Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔ` ՉԳԻՏԵՄ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ

Մայիս 21,1999 00:00

ԽՈՍՔ` ՉԳԻՏԵՄ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ «Իսկ դուք չե՞ք հոգնել քաղաքականությունից»: Երբ տարիներ առաջ այս հարցը տալիս էի «Երկիր Նաիրիի» էջերից, չէի կարծում, որ կգան «ժամանակներ ավելի դաժան ու դժնի»: Ու այդ «հոգնությունը» կհասնի ճգնաժամային մի ջերմաստիճանի, երբ փոխվում է նյութի (հասկացության, երեւույթի) որակն ու բովանդակությունը: Չէի կարծում, որ տնտեսական տեղապտույտը այնպիսի փակուղի կդառնա, ուր մոլորվում են նաեւ քաղաքագետները: Համենայնդեպս, կար հավատ, որ անցման դժվարությունները «Ձախորդ օրերի պես կուգան ու կերթան», ու մենք արագորեն դուրս կգանք չգիտես ինչու, չգիտես որտեղից հայտնված ճգնաժամից: Բնավ մխիթարություն չէ, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նորանկախ (մի՞թե հնարավոր է տասը տարի մնալ ՆՈՐանկախ, այսինքն՝ երկրորդ ու երրորդ աստիճանի թարմության ձկան կարգավիճակում, ու՞մ ենք խաբում) բոլոր հանրապետությունները ժառանգեցին բազում հիմնախնդիրներ ու պիտի անցնեն, անցնում են, դեռ անցման ԳՈՐԾԸՆԹԱՑԻ մեջ են դեպի ազատական տնտեսություն ու շուկայական հարաբերությունների հաստատում: Հարեւանիդ տան հրդեհից քո տունը չի տաքանում: Բնավ մխիթարություն չէ, որովհետեւ մենք սկզբունքորեն չենք ուսումնասիրում նրանց անցման առանձնահատկություններն ու ձեւերը, «փորձի փոխանակում» հասկացությունը իսպառ մերժում ենք: Ոչ այն պատճառով, որ մեր տեղական առանձնահատկություններն այնքան ինքնատիպ են, որ այլոց փորձը մեր դեպքում կիրառելի չէ, այլ այն, որ մենք երբեք ոչինչ չենք սովորում ոչ սեփական, ոչ այլոց սխալներից: Եթե գիտենք, որ փոս է ու կարելի է շրջանցել, գերադասում ենք ընկնել ու փոսում մտածել շրջանցելու հնարավորությունների մասին: Շրջանցելու, ոչ թե փոսից դուրս գալու: Երեւի դարավերջին դա հայի փառաբանված «հետին խելքի» առանձնահատկությունն է: Ոչ, մենք շարունակեցինք գնալ մեր ու միայն մեր ճանապարհով, որովհետեւ այդպես հեշտ էր՝ երբ կույր ես, խուլ ու մի քիչ էլ կաղ, կարող ես դանդաղ, խարխափելով ու գոռգոռալով գնալ, ոչ ոք չի մեղադրի: Ի՞նչ մեղադրես, երբ չի տեսնում, չի լսում ու ոտքերն էլ ամուր չեն: Ավելին՝ մենք սկսեցինք ազգովին հավակնել ու պահանջել ու սպասել քաղաքակիրթ մարդկության ամենամարդասիրական օգնությանը, այսինքն՝ խեղճ ենք, թույլ ենք, մեղք ենք, բա մեզ չե՞ք պահի, մենք էլ մարդ ենք… Դե իրենք էլ մարդ են, տեսան, որ մեզ այդպես ավելի հեշտ է «իրենցը» դարձնել, որոշեցին օգնել, բա չօգնեի՞ն, հաց կտան ու աչքներս կկապեն, ձեռքներս կկապեն, ո՞վ իր հացի հերը կանիծի հանուն ինչ-որ համապետական շահի: Եվ ո՞վ ասաց, որ ժողովրդին կերակրելը հենց համապետական շահը չէ: Ու այդպես դանդաղ դարձանք 64-րդական կարգի մի ստից երկիր, որ մի երկու ճակատամարտում հաղթելուց հետո հայտարարում է, որ հաղթել է պատերազմում, որ ամենաբարձր մակարդակով չի կարողանում վերջին հաշվով պարզել իր երկրի սահմանները՝ այսինքն՝ Հայաստան ասելով հասկանում ենք Հայաստանի Հանրապետություն + Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, թե՞ երբ, ում, ինչպես հարմար է: Այդպես դարձանք մի երկիր, որ «Առաջ-առաջ պոռալով, հետ-հետ կերթա»: Մեր վարչապետներն անխտիր սիրում են խոսել թվերով, տոկոսներով ու կենսամակարդակի կայունացումը (եթե ոչ աճը) ապացուցող փաստերով: Շատ ուրախ ենք: Բայց աղքատ ենք: Բայց այդ կենսամակարդակը, որ պիտի նշանակեր արդյունաբերության գործարկում ու պարզապես աշխատանքի հնարավորություն, չգիտես ինչու շրջանցում է ժողովրդի հիմնական մասին, որ հարկադրված շարունակում է փերեզակությունը (անվանելով բիզնես), մաշում է օտար երկրների ճանապարհները (անվանելով միգրացիա), մուրում է աջ ու ահյակ (առանց անվանումի): Մեր նախագահները անդուլ մտածում էին ու մտածում են ժողովրդի մասին: Ո՞ր երկրի ժողովրդի: Եվ իրա՞վ այդքան անկայուն է նրանց իշխանությունը, որ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ վճռական քայլեր չանելու ավելի շատ պատճառներ կան, քան անելու: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Ապրում ենք ինքնապահպանման բնազդով, յուրաքանչյուրս մեր չափով ու մեր իրավասությունների հանգույն տրոհելով, փշրելով ու անէացնելով այն անպարփակ ուժը, որ կոչվում է ժողովրդի միասնություն: Որովհետեւ ոչ ոք այեւս այդ միասնության կարիքը չունի: Հիմքը չունի: Նպատակը չունի: Իսկ երբ իմաստը չես տեսնում, գաղափարն արժեզրկվում է: Մենք լողում ենք քամու ուղղությամբ, որովհետեւ մեր նավի առագաստները հենց այնպես են պարզված, ու նավի ընթացքը ոչ մեկին էլ չի հետաքրքրում՝ ու՞ր ենք կորչելու, որ… Մենք ենք, մեր երկիրը, մեր բառադիությունը: Արդեն նույնիսկ անիմաստ է հարցնել՝ իսկ դուք չե՞ք հոգնել: Իսկ երբ մեծ մի ալիք բարձրանա՝ առագաստները չեն օգնի, ու նավը… Խորտակվեց նույնիսկ «Տիտանիկը»: ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31