Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 09,1999 00:00
hoktemberi 27

 Ռուսական «Իտոգի» ամենշաբաթյա պարբերականի նոյեմբերի 2-ի համարի շապիկին «Հեղաշրջման մոլուցք. արյունոտ անմտություն հայկական խորհրդարանում» խորագիրը ուշադրություն է հրավիրում համարի 28-րդ էջում տպագրված հոդվածի վրա, որն էլ մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ։

Երեւանի խորհրդարանի դահլիճում գործազուրկ լրագրողի եւ նրա չորս համախոհների իրագործած սպանդի առաջացրած ցնցումը համեմատում են այն քաոսի հետ, որում թաղվեց Մոսկվան Օստանկինոյի գրոհից եւ խորհրդարանի գնդակոծությունից հետո։ Կամ այն ցնցման հետ, որն ապրեց Երուսաղեմը նախագահ Ռաբինի սպանությունից հետո։ Նման զուգահեռները, սակայն, ոչինչ չեն տա, ավելին՝ կհեռացնեն իրականությունից։ Այս բոլոր իրադարձություններն էլ իրենց նմանը չունեն նորագույն պատմության մեջ, դրանք խորը սպիներ են թողել ազգերի գիտակցության մեջ, սակայն մեկ տարբերություն, այնուամենայնիվ, կա. ո՛չ Ռուսաստանում 93-ին, ո՛չ Իսրայելում 95-ին չէին դժվարանում բացատրել դրանց քաղաքական իմաստը։ Հայաստանում ամեն բան այլ է։ Եվ եթե օտար վերլուծաբանների՝ ողբերգությունը հասկանալու անկարողությունը կարելի է բացատրել ղարաբաղյան պատերազմի հետեւանքով հանրապետության տասնամյա մեկուսացվածությամբ, ապա հայ քաղաքական գործիչների երկարաձգվող լռությունը եւ հայ լրագրողների ու քաղաքագետների ապշեցնող զգուշավորությունը դժվար է այլ կերպ որակել, քան կատարվածի լուռ մեկնաբանություն։

Թվում է՝ Հայաստանը ոչ միայն ցնցված է, նա վախեցած է եւ ամաչում է։ Ո՞վ կարող էր մտածել, որ ԽՍՀՄ հանրապետություններից գրեթե առաջինը հռչակելով անկախություն, առաջինը իշխանությունից հեռացնելով կոմկուսակցական վերնախավը եւ ընտրելով յոթ տարի անփոփոխ ժողովրդավար նախագահ Տեր-Պետրոսյանին, Հայաստանը քաղաքական տարաձայնությունները պարզելու նման արյունալի օրինակ ցույց կտա։

Ո՞վ կարող էր մտածել, որ Արեւմուտքում ԱՊՀ ամենա «չքրեականացված» հանրապետության համարում վայելող երկիրը, ուր անվտանգ կարելի է զբոսնել գիշերը, որը անցել էր միջազգային կազմակերպությունների՝ «ժողովրդավարական կոռեկտության» բազմաթիվ ստուգումները, Եվրամիություն ընդունվելու վերջնական որոշման նախօրեին կջնջի իր նվաճումները։

Վարկածներ փաստերի փոխարեն

Ակնհայտ է, որ այս պարադոքսները անդրկովկասյան աշխարհաքաղաքական կանխադրույթներով բացատրելը նույնն է, թե ութ հայտնի քաղաքական գործիչների սպանությունը բացատրել 34-ամյա Նաիրի Հունանյանի հոգեկան շեղմամբ։ Ավաղ, «հանդարտ» հանրապետությունում վերջին տարիների աղմկոտ սպանությունների շարքը՝ գրողից մինչեւ երկաթգծի տնօրեն, դժվար է տեղավորվում «հոգեբուժական տեսության մեջ»։ Ահա վերջինները. Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան, պաշտպանության փոխնախարար, Վահրամ Խոռխոռունի, ՆԳ փոխնախարար Արծրուն Մարգարյան։ Այս հաշվեհարդարները դժվար է բացատրել աշխարհաքաղաքականությամբ կամ հոգեախտաբանությամբ։ Ավելի տեղին է խոսել սեփականության եւ իշխանության վերաբաշխմանը խանգարողներին հեռացնելու ցանկության մասին, նաեւ այն մասին, որ վախեցնելու եւ ահաբեկելու եղանակներին Հայաստանում ավելի վատ չեն տիրապետում, քան ԱՊՀ մնացած տարածքում։ Քրեական մոտիվներով բացատրել վարչապետ Սարգսյանի սպանությունը վաղաժամ է։ Այնուամենայնիվ չի կարելի չհիշատակել, որ ընդամենը մահից մի քանի օր առաջ 40-ամյա վարչապետը պատերազմ էր հայտարարել կոռուպցիայի պետական ապարատում եւ պատրաստվում էր տալ բոլորի անունները՝ «անկախ դեմքերից եւ զբաղեցրած պաշտոններից»։

Ղարաբաղ. պատերազմ խաղաղությունից հետո

Երկարաձգվող շրջափակումը, որը վերածվեց մեկուսացման, չար կատակ խաղաց ոչ միայն հայ քաղաքական գործիչների, այլեւ հայ ընտրողի հետ։ Հարցը միայն տնտեսությունը չէ, կյանքի մակարդակը կամ նպաստավոր քրեածին պայմանները։ Հարցը նաեւ քաղաքական գործընթացների փակվածությունն է, քաղաքական դասի ինքնաբավությունը, նաեւ աղբը տնից չհանելու ցանկությունը։ Արտասահմանը շփոթահար արձագանքեց երեւանյան իրադարձություններին։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում այսպիսի «ճիշտ» երկրում, որը նվաճումներ ուներ թե՛ արեւմտյան արժեքների, թե՛ շուկայական բարեփոխումների ճանապարհին, չէր վերացնում ժողովրդավարական ընտրությունները։ Դա իհարկե, այդպես է, բայց ամեն մի քվեարկություն ակնհայտ էր դարձնում, որ ընտրությունների արդյունքները վիճարկվում են։ Հիշենք, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը 96-ի սեպտեմբերին հաղթեց չնչին տարբերությամբ, ընտրողների ամբոխը Երեւանում գրոհեց բազմաչարչար խորհրդարանի շենքը եւ ծեծեց խորհրդարանի նախագահին։

Մեկուկես տարի չանցած, 98-ի փետրվարին Լեռնային Ղարաբաղի խնդրի «կոշտ գծի» կողմնակիցները (հանգուցյալ Սարգսյանի գլխավորությամբ) ստիպեցին հեռանալ Տեր-Պետրոսյանին, որը նախընտրում էր Ադրբեջանի հետ փոխզիջման ուղին։ 98-ի մարտի արտահերթ ընտրություններում նրան փոխարինեց ներկայիս ծնունդով ղարաբաղցի նախագահ Ռ. Քոչարյանը։ Չսպասելով ընտրությունների ավարտին, ընդդիմությունը նրան մեղադրեց արդյունքները կեղծելու մեջ։ Վերջապես, արդեն այս աշնանը, խորհրդարանում արյունոտ իրադարձությունների նախօրեին Երեւանում լուրեր էին շրջում նախկին համախոհների՝ վարչապետի եւ նախագահի միջեւ աճող հակամարտության մասին։ Ըստ լուրերի, նախագահը հակվում էր ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծմանը։ Աստված չանի այս լուրերից հետեւություններ անել, սակայն անհանգստացնում է քաղաքական կյանքի տրամաբանությունը, որը ստիպում է երեկվա համախոհներին հայտնվել բարիկադի տարբեր կողմերում։ Իսկ հենց որ իշխանության համար պայքարը ի ցույց է դրվում եւ հանձնվում ընտրողների դատին՝ ողբերգական շրջադարձ է կատարում։

Այդպես էլ սպանդի հաջորդ օրը Հայաստանի ՊՆ-ը պահանջեց երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Գլխավոր դատախազի, ՆԳ եւ ԱԱ նախարարների հրաժարականը։ Կարծում ենք, քննությունը, որ այժմ վարում են Հայաստանի իրավասու ծառայությունները, պարզություն կմտցնի անցած չորեքշաբթի օրվա իրադարձություններում։ Որքան արագ դա տեղի ունենա, այնքան լավ հայ հասարակության համար, որը դեռեւս մաշող անորոշության մեջ է։ Հայ ընտրողները, որոնք երկրի ժողովրդավարացման ճանապարհին պակաս ջանքեր չեն գործադրել, քան քաղաքական գործիչները, կարիք ունեն հավաստիացման, թե հոգեկան խանգարման են հասել հինգ մարդ, բայց ոչ՝ ողջ հայ քաղաքական դասը։

ԵՎԳԵՆԻ ՊԱԽՈՄՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930