Լրահոս
Օրվա լրահոսը

ИБД

Հունիս 18,1999 00:00
Aram Abrahamyan

Ո՞վ ասաց, որ դատախազությունը պաշտպան չի կանգնել օրինականությանը, կարգուկանոնին եւ, լայն իմաստով, հայոց պետականության ամրապնդմանը: Ո՞ւմ լեզուն է պտտվել պնդել, թե նա չի ուզում պատժել ընտրակեղծիքներով զբաղվողներին: Սուտ է, դատախազությունն այս առիթով հարուցել է ամբողջ 7 /պատկերացնո՞ւմ եք, յոթ/ քրեական գործ: Բայց դա դեռ քիչ է. նա ուշի ուշով հետեւում է մամուլի հրապարակումներին եւ ընտրություններից երկու շաբաթ հետո չափազանց օպերատիվ արձագանքում դրանց: Շրջանային դատախազությունները դիմում են թերթերի խմբագրություններին, թե՝ տվեք, շուտ արեք, մեզ այդ ընտրահանցագործներին, մենք նրանց հերը կանիծենք: Նշանակություն չունի, որ խաղը վաղուց արդեն ավարտված է իշխանության կուսակցության, ինչպես միշտ, ջախջախիչ հաղթանակով, կարեւոր չէ, որ այս պահին կամ էշն է մեռել, կամ իշատերը: Կարեւորը ձգտումն է՝ առ թափանցիկություն եւ արդարություն:

Բայց դրանով էլ չի սահմանափակվում դատախազության ակտիվությունը: Մամուլի հրապարակումների հիման վրա նրանք նաեւ «ստուգումներ են կատարում»: Դատախազության աշխատակիցները գնում են տեղամասային եւ մարզային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ անդամների մոտ, որոնք, ենթադրաբար, կատարել են կեղծիքները եւ հարցնում. «Ճի՞շտ է, արդյոք, սիրելի պարոններ եւ ընկերներ, որ դուք կեղծիքներ եք կատարել»: Նրանք էլ պատասխանում են. «Ոչ, ի՞նչ եք ասում, պարոն քննիչ, ամեն ինչ արդար էր եւ թափանցիկ: Ահա փաստաթղթերը»: Պարզ է, որ երկու շաբաթում այդ փաստաթղթերի վրա կարելի է նույնիսկ Մոնա Լիզայի պատկերը նկարել: Եվ քննիչները, պարտքը կատարած, վերադառնում են իրենց հիմնարկները եւ զեկուցում. «Հրապարակման մեջ բերված փաստերը չեն համապատասխանում իրականությանը»: Ռուսերեն կա մի արտահայտություն. ИБД (Имитация бурной деятельности)՝ բուռն գործունեության իմիտացիա:

Վստահ եմ, որ հանցագործությունները, մանավանդ ընտրահանցագործությունները բացահայտելու գործում պետք չէ հույս դնել միայն մամուլի վրա: Բայց եթե մամուլի հրապարակումներին իսկապես այդքան մեծ ուշադրություն է հատկացվում, ինչպես դա ընդունված է քաղաքակիրթ երկրներում, ապա արձագանքը պետք է լինի հրապարակման օրը, ոչ թե երկու շաբաթ հետո, իսկ ստուգումները պիտի անցկացվեն ճշմարտությունը պարզելու, ոչ թե «գալոչկա» դնելու համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930