Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ «ՀՈՒՍԱՐԱԿԱՆ ԲԱԼԼԱԴԸ»

Մայիս 07,1999 00:00
igor muradyan

Ինչ է նշանակում «ուժայինների աջակցություն»

Գաղտնիք չէ, որ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությունը նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում արդեն դարձել է հայկական ազգային քաղաքական ավանդույթ: Այդ երեւույթը մաս է կազմում մեկ այլ «հասարակության կողմից ընդունված» ֆենոմենի՝ ընտրական պրոցեսին պետության, ավելի ճիշտ, պետական ապարատի միջամտության: Տպավորություն է ստեղծվում, որ պետությունը ու այն մարմնավորող քաղաքական դեմքերը ինչ-որ ճակատագրական անվստահություն ունեն կուսակցությունների եւ ընդհանրապես ընտրողների նկատմամբ: Անշուշտ, ուժայինների մասնակցությունն ընտրություններին մարգինալության եւ պրիմիտիվիզմի նշան է: Տարակուսանք է առաջացնում մեկ այլ հանգամանք. հասարակության առավել կրթված մասը՝ այն, ինչ ընդունված է «մտավորականություն» անվանել, նշված երեւույթն ընկալում է միանգամայն նորմալ եւ նույնիսկ լոյալություն է ցուցաբերում այդ ավանդույթի նկատմամբ:

Քաղաքական կուսակցությունների եւ առանձին գործիչների միջավայրում ուժայինների կողմից իրենց աջակցելը բարձր վարկի եւ քաղաքական հաջողության նախապայման է: Դա դառնում է հպարտության եւ քարոզի առարկա, ուժայինների խրոխտ անունները հայտնվում են իրենց աջակցությունը ստացած թեկնածուների եւ կուսակցությունների կողքին՝ նախընտրական պաստառներում: Քաղաքական ռոմանտիզմի տեսակետից որոշ չափով անհասկանալի է մնում «աջակցություն» բառի իմաստը: Հավանաբար, խոսքը մարդկային ստորության այն ձեւերի մասին է, որի իրականացման դեպքում տուժում է հենց ընտրողը՝ վերջինիս փորձում են հասկացնել իր ոչնչությունը: Մշտապես ընդդիմադիր շրջանակների տեսանկյունից «աջակցությունը» նշանակում է պաշտոնական եւ անպաշտոն ուժային կառույցների, սպորտային համազգեստ հագած կամ չհագած տղաների կրքոտ մասնակցություն: Հավանաբար, չկա Հայաստանում քիչ թե շատ հայտնի քաղաքական գործիչ կամ կուսակցություն, որը չի երազում ուժայինների համապատասխան «աջակցության» մասին: /Ով չի երազում, թող զանգահարի «Առավոտի» խմբագրություն եւ դա խոստովանի/:

Սակայն հայկական պառլամենտարիզմի այս «հուսարական բալլադում» վերջերս հստակ օրինաչափություններ են բացահայտվում: Ասենք, եթե պաշտպանության նախարարը ինչ-որ մեկին «աջակցում» է, ապա հանրապետության նախագահն այս մի կոնկրետ երջանիկին որոշակիորեն «չի աջակցում»: Ցավալի է, չէ՞: Ինչպիսի՜~ հովվերգություն էր տիրում նախորդ ղեկավարության ժամանակ՝ եթե «աջակցում» էին, ապա ամբողջ «կոդլով»: Սակայն արմատական լիբերալիզմի հովվերգական ժամանակներն անցան, եւ ի հայտ է գալիս կարծիքների բազմազանությունը:

Բայց այդ պլյուրալիզմն արտահայտվում է ուժային «արտադրամասի» ներսում՝ ոչ ավելին: Ընդ որում, գործընթացին միացել են նաեւ ԼՂՀ պաշտոնյաները: Օրինակ, նորաստեղծ «Իրավունք եւ միաբանության» բլոկին «աջակցում» է Սամվել Բաբայանը: Սակայն հստակ չէ, նա «աջակցում է» բլոկին՝ որպես ԼՂՀ պաշտպանության նախարա՞ր, թե՞ մեկ այլ կարգավիճակով: Հայտնի չէ, արդյո՞ք այդ միավորումը պաշտպանում է նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Դա սկզբունքային հարց է, որովհետեւ պետք է հասկանալ՝ այդ բլոկին աջակցո՞ւմ է Լեռնային Ղարաբաղը, թե՞ ոչ: Կարելի է ենթադրել նաեւ անհնարինը ՝ որ ԼՂՀ ամբողջ ժողովրդի կողմից ընտրված նախագահը տանել չի կարող «Իրավունքն ու միաբանությունը»: Այդ դեպքում միավորման անունը առնվազն անպատասխանատու է հնչում: Բացի այդ, անհասկանալի չէ, արդյոք ուժայինների «աջակցությունը» նշանակո՞ւմ է նաեւ որոշ նյութական միջոցների ներդրում: Եթե այո, ուրեմն, ի՞նչ է, Կարեն Դեմիրճյանը, Հրանտ Խաչատրյանը եւ Արտաշես Գեղամյանը իրենց նախընտրական քարոզչությունն են կազմակերպում մեր զինվորներին չհասած մթերքի եւ հագուստի միջոցո՞վ: Այդ մանրամասներն, իհարկե, կարելի է եւ չքննարկել, սակայն չափից դուրս շատ է խոսվում հիշյալ եւ մնացած գործիչների բարոյական հատկանիշների մասին:

Այսպիսով, «ազգային» կողմնորոշում ունեցող նախընտրական միավորումները «աջակցություն» են ստացել հայրենի ուժայինների կողմից, ինչը շատ լավ է բնորոշում նրանց՝ հայրենասիրության տեսակետից: Բայց ի՞նչ պիտի անեն «անտեր մնացած» կուսակցություններն ու բլոկները: Կոմունիստական կուսակցությունը, իր ինտերնացիոնալիստական գաղափարախոսությանը համապատասխան, պետք է սպասի 11-րդ Կարմիր բանակին, որը, սակայն, մինչեւ Հարավսլավիայում ռազմական գործողությունների ավարտը դժվար թե տեղ հասնի: Այնուամենայնիվ, Կոմկուսը «աջակցության» ինչ-որ աղոտ հույս ունի: Ի՞սկ ԱԻՄ-ը կամ ԱԺՄ-ն: Դրանք, հավանաբար, պետք է ակնկալեն ՆԱՏՕ-ի աջակցությունը: Մենք էլ ուզում ենք օրինակ ծառայել. Ազգային անվտանգության կուսակցությունը, որից խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայն Գառնիկ Իսագուլյանը, այժմ քննարկում է ՆԱՏՕ-ին աջակցության դիմելու խնդիրը:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հ.Գ. Հոդվածի հոնորարը խնդրում եմ փոխանցել ՆԱՏՕ-ի ֆոնդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31