Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի որդու առեւանգման գործով դատավորի կարգապահական վարույթից որոշ մանրամասներ կան

Փետրվար 24,2024 13:30

«Առավոտը» շարունակում է տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդում ընթացող կարգապահական վարույթների մասին:

Փետրվարի 20-ին վերջապես ԲԴԽ-ն իր պաշտոնական կայքում տեղադրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը:

Այդ որոշումը կայացվել էր հունվարի 29-ին, դատավորին ենթարկել էին կարգապահական պատասխանատվության, հայտարարվել էր նախազգուշացում: Եղել էր մեկ հատուկ կարծիք՝ Ա.Վարդանյանինը: 30 էջանոց որոշման ամբողջական տեքստից որոշ մանրամասներ ներկայացնում եմ ստորեւ:

Նախ, հիշեցնեմ, որ դատավորի կարգապահական վարույթի հիմք էր հանդիսացել արդարադատության նախարարությունում ստացված գլխավոր դատախազի հաղորդումը: 2023 թվականի սեպտեմբերի 22-ին թիվ 69-Ա որոշմամբ դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Արդարադատության նախարարի նոյեմբերի 17-ի 86-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Այս տարվա հունվարի 23-ին նիստն ավարտվել էր, որոշումը հրապարակվել հունվարի վերջին:

Իրականում դատավորի նկատմամբ հետապնդումն իրականացվել է ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանավորումը տնային կալանքով փոխարինելու որոշման հետ կապված։ Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վարույթում է գտնվել Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանավորման որոշման դեմ բողոքը, սակայն մինչ դատավորը կքններ գործը, այն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գրիրգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է բողոքը՝ Ա. Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով տնային կալանքը: Մինչ Մարտիրոսյանն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից դուրս կգար, առաջին ատյանի դատարանում նույն օրը նրա գործով նշանակված դատական նիստ է տեղի ունեցել եւ Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կրկին որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։

Դատավորն, իհարկե, համաձայն չէր իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն, նա միջնորդել էր կարճել կարգապահական վարույթը:

Ըստ ԲԴԽ որոշման. «Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե ինչ հիմնավորմամբ է շեղվելով վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումից՝ մինչդատական վարույթն ավարտված լինելու պայմաններում բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած ակտը՝ մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխելով տնային կալանքով»: ԲԴԽ-ի որոշման մեջ կար այսպիսի ձեւակերպում. այս դատարանը, այսինքն, վերաքննիչ քրեական դատարանը, «խնդրո առարկա որոշումը» կայացնելիս, չի եղել «օրենքի հիման վրա ստեղծված իրավասու դատարան», եւ որ դատավորի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումներն անտեսելը կամ անհրաժեշտ ուշադրություն չդարձնելը ինքնին վտանգում է ողջ դատական իշխանության գործունեությունը: Որոշման 9-րդ էջում կար զուգահեռ Դավիթ Համբարձումյանի քրեական գործի հետ, մասնավորապես այն, որ դատավորը Դավիթ Համբարձումյանի որոշման 11-րդ էջում Ռուբեն Աղաբաբյանի նախադեպային որոշումներից շեղվել է:

Իր բացատրության մեջ դատավոր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Դավիթ Համբարձումյանի գործով մեջբերված ձեւակերպումները նախադեպային դիրքորոշում չեն կարող համարվել այս դեպքում, երբ վերանայվում է, մասնավորապես, կալանքի իրավաչափությունը եւ գործն ըստ էության քննության նպատակով ուղարկված է առաջին ատյանի դատարան։ Դատավորը նաեւ հայտնել էր, որ փաստական հանգամանքերը նույնանման չեն եղել, որպիսի պարագայում Վճռաբեկ դատարանի դատարանի նախադեպային դիրքորոշումից շեղման հիմնավորման անհրաժեշտությունը բացակայել է: Ինչ վերաբերվում է Ռուբեն Աղաբաբյանի վկայակոչված գործին, 2018 թվականի սեպտեմբերի 20-ին Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշման 22-րդ կետում փաստել է. «…հաշվի առնելով, որ Ռ.Աղաբաբյանի վերաբերյալ քրեական գործը ըստ էության քննության համար ուղարկված է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, ուստի բողոքարկված դատական ակտերը չեն կարող բեկանվել, քանի որ դրանք եղել են ժամանակավոր եւ կորցրել են իրենց իրավական նշանակությունը»: Դատավորը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ կայացրած որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իր իրավակիրառ պրակտիկայից շեղում է նկատել, վկայակոչել է, ոչ թե Դ.Համբարձումյանի, այլ Ռ.Աղաբաբյանի, Արթուր Եգանյանի վերաբերյալ ոչոշումները: «Լիազոր մարմինը խորհուրդ ներկայացված միջնորդությամբ հավելել է որոշումը, միգուցե տվյալ դեպքում չստուգելով, որ այս դեպքում եւս առկա չէ փաստերի նույնություն կրկին նույն պատճառաբանությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործը դեռեւս նախաքննության փուլում գտնվելու ընթացքում, իսկ Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու ժամանակ գործն արդեն հինգ ամիս գտնվել է առաջին ատյանի դատարանի վարույթում, որն էլ լուծել է մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի հարցը»,-նշել էր դատավորը:

Որոշման մեջ հղում արված Արթուր Եգանյանի գործով էլ, դատավորը բացատրություն տալիս հայտնել է, որ նշված գործով Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու պահին, արդեն իսկ քրեական գործերը մի քանի ամիս գտնվել են առաջին ատյանի դատարանում, եւ կայացված էր խափանման միջոցի վերաբերյալ որոշում:

ԲԴԽ անդամ Ա.Վարդանյանի
Հատուկ կարծիքը

ԲԴԽ անդամ Ա.Վարդանյանը հայտնել էր, որ կարելի էր դատավորի ներկայացրած միջնորդությունը բավարարել առանց դատաքննության, հաշվի առնելով, որ դատավորը խորհրդի առջեւ բարձրացրել էր ապացույցների հետազոտում չպահանջող իրավական բնույթի խնդիր՝ նույնանման փաստերով այլ գործերով ԲԴԽ-ի եւ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները (նաեւ Վճռաբեկ դատարանի դատական պրակտիկան) սույն վարույթի եւ դատավոր Գ.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառելու հարց:

Ըստ ԲԴԽ անդամի հատուկ կարծիքի՝ (որի հետ մասնագիտական լսարանին կհորդորեի անպայման ծանոթանալ-Ռ.Մ.) դատավորի՝ դատական ակտում ներկայացված հիմնավորումների բավարար եւ համոզիչ լինելու շահառուն կողմերն են, ինչ-որ չափով նաեւ՝ նրանց բողոքների հիման վրա վիճարկվող դատական ակտի իրավաչափությունն ի պաշտոնե ստուգող Վճռաբեկ դատարանը, եւ որ տվյալ գործով կողմերը դատավորի կայացրած դատական ակտի հիմնավորվածության վերաբերյալ իրենց կասկածները (վճռաբեկ բողոքի եւ բողոքի պատասխանի տեսքով) ներկայացրել են Վճռաբեկ դատարան, որն էլ դատական ստուգման է ենթարկել ներկայացված վճռաբեկ բողոքը եւ լուծել այն՝ վճռաբեկ բողոքի սահմաններում փարատելով իրավական վեճի արդարացի լուծման շուրջ Կողմերի հնարավոր կասկածները…

«Անմիջականորեն դատական ակտի մեջ դատավորը մեջբերել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգավորումը, համաձայն որի` Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ: Բացի այդ, հարկ է նաեւ ընդգծել, որ Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ դատական ակտը վերանայած Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ դատավոր Գ.Հովհաննիսյանի կողմից որոշումը կամ դրա մի հատվածն առհասարակ չպատճառաբանելու (չհիմնավորելու) վերաբերյալ արձանագրում չի կատարել, որի պայմաններում արդարադատության նախարարը, որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, իրավասու չէր առանց որեւէ իրավական նախադրյալի, յուրովի եզրահանգում կատարել՝ դատավորին ըստ էության կամայականորեն վերագրելով դիրքորոշումն առհասարակ չհիմնավորելու արարքի կատարում։ …Այնուամենայնիվ, դատավորը, դատական ակտով լուծած բազմաթիվ հարցերի կազմում անդրադառնալով նաեւ քննարկվող հարցին, գուցե ոչ այնքան ծավալուն, բայցեւ բավարար խորությամբ ներկայացրել է հասցեատերերի համար օբյեկտիվորեն համոզիչ, կոնվենցիոն եւ օրենսդրական նորմերի վրա հենված որոշակի հիմնավորումներ այն մասին, թե ինչու է վերանայվող դատական ակտը բեկանելու որոշում կայացրել եւ թե ինչու ուներ նաեւ այդ լիազորությունը»: Դատավորի կողմից ներկայացված բացատրությունը ըստ ԲԴԽ անդամի իրավաչափ էր, ավելի քան բավարար էին հիմնավորումները:

Ըստ Ա.Վարդանյանի՝ սույն վարույթով Վերաքննիչ դատարանի դատավոր Գ.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառելի են Բարձրագույն դատական խորհրդի նաեւ այլ որոշումներով, մասնավորապես՝ նույն դատարանի դատավորներ Լուսինե Աբգարյանի վերաբերյալ ԲԴԽ 2021 թվականի հունիսի 7-ի ԲԴԽ-29-Ո-Կ-11 եւ Սերգեյ Մարաբյանի վերաբերյալ 2021թ. հոկտեմբերի 25-ի ԲԴԽ-60-Ո-Կ-21 գործերով Խորհրդի արտահայտած իրավական դիրքորոշումները…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829