որպես կանոն, լինում է առողջապահության մակարդակի առաջին հակառակորդը։ Մեր գերնպատակն է, որ առավելագույնս պահպանվեն այն սահմանադրական երաշխիքները, որոնք տրված են երկրի յուրաքանչյուր քաղաքացու եւ վերաբերում են նրա առողջությանը՝ շրջակա միջավայրի որակի հետ կապված։ Անհրաժեշտ է, որ մարդու առողջությունը չտուժի տնտեսական զարգացման ժամանակ։

– Ինչքա՞ն ժամանակ է՝ Հայաստանում եք։ Եվ ի՞նչ դիտարկումներ եք կատարել այդ ընթացքում։

– Ես Հայաստանում աշխատում եմ մոտավորապես երեք տարի, այսպես կոչված՝ առանձին առաքելություններով։ Այն տպավորությունն ունեմ, որ առաջընթացը հստակ գծագրվում է, եւ զարգացման արդյունքները տեսանելի են։

– Դուք կարո՞ղ եք թվարկել այդ արդյունքները։

– Առաջինը, որ ուզում եմ նշել, կառավարական շրջանակներում շրջակա միջավայրի եւ առողջության հարցերում կոմպետենցիայի եւ գիտակցության մեծացումն է։ Կյանքի որակ ասվածը ՀԱԿ-ի սանդղակով շատ կարեւոր պարամետր է։ Իսկ այդ կյանքի որակը կախված է ոչ միայն բժշկական, այլեւ սոցիալական, բնապահպանական ցուցանիշներից։ Զարգացման այդ միտումը հստակ ուրվագծվում է վերջին երկու տարում։

– Իսկ ինչպիսի՞ն էր այստեղ այդ հարցերի նկատմամբ վերաբերմունքը, երբ դուք նոր էիք եկել Հայաստան։

– Վերաբերմունքը անցումային տնտեսություն ունեցող երկրի համար ավանդական էր, այսինքն՝ ուղղված միայն առաջնային տնտեսական կարիքների բավարարմանը։ Պատերազմից հետո բնական էր, որ Կյանքի որակը մի կողմ էր մղված։ Իսկ այժմ երկիրն անցել է այդ շրջանը, եւ այսօր արդեն խոսում ենք ջրային տնտեսության զարգացման մասին։

– Դուք խոսեցիք այս հարցերի նկատմամբ կառավարության վերաբերմունքի մասին։ Իսկ տեղյա՞կ եք ժողովրդի, հասարակ մարդկանց կարծիքի մասին։

– Մենք ինքներս, ցավոք, սոցիոլոգիական հարցումներ չենք կատարում, որովհետեւ մասնագիտացված փորձագիտական կազմակերպություն ենք։ Համաձայն հաշվեկշռային կարգավիճակի, մենք պետք է աշխատենք եւ աշխատում ենք Հայաստանի մասնագիտացված կառույցների հետ, առաջին հերթին՝ նախարարությունների եւ առողջապահության ու բնապահպանության խորհրդարանական հանձնաժողովի հետ։ Շփումներ ունենք նախարարների կաբինետի եւ վերջինիս մասնագետների հետ։ Հետեւաբար դժվար է խոսել սովորական մարդկանց վերաբերմունքի մասին։

– Նման ուսումնասիրություններ, սակայն, մեր նախարարություններն են կատարում։ Դուք օգտվո՞ւմ եք դրանց արդյունքներից։

– Իհարկե, ուսումնասիրություններ տարվում են։ Մենք նույնիսկ լրացուցիչ՝ առաջներում չհավաքվող տեղեկատվություն էինք հավաքել։ Մեր մասնագետների խմբերը մարզերում պարզում էին պրոբլեմների առաջնահերթությունը։ Եվ քանի որ բոլոր պրոբլեմները հնարավոր չէ միասին լուծել, անհրաժեշտ է դասդասել դրանց կարեւորությունը։ Մեր խնդիրն է պարզել այդ գերակայությունները՝ առաջին հերթին կապված հասարակական առողջապահության հետ։

– Իսկ ՀԱԿ-ն ընդհանրապես ի՞նչ ծրագրեր է իրականացնում Հայաստանում։

– ՀԱԿ-ը Հայաստանում ավելի քան 32 ծրագիր է իրականացնում, որոնք շատ տարբեր պրոֆիլների են՝ սկսած կանխարգելիչ, վերջացրած՝ բուժական, դեղորայքային, հումանիտար միջոցառումներով։ Բայց շրջակա միջավայրինը հիմնական ծրագիրն է։ Երկու տարի առաջ ջրամատակարարման տեղային պրոբլեմների լուծմանն ուղղված ջրային ռեսուրսների ծրագիր իրականացվեց։

Մյուս փուլը առողջապահական քաղաքականության մեջ մայիսի սկզբին անցկացվելիք գիտաժողովն է, որտեղ ներկայացված կլինեն միջազգային բոլոր առողջապահական կազմակերպությունները եւ, բնականաբար, Հայաստանի կառավարական կառույցները։ «Շրջակա միջավայրի եւ առողջության ծրագիրը» շատ մեծ տեղ կգրավի օրակարգում, որովհետեւ այն Հայաստանի վիճակը կարող է էականորեն փոխել։ Երկրորդ փուլը հունիսին եվրոպական՝ Լոնդոնյան գիտաժողովն է, որտեղ Հայաստանը կներկայացնի «Շրջակա միջավայրի եւ առողջության» քաղաքականության մասին արդեն վերջնական փաստաթուղթը։ Իսկ դա դոնորներ ձեռք բերելու անմիջական հնարավորություն է՝ ուղղված ծրագրի իրականացմանը։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930