Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի գործում Արամ Սարգսյանը չբացառեց թուրքական հետքի գոյությունը

Հոկտեմբեր 27,2021 16:02

«Գիտեք, տեղյակ չեմ: Ես մեկ անգամ արդեն ԱԱԾ-ում հարցաքննվել եմ, բավական երկար, 2-3 ամիս առաջ: Ի՞նչ ուղղությամբ է խնդիրը գնում, ի՞նչ փոփոխություններ կան՝ տեղյակ չեմ ու շատ բնական է, որ տեղյակ չեմ, որովհետեւ նախաքննություն է»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը՝ պատասխանելով «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացման ընթացքին վերաբերվող հարցին:

Արամ Սարգսյանը վերահաստատեց իր կարծիքը, որ գործը պետք է ԱԱԾ-ում քննվի, քանի որ դատախազությունը չունի համապատասխան գործիքակազմ՝ նման կարգի գործերի քննության եւ արտաքին քաղաքական հետքը պարզելու համար: Արամ Սարգսյանը գտնում է, որ խնդիրը այժմ արտաքին քաղաքական պատվիրատուների բացահայտումն է, քանի որ կատարողները պատժված են:

Լրագրողի դիտարկմանը՝ շատ հարցերում աջակցում եք ՀՀ գործող իշխանություններին, ի վիճակի՞ է այդ իշխանությունը մինչեւ վերջ տանել այս գործը, Արամ Սարգսյանը հակադարձեց, որ ինքը ՔՊ-ական իշխանությանը չի աջակցում, այլ ՀՀ-ին, ՀՀ պետականությանը. «Ես կողմնակից եմ երկրում կայունությանը, դեմ եմ արտահերթ եւ Սահմանադրությունից դուրս փոփոխություններին: Այս իրավիճակում մեզ միայն էդ էր պակաս… եթե դուք դա համարում եք աջակցություն, բացարձակ աջակցություն չէ: Երկրի համար մտահոգ ցանկացած մարդ, այս իմաստով աջակցեց՝ իշխանությանը քվեարկելով, թույլ չտալով, որ ռեւանշ տեղի ունենա, այն, ինչը որ նախկինների մասով կար»:

Ինչ վերաբերվում է «Հոկտեմբերի 27»-ի գործին, Արամ Սարգսյանը չի հավատում, որ գործող իշխանությունն՝ այդքան ռուսական ենթատեքստում լինելով, կարող է ռուսական հետքը ստուգել կամ ստուգել ռուսական հատուկ ծառայությունների գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի արած հայտարարությունը, որ «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպել է ռուսական ԳՌՈՒ-ն: «Ամեն դեպքում, վերջին հայտարարությունները՝ կապված Մեղրիի, Մեղրիի միջանցքի հետ, ինձ հուշում են, որ նման տարբերակով հարցի լուծման կողմնակից է եղել Թուրքիան, եւ, բնականաբար, այն մարդիկ, ովքեր Հայաստանում դեմ են եղել այդ տարբերակով հարցի լուծմանը, նրանք իրենց ձեռնտու չեն եղել: Հետեւաբար, բացառված չէ, նաեւ, որ այդ տարբերակով իրենց խանգարող մարդկանց… «Հոկտեմբերի 27»-ով այդ խնդիրը լուծելն է»,-ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ «Հոկտեմբերի 27»,- ով հիմք է դրվել այսօրվա պարտությունների եւ ներկայիս ծանր գործընթացի համար, ուստի, քանի դեռ մենք համապատասխան հետեւություններ չենք արել այդ գործի իրական պատվիրատուների մասով, լուրջ խնդիրներ ենք ունենալու:

Նա կասկած չունի, որ թե այն ժամանակ, թե հիմա Մեղրիի տարբերակով խնդրի լուծումն ու 3+3+3 ձեւաչափի ջատագովները եղել եւ մնում են ՌԴ-ուն ու Թուրքիան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031