Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասեք՝ մենք արդյունաբերական երկիր դառնալու հույսերը փակում ենք, դառնում ենք վերաարտահանող երկիր»․ Արթուր Խաչատրյան

Փետրվար 06,2024 11:34

Ազգային ժողովի նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին․ «Ինչպե՞ս ստացվեց, որ երկրում, որտեղ արդյունաբերությունը տարեկան կտրվածքով 4-5 տոկոսի չափով է աճել, իսկ գյուղատնտեսությունը՝ 1-2 տոկոսի չափով, հանկարծ արտահանման ծավալն այդքան մեծացավ։ Եվ, մասնավորապես, ինչպե՞ս եղավ, որ հանկարծ ոսկու վերամշակումը նոյեմբեր ամսին 13 անգամ մեծացավ եւ ինչպե՞ս եղավ, որ ադամանդի արտահանումը 660 մլն դոլարի կարգի դարձավ։ Այդ ո՞ր ընկերություններն են այդքան ադամանդ հղկում»։

Վահան Քերոբյանն ասաց, որ մոտ 10 ընկերություն զբաղվում է ոսկու, պալադիումի եւ պլատինի արտաքին առեւտրով։ Ըստ նրա՝ ոչ մի վատ բան չկա դրա մեջ․ Հոլանդիան, Շվեյցարիան, Սինգապուրը եւ մի շարք այլ երկրներ նույնպես նման քաղաքականություն են վարում։

Արթուր Խաչատրյանն արձագանքեց, որ Սինգապուրի տնտեսական քաղաքականությունը սկզբում հենց դրա վրա էր կառուցված։ «Իրենք ասում են՝ մենք տրանզիտային երկիր ենք։ Մենք ասում ենք՝ մեր արդյունաբերությունն է աճում։ Ազնվության եւ անկեղծության մասին է խոսքը, որը ես այս կառավարության գործունեության մեջ չեմ տեսնում։ Չի կարող արդյունաբերությունն աճել 5 տոկոսով, արտահանումն աճել 50 տոկոսով։ Կամ էլ ասեք՝ մենք արդյունաբերական երկիր դառնալու հույսերը փակում ենք, դառնում ենք վերաարտահանող երկիր»,- ասաց պատգամավորը։

Վահան Քերոբյանը նշեց, որ եթե կա հնարավորություն ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ Հայաստանում գործող ընկերությունները կկարողանան միջազգային առեւտրով զբաղվել, ապա կառավարությունն այդ հնարավորությունը չի փակում, բայց այդ ընկերություններին պատշաճ կերպով հարկում է։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829