Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն զենքով կա՞ հանքին փրկություն

Մայիս 28,1999 00:00
ardyunaberutyun

«Առավոտում» ս.թ. մայիսի 8-ին տպագրված «Խոսրովի սարերն ու հանքերը» վերնագրով բաց նամակում՝ ուղղված ՀՀ նախագահին, Լոռու մարզի Լալվարի տուֆաավազաքարերի հանքավայրի շահագործման վերաբերյալ մի շարք գնահատականներ էին տրված, որոնք, ըստ էության, անհիմն են։

Նամակի հեղինակ Ժ. Պեպանյանը մի շարք պաշտոնատար անձանց անուններ է շոշափում՝ բավականին ծանր ու չհիմնավորված մեղադրանքներ ուղղելով նրանց հասցեին։

Առավել ճիշտ պատկերացում կազմելու համար, ընթերցողներին տեղեկացնում ենք, որ «Տարոն» ԲԲԸ-ն ոչ թե լուծարվել, այլ վերջինիս հետ ՀՀ բնապահպանության նախարարության կնքած պայմանագիրը՝ Լալվարի տուֆաավազաքարերի հանքավայրի շահագործման մասին, չեղյալ է հայտարարվել։ Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ ընկերությունները կարող են լուծարվել բաժնետերերի ընդհանուր ժողովի, հիմնադիրների կամ դատարանի որոշումներով միայն։ Բնական է, որ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Կ. Հակոբյանը (նա երբեք առաջին տեղակալ չի եղել եւ այս գործընթացի հետ ոչ մի առնչություն չունի) եւ նախկին նախարար Ս. Շահազիզյանը, ինչպիսի «կեղտոտ ու շահադիտական գործարքի» մեջ էլ մտնեին, չէին կարող լուծարել «Տարոն» ԲԲԸ-ն։ Նշենք, որ «Տարոն» ԲԲԸ-ն այժմ էլ գործում է, եւ նույն նախարարության հետ մի քանի այլ հանքավայրեր շահագործելու պայմանագրեր ունի կնքած, որոնք եւս կատարվում են օրենսդրության եւ պայմանագրային պարտավորությունների կոպիտ խախտումներով։

1995թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Տարոն» ԲԲԸ-ի միջեւ կնքվել է Լալվարի տուֆաավազաքարերի հանքավայրի շահագործման պայմանագիրը։ Վերջինիս համաձայն, «Տարոն» ԲԲԸ-ն պարտավորվում էր տարեկան արդյունահանել 40 հազար խմ լեռնային զանգված, ամեն տարի Հանրապետական երկրաբանական ֆոնդին ներկայացնել ճշգրիտ հաշվետվություն եւ վճարել պետական հարկերը։ Այն, լինելով Ալավերդու հանքվարչություն պետական ձեռնարկության իրավահաջորդը, ըստ պայմանագրի, պատասխանատվություն էր վերցրել 1995թ. հունվարի 1-ի դրությամբ գրանցված պաշարների համար նաեւ։ 1995թ. հուլիսի 24-ին հանքավայրում կատարված չափումների նկատմամբ արդյունահանված լեռնային զանգվածը 1996թ. մայիսի 20-ին կազմել է 1250 խմ, որից միայն 100 խմ-ն է ձեւակերպվել հաշվապահությունում։ 1997թ. ընդհանրապես հաշվետվություն չի ներկայացվել։

Գրավոր մի շարք նախազգուշացումներից եւ երրորդ ստուգայցից հետո երեք ամսով աշխատանքները դադարեցնելու կարգադրագիր է ներկայացվել։ Այդ ընթացքում ապօրինաբար արդյունահանվել է եւս 210 խմ լեռնազանգված։

Իր գործունեության ընթացքում «Տարոն» ԲԲԸ-ն արդյունահանել է 3670 խմ լեռնազանգված, որից հաշվապահական ձեւակերպում է ստացել միայն 100 խմ-ն։

Վերոհիշյալ փաստերը «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Ի. Աբգարյանի մասնակցությամբ քննարկվել են «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման պայմանագրեր կնքելու» հանձնաժողովի 1997 թ. հոկտեմբերի 17-ի նիստում։ Պայմանագրային պարտավորությունները կոպտորեն խախտելու համար 1998 թ. հունվարի 22-ին վերը նշված պայմանագիրը չեղյալ է հայտարարվել։ Համաձայն գործող օրենսդրության, 12 կազմակերպություններ դիմել են այդ հանքավայրի պաշարների մասին տեղեկանք ստանալու խնդրանքով՝ մրցութային կարգով շահագործման արտոնագիր ստանալու նպատակով։ Բոլորի դիմումները բավարարվել են։

Վերոհիշյալ արտոնագրի հիման վրա էլ ՀՀ բնապահպանության նախարարությունը Լալվարի տուֆաավազաքարերի հանքավայրը շահագործելու պայմանագիր է կնքել «Լալվարիտ-1» ԱՁ-ի հետ։

Վերջում Ժ. Պեպանյանին ուզում ենք նախազգուշացնել, որ «արդյունաբերությունը վերականգնելու համար» արյուն թափելն արդեն իսկ անարդարություն է։ Ուղղակի հարկավոր է ոլորտի օրենքներն ու կնքած պայմանագրի դրույթները լավ իմանալ։

Հ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31