Լրահոս
Օրվա լրահոսը

Դը Գոլի սահմանադրությունը մեզ համար չէ

Հուլիս 06,1999 00:00
Yuri Mkrtchyan

Հուլիսի 5-ը, եթե չեք մոռացել, տոն էր՝ Սահմանադրության ընդունման օրը։ Տոն, որ այս ժողովուրդն այդպես էլ չկրեց՝ իբրեւ արժեք։

Այս առումով հետաքրքիր կլիներ լսել Սահմանադրության հեղինակի՝ Վլադիմիր Նազարյանի տեսակետը, թե փաստաթղթում ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, մանավանդ, որ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը խոսել է աշնանը սահմանադրական փոփոխությունների հարցով քննարկումներ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Սակայն, քանի որ, ոչ ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավարն է Երեւանում եւ ոչ էլ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Յուրի Բախշյանը, ճիշտ համարեցինք «Մյուդ» կոնցեռնի նախագահ, ՀՀ նախագահի կրկնակի թեկնածու Յուրի Մկրտչյանի հետ զրույցը։

Նախագահի երբեմնի թեկնածուն խնդրի քննարկումը սկսեց արմատներից։ Նրա մատուցմամբ, ի սկզբանե մեզանում սխալ տեսակետ էր գերիշխում, թե Սահմանադրությունը օրենքների ֆորմալ համակցում է, որն ամեն երկիր պիտի ունենա՝ ցուցադրելու իր դեմոկրատական լինելը։ «Մյուդ» կոնցեռնի նախագահի դիտարկմամբ, իզուր չէ, որ ընդունված, իսկ ավելի ճիշտ, չընդունված ու ոչ լեգիտիմ այդ փաստաթուղթը քաղաքական շրջանակները համարեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի համար անձամբ եւ ոչ թե նախագահական ինստիտուտի կատարելագործման նպատակով գրված Սահմանադրություն։ Այդ պատճառով էլ, Յուրի Մկրտչյանի կարծիքով, այդ Սահմանադրությունն ունեցավ կարճ ոտքեր։

Ինչեւիցե, Յուրի Մկրտչյանի կարծիքով, վիճարկելի խնդիր չէ, որ յուրաքանչյուր պետություն էլ պիտի սահմանադրություն ունենա. «Բայց, բոլոր դեպքերում, ավելի լավ է նույնիսկ վատ սահմանադրություն ունենանք, քան չունենանք ընդհանրապես»։ Մեր զրուցակիցը դժգոհ էր հիմնական օրենքի ոչ միայն բովանդակային, այլեւ իրավաբանական որակից, այն հիմքով, որ նրա կարծիքով, հակասություններ կան ոչ միայն բուն Սահմանադրության մեջ, այլեւ այդ փաստաթղթի եւ օրենսդրության միջեւ։ Օրինակը Յուրի Մկրտչյանը մատնանշեց իր փորձով՝ 1996-ին ներգրավվելով նախագահական ընտրարշավում, արձանագրել է, որ այն հակասում է «Նախագահի ընտրության մասին» ժամանակին գործող ՀՀ օրենքին։ Եթե Սահմանադրությունը, թեկնածության առաջադրման համար, սահմանում է 4 պայման, օրենքը նախատեսում էր 8-ը։

Բովանդակային առումով էլ, Սահմանադրության անկատարության իր փաստարկները Յուրի Մկրտչյանը ներկայացրեց ՍԴ օրինակով։

Այդ կառույցը ժողովրդին չի ծառայում, որեւէ քաղաքացի, իր որեւէ իրավունք չի կարող պաշտպանել ՍԴ-ում. «Այդ կառույցը, փաստորեն, իրավախորհրդատուի դեր է կատարում իշխանության 3 կրողների՝ նախագահի, ԱԺ-ի եւ կառավարության համար, որոնք այդ մարմնում կարող են վիճարկել իրենց ընդունած փաստաթղթերի սահմանադրականությունը»։ Իրավաբան Մկրտչյանի կարծիքով, անգամ ՍԴ կանոնադրությունը, որով եւ գործում է այդ մարմինը, հակասում է Սահմանադրությանը։

Մի խոսքով, Յուրի Մկրտչյանի կարծիքով, գործող Սահմանադրությունը 90%-ով փոփոխելու անհրաժեշտության կարիք կա, եթե այն կատարելագործելու խնդիր է դրվում։ «Այդ դեպքում ինչ անել» հարցը Յուրի Մկրտչյանի համար ունի հետեւյալ պատասխանը՝ մեկտեղել հայ իրավաբանների ուժերը եւ 5-6 ամսվա քննարկումների արդյունքում ստեղծել նոր Սահմանադրություն՝ «որը հոգով, ոգով կհամընկնի հայ ժողովրդի, բուն հայկական հոգեբանությանը»։

Յուրի Մկրտչյանն անդրադարձավ նաեւ Սահմանադրության պահանջի կատարման եւ իրագործման հարցին։ Մայր օրենքը պիտի այնպիսի բովանդակություն ունենա, որի կատարումը հաճելի լինի ե՛ւ հեղինակի, ե՛ւ հաստատողի, ե՛ւ կատարողի համար։ Այդպես է ԱՄՆ-ում, որ 200-ից ավելի տարիներ Սահմանադրության մեջ գրեթե փոփոխություններ չեն լինում, որովհետեւ հաշվի է առնվում ամերիկացու հոգեբանությունը. «Իհարկե, Երուսաղեմում էլ շուն կա, կլինեն մարդիկ, որ չարամտորեն չեն կատարի օրենքի պահանջը։ Դրանց, իհարկե, պետք է պատժել, սակայն օրենքներն ու Սահմանադրությունը պիտի լինեն այնպիսին, որ մարդիկ կատարեն սիրով։ Թե չէ մերոնք վերցրել են Ֆրանսիայի սահմանադրությունը, խոսքը Վլադիմիր Նազարյանի մասին է, որին, ի դեպ, ես հարգում եմ՝ իմ մոտ ընկերս էլ է, բայց մի մեծ սխալ է արել։ Դը Գոլի համար Ֆրանսիայում ստեղծված սահմանադրությունը վերցրել եւ տեղափոխել է Հայաստան, մոռանալով, որ մենք Դը Գոլ չունենք։ Մեր Դը Գոլը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր։ Այսօր էլ չենք գտնում մի մարդու, որը Դը Գոլի կեսի տեղը զբաղեցնի»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031