Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ

Հոկտեմբեր 23,1999 00:00
Sergey Badalyan

Հասարակ ժողովրդի մի մասի կարծիքով Կարեն Դեմիրճյանը կոմունիստական կուսակցությունից միայն ի ցույց բոլորի է հեռացել, իրականում նա եղել եւ մնում է Կոմկուսի գաղափարների կրողը։

Կարեն Դեմիրճյանը եւ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Սերգեյ Բադալյանը, իբրեւ թե ծպտյալ գործունեություն են ծավալում, մի օր կմիանան ու «երկիրը կտանեն դեպի կոմունիզմ»։ Երբ այս լուրերի հավաստիությունը փորձեցինք ճշտել ընկեր Բադալյանի հետ, վերջինս պատասխանեց. «Մեր մարդկային հարաբերությունները Դեմիրճյանի հետ բավականին մոտիկ են եղել։ Ոչ իմ մեղքով են այդ հարաբերությունները խաթարվել, ոչ իմ մեղքով։ Երբեմն դա կարելի է վերագրել քաղաքական մթնոլորտին։ Այսօր մարդկային հարաբերությունները վերականգնված են, իհարկե, ես գիտեմ, որ նա կոմունիստ չէ, համենայնդեպս ըստ կուսակցության կոմունիստը պետք է լինի եւ գաղափարակիրը պետք է լինի։ Բայց, հաշվի առնելով նրա կարգավիճակը խորհրդարանում, հաշվի առնելով ընդհանրապես խորհրդարանի վիճակը, այս «Միասնություն» դաշինքը, որ ստեղծվել է, անգամ նրա երկրապահների հետ մարդկային մեծ հարգանք կա (իսկական երկրապահների եւ ոչ թե նրանց, ովքեր «կոմուֆլյաժով» են զբաղված)։ Օրինակ՝ երկրապահների հետ մեզ միավորում է արտաքին քաղաքականության նկատմամբ նույն տեսակետը։ Ժողովրդական կուսակցությունը կոմֆորմիզմի վրա հիմնված մարմին է, որը հեռանկար կունենա, թե չի ունենա՝ հասկանալի չէ։ Փաստորեն, խորհրդարանում քիչ թե շատ մեզ մոտիկ թեւը դրանք են («Միասնությունը»)։

Այլ բան է, որ բյուջեի քննարկումները փորձաքար են լինելու, թե որքանով մենք կարող ենք զիջող լինել։ Դա կախված է նրանից, թե ինչպիսի սկզբունքային դիրքորոշում կգրավի Դեմիրճյանը։ Նրա հետ ժողովրդի մի զգալի զանգված հույսեր է կապում։ Եթե նա կարողանա իսկապես սկզբունքային դիրք գրավել, ուրեմն հեռանկար կբացվի մեր համագործակցության համար։ Մարդկայնորեն մենք լավ հարաբերություններ ունեցել ենք եւ ունենք։ Իսկ միասին կոմունիզմ կառուցելու մասին մենք դեռ կմտածենք։ Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է»։

Ամենաաթեիստ կուսակցության առաջնորդը կաթողիկոսի ընտրության մասին

ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Սերգեյ Բադալյանն այն կարծիքին է, որ կաթողիկոսական ընտրություններին պետությունը միջամտության իրավունք չունի։ «Եկեղեցին ազգի պահպանման հիմնական մեխանիզմն է»,- վստահ է աթեիստ ընկեր Բադալյանը։ «Հիմա եկեղեցին խորը ճգնաժամի մեջ է, վերջին չորս տարիները մեր եկեղեցու համար ամենափայլուն օրերը չէին։ Պատճառը նաեւ այն էր, որ 1995-ի ընտրություններում կոպիտ կերպով պետական մեխանիզմները ներխուժեցին եկեղեցի եւ զրկեցին եկեղեցին ինքնուրույնությունից։ Վերջապես մենք մի երկիր ենք, որտեղ եկեղեցին եւ պետությունը իրարից անջատված են։ Այսօր եկեղեցին պետք է ուժեղ լինի, իսկ դրա համար մենք պետք է նրան հարգենք, վստահենք։ Ինչի՞ նման է, երբ նախագահը անցյալ օրը հայտարարեց. «Ես իրավունք չունե՞մ կարծիք հայտնելու», հայտնիր, բայց այնպես հայտնիր, որ դա ճնշման առիթ չտա, դա կուլտուրայի բացակայության մասին է խոսում։ Գիտեմ, որ մարզպետների եւ պատգամավորների հետ աշխատանք է տարվում, դա մեզ պատիվ չի բերում։

Մեր եկեղեցում կա լուրջ ժողովրդավարություն, ոչ մի եկեղեցու մեջ աշխարհիկ հատվածը չի մասնակցում ընտրություններին, այն էլ ավելի մեծ թվով, քան հոգեւորականները։ Եթե ժողովրդավարությունից ենք խոսում, եկեք այստեղ նպաստենք դրան, նպաստենք, որ իրենք որոշեն։ Եթե տեղապահի ընտրության ժամանակ 35-ը մի դիրք են գրավում, մնացածը մի ուրիշ դիրք, ուրեմն մտածենք, թե ինչո՞ւ է այդպես։ Թող ընտրվի այն կաթողիկոսը, որը լավագույն կերպով արտահայտում է մեր ազգի կերպարը։ Ամենակոպիտ սխալ է այն, որ ասում են, թե կաթողիկոսը պետք է հայաստանցի լինի, մեր ազգի 1/3-ը Հայաստանից դուրս է։ Եկեղեցին միավորող դեր ունի, Սփյուռք-Հայրենիք կապերից ենք խոսում, այստեղ այդպիսի մտքերն ավելորդ են։ Վազգեն կաթողիկոսի պես կաթողիկոս չենք ունեցել, որեւէ մեկը մտածե՞լ է, որ նա Ռումինիայից է»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031