Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՂՏՆԻ» ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՄՆԱՑ ԳԱՂՏՆԻ…

Հունիս 12,1999 00:00
gaxtniq

Քրեական գործերով Վերաքննիչ դատարանի երեկվա նիստը կարող էր դրամատիկական ժանրով զբաղվողների համար ստեղծագործական ներշնչանքի աղբյուր դառնալ, նախագահող դատավոր Տիգրան Սահակյանի, դատավորներ Եվա Դարբինյանի եւ Ժորա Հովսեփյանի մասնակցությամբ։

Չնայած դատաքննությունն ինքնին ողբերգական աղերսներ ունի. Լեհաստանում սպանվել է երիտասարդ Արայիկ Պետրոսյանը, եւ ամբաստանյալի աթոռին է նրա երբեմնի ընկերը՝ Արման Դանգոյանցը։

Սենսացիա՞, թե՞ իրականություն

Դատական նիստը սկսվեց ամբաստանյալի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանի մի հեռախոսային խոսակցության «գաղտնի ձայնագրության» հրապարակումով։ Ըստ այդ ձայնագրության, միմյանց հետ են հեռախոսով զրուցում հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը եւ Վերաքննիչ դատարանի անդամ Տ. Սահակյանը։ 1999 թ., հունիսի 7։

«Աղվան Հովսեփյանը զանգում է Տիգրան Սահակյանին 58-17-74 հեռախոսահամարով, որը գտնվում է գաղտնի լսման տակ մեր ծանոթների կողմից.

Հովսեփյան– Տիգրան Սահակյանին եմ խնդրում։

Սահակյան– Լսում եմ։

Հ.– Սահակյան, գլխավոր դատախազ Հովսեփյանն է, բարեւ։

Ս.– Բարեւ Ձեզ, պրն Հովսեփյան, լսում եմ Ձեզ։

Հ.– Սահակյան, ինչ վիճակում է Դանգոյանցի գործը, քո վարույթում է, չէ՞։

Ս.– Այո, պարոն Հովսեփյան, իմ վարույթում է, բայց շատ բարդ վիճակում ենք։ Հ.- Ինչո՞ւմն է բարդությունը։

Ս.– Դե գիտե՜ք ը… Դուք եք քննել գործը որպես քննիչ ու գիտեք, որ ոչ մի ապացույց չկա գործում, որ Դանգոյանցն է սպանել։

Հ.– Ոնց թե չկա, ի՞նչ ես ասում, բա եղա՞վ։ Բա իրա ինքնախոստովանական ցուցմունքներն ու Արգուտյանի հետ հեռախոսային գաղտնի ձայնագրության սղագրությունը ապացույց չե՞ն։ Դրանցից լավ էլ ի՞նչ ապացույց են ուզում։

Ս.– Ախր, պարոն Հովսեփյան, էնպիսի կոպիտ խախտումներով են ձեռք բերվել այդ ապացույցները, որ դրանք օգտագործել չի լինի։ Դանգոյանցի պաշտպանին էլ գիտեք, Ռուբեն Սահակյանն է, առավոտից իրիկուն ասում է՝ դրանք հրապարակելու իրավունք չունենք, հակառակ դեպքում կխախտենք Սահմանադրությունը…

Հ. (Ընդհատում է)- Սպասիր, Սահակյան, էդ պաշտպանը քեզ բարեկա՞մ է։

Ս.– Չէ՛, պարոն Հովսեփյան, ուղղակի ադաշ ենք, ազգանուններով։

Հ.– Դու դրան մի լսիր, արա ինչ որ ասում եմ։ Արխային դիր ու հրապարակի, տեր եմ։ Էդ հարցում լսի մասնակցող դատախազին, ոնց կասի, էտենց էլ արա…»։

Նման բաներ, որն ընթերցելն ավարտելուց հետո փաստաբան Սահակյանը հանձնեց դատավորին՝ քր. գործի նյութերին կցելու համար։ Կցեցին։ Տուժող կողմի փաստաբանը (Ռիմա Գասպարյանի)՝ Մարուսյա Չիլինգարյանը ընդամենն ասաց, թե «իրավունք չունի կցելու, քանի որ հայտնի չէ, թե ինչ ձայնագրություն է։ Այն չի կարող ապացուցողական նշանակություն ունենալ»։ Տուժողը միացավ իր փաստաբանին։ Մեղադրողն իր հերթին պահանջեց կցել վերոնշյալ «գաղտնի ձայնագրությունը» գործին՝ «հետագայում գնահատական տալու համար» եւ հավելեց, որ չի եղել նման խոսակցություն եւ չի էլ կարող լինել։ Նախագահողը՝ Տ. Սահակյանը փաստեց. հայտարարում եմ, որ նման խոսակցություն չի եղել. «բացարձակ անծանոթ տեքստ է»։ Այս ամենը չափազանց լուրջ էր ընդունվում մինչ Ռ. Սահակյանի «հայտարարում եմ, որ ձայնաժապավենը ոչնչացվել է, չի պահպանվել» հայտարարությունը։ Հետեւեց Տ. Սահակյանին բացարկ հայտնելը. «Հիմքն այն է, որ նախագահողը շահագրգռված է գործի ելքով» եւ որ նա կաշկանդված է, քանի որ «այս գործի ետեւում գլխավոր դատախազն է»։ Նախագահողը ասաց, որ կաշկանդված չէ ինքը որեւէ առումով՝ դատախազի, համոզմունքների…

Ամբաստանյալն իր խոսքի իրավունքից օգտվելով ասաց. «համոզված եմ, որ արդարություն չկա, նույնը կատարվում է ինչպես I ատյանի դատարանում»։ Տուժողի փաստաբանը նկատեց, որ բացարկն անհիմն է նախագահող դատավորի նկատմամբ, նկատեց, որ այս ամենը կրկնվում է 4,5 ամիս եւ որ «Ռ. Սահակյանը նիստը վեր է ածել մասնավոր դատական նիստի»։ Տիկին Չիլինգարյանը հայտարարեց, որ Աղվան Հովսեփյանը այս գործի հետ որպես քննիչ կամ դատախազ ընդհանրապես ոչ մի առնչություն չի ունեցել։ Եվ մեղադրեց ամբաստանյալի շահերի ներկայացուցչին, թե «Պարույր Հայրիկյանի աշխատաոճով ամեն անգամ Սահմանադրություն, մարդու իրավունքներ է վկայակոչում, որպես թե Արայիկ Պետրոսյանը ապրելու իրավունք չուներ»։ Ապա շարունակեց, որ ամբաստանյալի ոչ մի իրավունք չի խախտվել, որ նա պաշտպան չի ունեցել, որովհետեւ նախաքննության փուլում նա գործով անցել է որպես վկա։

Տեղեկացնեմ, որ նախագահող դատավորի նկատմամբ բացարկի միջնորդությունը մերժվեց «անհիմն լինելու» պատճառով։ Նիստը դրանով ավարտվեց։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930