Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՎԱԾ ԳԼԽՈՎ՝ ԳՈ՜Լ

Դեկտեմբեր 21,1999 00:00
Artashes Geghamyan

«Առավոտի» հարցին, թե արդյո՞ք Սամվել Բաբայանի վարկաբեկումը եւ քաղաքական մեկուսացումը հոկտեմբերի 27-ի շարունակությունն է, եւ հնարավո՞ր է, որ դրանով հող է նախապատրաստվում նրան մեղադրանք ներկայացնելու, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ղեկավարներից Արտաշես Գեղամյանը պատասխանեց.

«Երբ ԱԺ նիստերի դահլիճում գնդակահարվում է Հայաստանի առաջին հերոսը, մենք իրավունք չունենք բարոյապես գնդակահարել Արցախի առաջին հերոսին։ Հաղթանակած բանակի հրամանատարը՝ պատերազմը չավարտված, չափազանց պատասխանատու քաղաքացիական դիրքորոշում դրսեւորեց՝ հեռանալով։ Մեր հանրապետության նախագահը, ՊՆ ղեկավարությունը պետք է գտնեն այն ճանապարհը, որով Սամվել Բաբայանը վերադառնա ակտիվ, զինվորական ծառայության»։

Ինչ վերաբերում է ԼՂՀ նախագահի՝ պրն Բաբայանի հասցեին ուղղած «տկարամիտ» որակմանը, պրն Գեղամյանը ապշած էր. «Ինչպե՜ս կարելի է հրամանատարին ասել, թե նա մտքի տկարություն ունի։ Որ վաղը, մյուս օրը Ալիեւը դրոշակ դարձնի, ասի՝ տկարամիտ մարդիկ պատերազմ սկսեցին, անունը դրեցին՝ ազատագրական պայքա՞ր»։ Նման դեպքերում, երբ սպային վիրավորում են, նա ձեռնոց է նետում, մենամարտի է հրավիրում։ Եվ քանի որ Հայաստանում մենամարտի ինստիտուտը չի գործում, Սամվել Բաբայանը ապտակել է: «Բա ո՞նց։ Բա՝ իհարկե»։ Արտաշես Գեղամյանը ցիտեց Հովհաննես Գալաջյանի հանճարեղ մտքերից հերթականը. «Խելոք մնացեք, թե չէ Նաիրի Հունանյանը ձեզ վրա ցուցմունք կտա»։ Ահա սա էր Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելու մասին մեր մյուս հարցի պատասխանը։ «Առավոտը» Հայկ Բաբուխանյանից փորձեց իմանալ՝ նրանով դատախազությունը շարունակո՞ւմ է հետաքրքրվել, թե ոչ։ Պրն Բաբուխանյանը պատասխանեց. «Վերջնականապես՝ չգիտեմ, բայց վերջին շրջանում ինձ չեն անհանգստացրել։ Ե՛ս կարող եմ նրան անհանգստացնել. որոշ բաներ կան, որ ինձ հետաքրքրում են։ Հետո կիմանաք»։

Երեկ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության հաշվետու ասուլիսն էր։ Հրանտ Խաչատրյանը կասկած հայտնեց հոկտեմբերի 27-ի գործը քննող քննչական խմբի ինքնուրույն քննության վերաբերյալ, մանավանդ որ հոկտեմբերի 27-ի գործի քննության անկողմնակալության եւ անկաշառության հավաստիացումները միանգամից հանվում են՝ համեմատվելով Սիրադեղյանի գործի քննության ընթացքի հետ։ Իսկ Հանրապետական կուսակցության հայտարարությամբ, ըստ Խաչատրյանի, կարելի է համարել, որ հաղթահարվեց հոկտեմբերի 27-ի լարվածությունը։ Թեեւ դաշինքը դեպքից հետո հայտարարեց, թե ահաբեկչությունից հետո չի կարելի փոխել հանրապետության ներսում ուժերի հարաբերակցությունը, սակայն գտնում է, որ չարժե դիրքային առավելություններ ստանալ մյուս քաղաքական ուժերի նկատմամբ՝ շահարկելով այդ դեպքերը։ Հրանտ Խաչատրյանը խախտեց համեստ մարդու իր իմիջը՝ նշելով. «ԼՂՀ Պ նախարար Սամվել Բաբայանը առաջիններից մեկն էր, որ քայլ կատարեց դեպի Հայաստանի հասարակության առողջ մասը՝ նկատի ունեմ «Իրավունք եւ միաբանությունը»։ Սամվել Բաբայանի գլխի հայտնի հարվածը ԼՂՀ վարչապետին (որը ոմանք ապտակ են ասում), պրն Խաչատրյանը պատմականորեն հիմնավորեց. «Դեռեւս խորհրդարանական ընտրությունների ժամանակ դաշինքը զգացել է, որ Բաբայանին մեկուսացնում են։ Նրան ոչ միայն հեռացրին կառավարման լծակներից, այլեւ փորձ են անում նրա դեմ վարկաբեկման հզոր կոմպանիա ծավալել։ Նրան ուզում են հանել հունից, հայտնի մեթոդներով հանել հավասարակշռությունից»։

Ինչ վերաբերում է վարկաբեկմանն առհասարակ, Հայկ Բաբուխանյանն առաջարկեց մեր քաղաքական լուրջ ուժերին (որոնց մեջ ՀՀՇ-ական ռեւանշիստները չեն մտնում- Հ. Բ.) միմյանց վարկաբեկելու, քաղաքական մթնոլորտը շիկացնելու փորձերը գոնե 6 ամսով հետաձգել։ «Իրավունք» թերթի տերմինոլոգիայով՝ «Երեկվա զարմանք» կոչումը կարելի էր շնորհել դաշինքի անդամ Համլետ Հարությունյանին, որը ԽՍՀՄ եւ այլ պատմությունների իր իմացած եւ, հատկապես չիմացած իրադարձությունները պատմում էր լրագրողներին։ Ի դեպ, նա, ինչպես եւ շատ պատգամավորներ, ունի մականուն՝ Բառադի, որը չէինք հիշատակի, եթե նա հատկապես իրեն չուղղված հարցերին ոչ տեղին եւ երկարաշունչ պատասխաններ չտար։ Պրն Հարությունյանը հիշեց «պքԴ» բառը 4 տառասխալով գրող Եկատերինա II-ին, ապա նշեց, որ չի զարմանա, եթե թուրքական հետախուզությունը Ալիեւին զեկուցի. «Ձերդ պայծառափայլություն, ճակատամարտերն ավարտված են՝ կռվողներ չլինելու պատճառով»։ Իսկ մինչ այդ պրն Հարությունյանը ժամանակ ունի վերընթերցելու եւ վերհիշելու Զորավար Անդրանիկի մահվան հանգամանքներն ու աշխարհագրական վայրը, որը նրան պրն Գեղամյանն էր հուշում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031