Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Կարեն Սերոբիչը պատիվ աներ ինձ որպես բանաստեղծի…

Հունիս 12,1999 00:00
Davit Hovhannes

Հարցազրույց բանաստեղծ, պատգամավոր Դավիթ Հովհաննեսի հետ, որը Կարեն Դեմիրճյանին խորհուրդ է տալիս կարդալ իր պոեզիան։

– Պարոն Հովհաննես, բանաստեղծի ձեր կարգավիճակը ինչպե՞ս եք համատեղելու պատգամավորի կարգավիճակին։

– Բանաստեղծությունն իր տեղն ունի, պատգամավորի աշխատանքը՝ իր տեղը, իր նրբությունները։ Իմ ներկայությունը խորհրդարանում, քաղաքական տեսակետից որ նայենք, ինձ համար նորություն չէ, քանի որ ինքս միշտ քաղաքականացված եմ եղել։ Իմ պոեզիան էլ սերտ առնչություններ ունի այն ամենի հետ, ինչ կատարվում է այս երկրում, ինչ կատարվել է նախորդ հասարակարգում։ Ես քաղաքականացվա՛ծ մարդ եմ։

– Մի անգամ ասել եք՝ քաղաքականացված բանաստեղծ եք…

– Ես դա այսօր ակտիվ, սրտացավ խառնվածք ունեցող մարդու համար շատ նորմալ, օրգանական դրսեւորում եմ համարում։ Խորհրդարանը, անկախ պիտակներից, որակումներից՝ այս երկրի բարձրագույն քաղաքական ամբիոնն է։ Եվ ես կարծում եմ, որ այդ ամբիոնից ասելու բան կունենամ, կփորձեմ իմ լուման ներդնել կրթության, գիտության, արվեստի ասպարեզում։ Ինչպես շատ ասպարեզներում, այդ ասպարեզում էլ անելու շատ բան կա, եւ ես չեմ կարող կողքից նայել, թե ինչպես են դա անում ուրիշները։

– Ձեր դերն այստեղ ավելի շատ հրապարակախոսի՞ դեր է լինելու, թե՞ փորձելու եք պաշտպանել նաեւ ինչ-որ մեկի շահերը։

– Կարծում եմ, գործունեությանս մեջ կդրսեւորվի իմ խառնվածքի հրապարակախոսական երանգը, բայց ուզում եմ շեշտել, որ գեղեցիկ ճառերի ժամանակն արդեն անցել է, եւ ինձնից ավելի լավ ճառեր արտասանողներ այստեղ գուցե եղել են։ Ես կցանկանամ, որ իմ գործունեությունը ունենա գործնական հիմք, հենք, նպատակ։ Ես կոնկրետ դաշինքի ներկայացուցիչ եմ այստեղ, սակայն իմ անելիքը սահմանափակված չեմ տեսնում։ Իմ անկուսակցական լինելն ինձ կօգնի, որ ես շատ ավելի լայն գործունեություն ունենամ։

– Իսկ Ազգային ժողովից դուրս պաշտպանելո՞ւ եք ինչ-որ մեկի շահերը։

– Անպայման։ Առաջին հերթին՝ մտավորականության, գրողների, նկարիչների, կոմպոզիտորների… Ես այստեղ նաեւ արվեստի բնագավառից ընկերներ ունեմ (ոչ մականուններով), որոնց հետ կարող ենք ուժ կազմել եւ պաշտպանել մտավորականության շահերը։

– Ձեր եւ Կարեն Դեմիրճյանի մտերմությունից ելնելով՝ այսպիսի մի հարց. Կարեն Դեմիրճյանը ծանո՞թ է ձեր պոեզիային եւ ի՞նչ վերաբերմունք ունի ձեր հանդեպ, որպես բանաստեղծի։

– Կարեն Դեմիրճյանի եւ իմ մտերմության մասին խոսելը մի քիչ ճիշտ չէ։ Ես Հայաստանի ժողովրդական կուսակցության համագումարում, որպես հրավիրյալ, ելույթ ունեցա եւ, այդ հարցի մասին խոսելով, ասացի, որ ես Կարեն Դեմիրճյանի կողքին չեմ եղել նրա փառքի տարիներին, թեպետ նրա կողքին եղածներից եւ այդ «փառքի սեղանի» փշրանքներից օգտվողներից շատերին ես այսօր տեսնում եմ տարբեր կուսակցություններում։ Իմ եւ նրա հարաբերություններն այսօր կառուցված են զուտ իր հանդեպ ունեցած հավատի, չեմ թաքցնում՝ համակրության վրա։ Եվ իր հետ ունեցած խոսակցություններից ենթադրում եմ, զգում եմ, որ անկասկած ծանոթ է իմ պոեզիային, բայց մեր հարաբերություններում չեմ կարծում, որ դա է առաջնայինը։ Իհարկե, շատ հաճելի կլիներ, որ նա ժամանակ ունենար եւ կարդար այն ամենը, ինչ ես գրել եմ։ Մանավանդ իմ վերջին գիրքը՝ «Խրոնիկոնը», որի մեջ վերջին տասը տարիների վայրիվերումները, անցուդարձը, սովը, դժվարությունները դիտված են բանաստեղծի աչքերով եւ բարձրացված են բանաստեղծության մակարդակի։ Եթե Կարեն Դեմիրճյանը ժամանակ ունենար եւ պատիվ աներ ինձ որպես բանաստեղծի, թերթեր իմ այդ գիրքը ու կարդար, կարծում եմ, որ իր համար էլ, իր գործունեության համար էլ կարող էր ինչ-որ առումով օգտակար լինել։ Համարձակվում եմ այդպես մտածել, որովհետեւ հոգեբանական տեղաշարժերի առումով ինչ-որ բաներ գուցե նորություն լինեին։

Իսկ Կարեն Դեմիրճյանը կարդում է Պուշկին, Թումանյան, Իսահակյան

– Պարոն Դեմիրճյան, Ազգային ժողովում բանաստեղծ, կոմպոզիտոր, այլ արվեստագետներ կան, ծանո՞թ եք նրանց ստեղծագործություններին։

– Բա որ ես ծանոթ չլինեմ, ո՞վ ծանոթ լինի։

– Օրինակ՝ Դավիթ Հովհաննեսի, Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունների մասին ի՞նչ կարծիք ունեք։

– Դրական։ Ես ոչ միայն նրանց ստեղծագործություններն եմ լսել, կարդացել, այլեւ իրենց եմ ամբողջովին կարդացել։

– Իսկ ընդհանրապես, ժամանակ ունենո՞ւմ եք լսել երաժշտություն, կարդալ բանաստեղծություն…

– Արվեստի համար միշտ էլ ժամանակ կա։

– Հիմա կարդո՞ւմ եք գեղարվեստական գրականություն։

– Բա առանց գեղարվեստական գրականության ո՞նց կապրի մարդ։

– Ձեր սեղանի գրքերը որո՞նք են։

– Սեղանի գրքերի մոդան անցել է։

– Բա ինչի՞ մոդան է եկել։

– Առաջ ասում էին՝ այս, այս գրքերը մեր սեղանի գիրքն են։ Այդպիսի բան չի կարող լինել։ Գեղարվեստական գրականությունը, վեպը չի կարող սեղանի գիրք լինել։ Բացառությամբ թերեւս պոեզիայի։

– Իսկ ի՞նչ պոեզիա է ձեզ հոգեհարազատ։

– Պուշկին, Թումանյան, Իսահակյան։

– Իսկ ի՞նչ երաժշտություն։

– Բոլորը, բայց ես դասականի կողմնակից եմ։

– Ընտրարշավը ավարտվեց՝ ժամանակ կունենա՞ք թատրոն, օպերա գնալու։

-Ես թատրոն, օպերա մի՛շտ եմ հաճախել։

– Հիմա՞ էլ։

– Վերջին շրջանում՝ չէ, ինչ-որ ասում եմ՝ անցյալ կատարյալով եմ ասում։ Առա՛յժմ։

– Այսինքն, արվեստի, հոգեւորի հետ ձեր կապը ո՞նց եք պատկերացնում։

– Սերտ։ Եթե մարդու մեջ մշակույթ չլինի՝ նա կիսատ մարդ կլինի։

– Ձեր աշխատանքը չի՞ խանգարի հոգեւոր կյանքով ապրելուն։

– Ոչ, ո՞նց կարող է խանգարել, դա բնական ձգտում է, պահանջ։

– Նախկինո՞ւմ էլ չի խանգարել։

– Երբեք։

ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930