Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արցախն անցնում է թուրքերի տիրապետության տակ, ՌԴ-ն կորցնում է թե Հարավային Կովկասը, թե ողջ Մերձավոր Արեւելքը»

Հոկտեմբեր 09,2023 14:00

ՀԱՍԿ-ն իրեն հայտարարում է Նիկոլ Փաշինյանին եւ գործող ընդդիմությանն այլընտրանք. «Առավոտի» զրուցակիցն է ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը

Սկիզբը՝ նախորդ համարում

– Ի՞նչ ռեսուրսով է ՀԱՍԿ-ն իրեն հայտարարում Նիկոլ Փաշինյանին եւ, պայմանական ասած, նախկիններին այլընտրանք:

– Մեր ռեսուրսը մեր անցած ճանապարհն է, մեր հետագիծը, որը թարմացնելու խնդիր կա. այսինքն՝ հիշեցնելու՝ մենք ո՞վ ենք, ինչպես ենք մտել քաղաքական դաշտ: Ես համոզված եմ, մենք ունենք բավականին մեծ վստահության ռեսուրս: Մի բան, որը չունեն այսօր ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը եւ դրա լավագույն ապացույցը՝ սեպտեմբերի 17-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններն են, երբ մեր ժողովրդի 70 տոկոսից ավելին չգնաց ընտրությունների. մենք դա համարում ենք հենց մեր ռեսուրսը:

– ՀԱՍԿ-ին չեն ճանաչում:

– Այո, մեր կուսակցությանն անվանական չեն ճանաչում, բայց մեր հետազոտությունները, մեր վերլուծությունները թույլ են տալիս վստահություն ունենալ, որ մարդիկ հենց մեզ են սպասում: Իսկ մեզ անվանական չեն ճանաչում նաեւ այն պատճառով, որ պասիվ ենք եղել: Հիմա՝ կակտիվանանք: Ժողովուրդը սպասողական վիճակի մեջ է: Դուք շատ լավ գիտեք, թե ժողովրդի մոտ ի՞նչ հեղինակություն ունի Կարեն Դեմիրճյանի անունը, ի՞նչ հետք է թողել Կարեն Դեմիրճյանը, իսկ մենք՝ հենց Կարեն Դեմիրճյանի թիմն ենք: Մենք հենց Կարեն Դեմիրճյանի անունով ենք մտնելու ասպարեզ, այդ ռեսուրսով: Իսկ մարդկային ռեսուրսի տեսակետից՝ խնդիր չունենք: Այսօր ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար՝ վստահության ռեսուրս, ֆինանսական ռեսուրսներ, մեդիա ռեսուրսներ: Ընդդիմությունն ունի ֆինանսական եւ մեդիա ռեսուրսներ, բայց չունի վստահության ռեսուրս:

Իշխանափոխության երկու տարբերակ կա՝ ամենաբարեկիրթ եւ խելամիտ տարբերակը կլինի, որ Նիկոլ Փաշինյանն ինքը հրաժարական տա եւ նախաձեռնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինքն էլ կարող է մասնակցել: Եթե նա չգնա այդ ճանապարհով՝ մնում է փողոցային պայքարի տարբերակը, որն ավելի բարդ է եւ ավելի հաշվարկված քայլեր է պահանջում եւ այստեղ ռեսուրսների՝ վստահության, ֆինանսական, մարդկային, մեդիա եւ այլ ռեսուրսների համատեղում պետք է տեղի ունենա: Եվ, եթե հարցին այս տեսանկյունից ենք նայում, Հայաստանի հանրությունն այսօր երկու մասի պետք է բաժանվի. պայմանականորեն այդ մասերը կանվանենք հայկական մաս եւ հակահայ մաս: Որտեղ որ հայկականությունն է, այնտեղ պետք է լինեն այն մարդիկ, ուժերը, հասարակության այն մասը, որն ունի պատմական հիշողություն, հայրենիքի զգացողություն եւ կրում է հայկական ազգային արժեհամակարգ: Մնացածն արդեն, մեզ իրավունք ենք վերապահում ասել, դա հակահայ մասն է, որն այսօր մեզ մոտ ներկայացված է առավել ցայտուն ձեւով «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցություններով: Ես դա ասում եմ՝ ելնելով նրանց գործելակերպից եւ մոտեցումներից: Հիմնական մրցակցությունը կգնա հայկական բեւեռի եւ հակահայ բեւեռի միջեւ եւ այստեղ, արդեն, յուրաքանչյուրն իր տեղն ու դերը պետք է ճշտի՝ ո՞վ եւ ո՞ր ճամբարում է գտնվելու:

– Այսօրվա իրողությունները մեզ թույլ տալի՞ս են Արցախը վերադարձնելու հույս ունենալ:

– Ինձ թույլ տամ այսպիսի հայտարարություն անել. նոր ընտրությունների դեպքում, որոնք մենք ամեն ինչ կանենք, որ շատ արագ տեղի ունենան եւ այդ գործընթացներին անպայման կմասնակցենք, մեր ժողովրդի, կարծում եմ, ճնշող մեծամասնությունը ձայնը տալու է հենց մեր թիմին, դեմիրճյանական թիմին եւ մենք վարելու ենք բոլորովին այլ քաղաքականություն ու դա կլինի որակապես այլ թիմ:

Մի բան եմ ցանկանում հիշեցնել. 1999 թվականի հոկտեմբերի կեսերին, Կարեն Դեմիրճյանը երբ ԱԺ նախագահ էր, Վլադիմիր Պուտինը ՌԴ վարչապետն էր, Կարեն Դեմիրճյանը պատվիրակություն էր տարել Մոսկվա եւ հանդիպում էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. ես շատ լավ տեղյակ եմ, թե ի՞նչ մթնոլորտում է անցել այդ հանդիպումը, ի՞նչ թեմաներ են քննարկվել, անգամ, թե ի՞նչ բառեր են օգտագործվել: Ես ուզում եմ հայտարարել, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում կլինի այնպիսի որակի իշխանություն, ինչպիսին եղել է Կարեն Դեմիրճյանի իշխանությունը: Մեզ համար պետական գործչի, պետության ղեկավարի, ազգային առաջնորդի կերպարը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Կարեն Դեմիրճյանը: Իմիջիայլոց, ես Նիկոլ Փաշինյանին առաջին անգամ տեսել եմ Կարեն Դեմիրճյանի «Հայէլեկտրո» գործարանի աշխատասենյակում, 1996-97 թվականներին. նա մի քանի անգամ եկավ-գնաց Կարեն Դեմիրճյանի մոտ: Շատ լավ հիշում եմ Կարեն Դեմիրճյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի մասին. չեմ ուզում հիմա դա բարձրաձայնել, բայց եթե Նիկոլ Փաշինյանը համառի եւ չգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ես երեւի թե ստիպված կլինեմ նաեւ այդ գնահատականը բարձրաձայնել:

– Իսկ ինչո՞ւ պիտի Վլադիմիր Պուտինը զիջի իր պետության քաղաքական շահերն ու հետաքրքրությունները Կարեն Դեմիրճյանի թիմին. Կարեն Դեմիրճյանն էլ չկա, որ գոնե ազդեցություն ունենա:

– Խնդիրը որակի մեջ է: Նա այսուհետ, եթե շփումներ կունենա ՀՀ իշխանությունների հետ, կշփվի այնպիսի իշխանությունների հետ, ինչպիսի տպավորություն ստացել է Կարեն Դեմիրճյանի հետ իր հանդիպումից:

Եվ, իբրեւ նախորդ հարցի շարունակություն ու ամփոփում, մենք պատմությունից լավ պետք է հիշենք, թե հայ ժողովրդի կյանքում ինչպիսի դերակատարություն են ունեցել Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Անգլիան, Թուրքիան, ՌԴ-ն, որպեսզի ճիշտ պատկերացնենք, թե հետագա ընթացքը ինչպիսին կարող է լինել մեզ համար. Արցախում վճռվում է ոչ միայն հայ ժողովրդի ճակատագիրը, այլեւ ՌԴ-ի համար շատ լուրջ խնդիրներ են վճռվում: Հիմա Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում ՌԴ-ի ներկայության հարցը լուծվելու է Արցախի խնդրով. Արցախն այն վերջին կետն է, որը կապում է ՌԴ-ին Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ եւ եթե Արցախն անցնում է թուրքերի տիրապետության տակ, ՌԴ-ն կորցնում է թե Հարավային Կովկասը, թե ողջ Մերձավոր Արեւելքը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է:

– Վլադիմիր Պեսկովը հայտարարեց՝ ՌԴ խաղաղապահների ներկայության հարցը կքննարկեն Բաքվի հետ:

– Թող քննարկեն. նրանք Բաքվում արժեք ունեն այնքան, քանի դեռ Բաքվի համար կա հայկական հարց: Թուրքերը իրենց ողջ պատմության ընթացքում միշտ հիմարացրել են ռուսներին. թուրքերը շատ հմուտ դիվանագետներ են, ռուսները՝ շատ թույլ: Հիշեք, թե 1921 թվականի Մոսկվայի պայմանագրից ընդամենը երկու տարի հետո ինչ կատարվեց Լոզանում, որտեղ ռուսների ներկայացուցչին անգամ թույլ չտվեցին ներս մտնել՝ կոնֆերանսին մասնակցելու: Հիշեք՝ ինչ կատարվեց հենց վերջերս, ռուս-ուկրաինական պատերազմում, երբ ռուսները «Ազով» խմբի հրամանատարներին տվեցին թուրքերին եւ ինչպե՞ս Էրդողանը նրանց նվիրեց Զելենսկուն՝ նրա առաջին այցի ժամանակ: Այսինքն, թուրքերը միշտ հիմարացնում են ռուսներին եւ արցախյան վերջին իրադարձությունների ժամանակ ռուսական քաղաքական միտքը եւ դիվանագիտությունը մեծ պարտություն կրեց: ՌԴ-ում դա չեն ուզում բարձրաձայն ընդունել, բայց այդ երկրում էլ մտածող մարդիկ կան եւ նրանք շատ լավ գիտեն, որ իրենց ներկայությունը Հարավային Կովկասում ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից է կախված: Դե թող հիմա պատկերացնեն, որ իրենց բազան Հայաստանից տեղափոխում են Ադրբեջան. արդյո՞ք Ադրբեջանը թույլ կտա: Ադրբեջանի դաշնակիցը, եղբայրական պետությունը եղել է եւ կմնա Թուրքիան, իսկ Թուրքիան ՌԴ-ի համար միշտ եղել է ու մնալու է հակառակորդ երկիր: Ու թող ոչ ոք Էրդողանի եւ Պուտինի ժպիտներով զրույցներին չխաբվի, կարեւորը նա է, թե իրենք իրենց մտքում ի՞նչ են մտածում միմյանց մասին: Այնպես որ, մեզ համբերություն եւ մի քիչ ժամանակ է պետք՝ ամենը հստակեցնելու համար:

Հայկական կողմը ունի շատ լավ եւ շատ արդյունավետ հակաքայլեր եւ երբ Հայաստանում նոր իշխանություններ կձեւավորվեն, նրանք դա արդեն գործնականում ցույց կտան:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031