Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր սուվերեն իրավունքն է՝ զարգացնել հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ». Վահան Կոստանյան

Ապրիլ 04,2024 16:51

«Բրյուսելի հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը բավականին բաց է, կարող եմ ասել, որ քննարկել ենք Հայաստան-ԵՄ եւ Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաեւ քննարկելու ենք եռակողմ համագործակցությունը:

Հանդիպումը մեծապես ուղղված է մեր տնտեսական հնարավորությունների, մեր կարողությունների բարձրացմանը: Չեմ կարծում, թե պետք է աշխարհաքաղաքական մեծ իրադարձություն դարձնենք միջոցառումը, որն իհարկե, մեզ համար շատ կարեւոր միջոցառում է: Նաեւ պետք է ճիշտ կառավարենք մեր ունեցած ակնկալիքները»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Նրա խոսքով. «Շատ հաճախ պետությունները կամ կողմերը, որոնք դեմ են մեր՝ այս ֆորմատով համագործակցությանը, մեդիա դաշտում փորձում են ստեղծել առավել մեծ ակնկալիքներ, որոնք պետք է ունենալ վաղվա միջոցառումից, հետագայում հանրության մոտ մեծ հիասթափություն առաջացնելու համար: Մենք շատ սոլիդ հանդիպում կունենանք: Արդյունքների մասին էլ կտեղեկացվեք: Թե ինչ օրակարգով ենք մեկնելու վաղը Բրյուսել, ԱԳՆ մամուլի խոսնակն արդեն մեկնաբանություններով հանդես է եկել»:

ԱԳ փոխնախարարը պատասխանելով լրագրողի հարցին, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու, ԵՄ-ին միանալու վերաբերյալ քաղաքական որոշումներ ակնկալվո՞ւմ են, նշեց. « Հանդիպումն առավելապես տնտեսական, հումանիտար հարցերին է վերաբերելու»:

Ինչ վերաբերվում է Ալիեւի՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին ուղղված զանգին ու սպառնալիքներին, որ եթե հանդիպումը չչեղարկվի, տարածաշրջանային անկայունություն կարող է լինել, այս մասին էլ Կոստանյանն ասաց. «Ես արդեն իսկ նշեցի, որ կան պետություններ, որոնք փորձում են վաղվա միջոցառման հետ կապված չափից մեծ ակնկալիքներ սերմանել նաեւ մեր հասարակության մեջ: Բացարձակապես ընդունելի չեն նման մեկնաբանություններն այլ երկրների կողմից: Մեր սուվերեն իրավունքն է՝ զարգացնել հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ԱՄՆ-ի եւ Եվրամիության»:

Անդրադարձ եղավ նաեւ կուտակված խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելու՝ ՌԴ դեսպանատան ուղերձին:

«Դիվանագետները, որպես կանոն, միշտ խոսում են եւ խոսում են բոլոր գործընկերների հետ, բայց շատ կարեւոր է նաեւ այն միջավայրը, որը պետք է ստեղծված լինի տարբեր թեմաների շուրջ խոսելու համար, իսկ Ռուսաստանի Դաշնության եւ ՌԴ արտաքին գործերի նախարարության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները բնավ որեւէ կերպ չեն նպաստում նման մթնոլորտի ձեւավորմանը»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. ՀԱԿ վարչության անդամ Արման Գալոյանը, անդրադառնալով Վահան Կոստանյանի ճեպազրույցին՝ ֆեյսբուքի իր էջում գրել է. «ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը վաղվա բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Պետությունները կամ կողմերը, որոնք դեմ են մեր այս ֆորմատով համագործակցությանը, մեդիադաշտում փորձում են ստեղծել առավել մեծ ակնկալիքներ, քան վաղվա միջոցառումից կարելի է ունենալ, հետագայում հանրության մոտ որոշակի հիասթափություն նաև առաջացնելու համար»:

Հիմա մի փոքր վարժություն. թերթեք հայաստանյան լրահոսը և տեսեք՝ ո՞վ, ինչպե՞ս է «առավել մեծ ակնկալիքներ ստեղծում» այդ միջոցառումից։ Եթե շատ ժամանակ չունեք, ապա կարող եք հետեւել այսօրվա խորհրդարանական լսումներին։

Այո, այո. ճիշտ եք՝ հաստիքային արևմտամետները։ Նույն իրենք՝ արևմտամետ ներկայացող ուժերը, ավելի ճիշտ՝ մի քանի մարդ կուսակցություններ ու փորձագետները։

Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ այդ մարդ-կուսակցությունները որոշակի պարբերականությամբ հյուրընկալվում են կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանի մոտ, խորհրդակցություններ ու քննարկումներ անցկացնում (կարող եք դիտել արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանի հանդիպումների լուսանկարները)։

Նիկոլ Փաշինյանի կամ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ փակ ֆորմատներով պարբերաբար հանդիպում են նաեւ արեւմտամետ ներկայացող փորձագետները։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր եթերներում ամենօրյա ռեժիմով կրկնում են, թե արեւմուտքն ուր որ է՝ անվճար զենք է տալու Հայաստանին, ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի այս տարի, «Հայաստանը Եվրոպա է, եւ վերջ», օր առաջ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ՌԴ-ն մեր թշնամին է եւ այսպես շարունակ …. ցանկը շատ է, չափազանց շատ։

Բայց ԱԳ փոխնախարարի այս հայտարարությունից հետո շատ անհարմար բան է ստացվում.

– Ստացվում է, որ անիրատեսական ակնկալիքներ ձեւավորող անձինք ուղղորդվում են այն պետությունների կամ կողմերի կողմից, որոնք դեմ են Հայաստանի՝ Արևմուտքի հետ համագործակցությանը։ Այսինքն՝ արեւմտամետ ներկայացող ուժերը իրականում արեւմտամետ չեն ու աշխատում են Հայաստանի՝ Արեւմուտքի հետ համագործակցության դեմ։

Եթե մի քիչ էլ բացենք փակագծերը, կարելի է ենթադրել, որ այդ «պետությունները կամ կողմերը» ոչ այլ ոք են, քան՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան (հազիվ, թե Ֆրանսիան, Բելգիան, Գերմանիան կամ այլ պետություն նման քայլ անի)։ Կոստանյանի ասածի տրամաբանությամբ ստացվում է, որ հաստիքային արեւմտամետներն ուղղորդվում են ՌԴ-ի, Ադրբեջանի, Թուրքիայի կամ այլ երկրի կողմից, որպեսզի բրյուսելյան հանդիպումից անիրատեսական ակնկալիքներ ձեւավորեն ու հիասթափություն առաջացնեն (ի դեպ, այս հարցում լիովին համամիտ եմ Վահան Կոստանյանի հետ)։

-Նաեւ մեկ այլ անհարմար մի բան է ստացվում՝ վարչապետը պարբերաբար հանդիպումներ է ունենում այլ «պետությունների կամ կողմերի» կողմից ուղղորդվող եւ Հայաստանում անիրատեսական տրամադրություններ, ըստ այդմ՝ հիասթափություններ սերմանող անձանց հետ։

Ավելին, քանի որ այդ անձինք պարբերաբար եթերից եթեր են վազում եւ նման կեղծ ակնկալիքներ ձեւավորում, հիասթափություն սերմանելու համար, այս ամենն անում են իշխանության ամենավերին օղակի եթե ոչ հանձնարարությամբ, ապա առնվազն համաձայնությամբ ու թողտվությամբ՝ «դաբրոյով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930