Լրահոս
Օրվա լրահոսը

Տնային կալանքում գտնվողների ահազանգը․ պատկան մարմիները կարգավորել են անձնագրերի հետ կապված խնդիրը

Հունիս 06,2026 12:45 Share

Հունիսի 1-ի դրությամբ տնային կալանքում գտնվող 911 անձից քվեարկելու իրավունք ունեն 857-ը։ 54 անձ ընտրելու իրավունք չունի, քանի որ կամ անչափահաս են, կամ էլ չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանը։

Հիշեցնենք, որ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն առաջին էր, որ դեռեւս այս տարվա փետրվարին բարձրացրեց տնային կալանքում գտնվող անձանց քվեարկելու իրավունքի իրացման հարցը։ Տնային կալանքում գտնվող անձանց քվեարկության ձեւը կարգավորված չէր, քանի որ Հայաստանում տնային կալանքի ինստիտուտը սկսել է գործել վերջերս։

Տնային կալանքում գտնվող անձանց ընտրական տեղամասեր ուղեկցելու են պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները։ Վերջիններիս տնային կալանքում գտնվող անձանց ծանուցել են, հարցում են կատարել, թե ով է ցանկանում մասնակցել քվեարկությանը, որպեսզի կարողանան նախապես կազմակերպել ուղեկցելու ժամերը։ Սակայն,  այն անձինք, որոնք նախապես նշել են՝ որ չեն ցանկանում մասնակցել ու եթե մտափոխվեն, կարող են հենց քվեարկության օրը տեղեկացնել պրոբացիայի ծառայությանը։

Իրինա Մանուկյան

Իրինա Մանուկյանը պատմում է, որ մայիսին տնային կալանքում գտնվող անձինք ահազանգեցին, որ իրենց անձնագրերը գտնվում են դատարաններում ու, ըստ էության, ժամանակատար է դրանք վերցնելը։ Անմիջապես կազմակերպությունը  դիմում է  ներքին գործերի միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը, որն էլ դիմումը վերահասցեագրել է արդարադատության նախարարությանը։  «Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից հաշվառվել են տնային կալանք այլընտրանքային խափանման միջոց կրող բոլոր այն մեղադրյալները, որոնց անձնագրերը գտնվում են ոչ միայն դատարաններում, այլեւ՝ պետական այլ մարմիններում (Քննչական կոմիտե, Հակակոռուպցիոն կոմիտե, ԱՆ քրեակատարողական ծառայություն), եւ ձեռնարկվել համապատասխան միջոցներ ընտրության նախօրեին տվյալ անձանց անձնագրերը Ծառայությանը փոխանցելու ուղղությամբ (ընտրությունից հետո տվյալ մարմնին վերադարձնելու պայմանով)՝ հաշվի առնելով, որ մեղադրյալների ուղեկցումները ընտրատեղամասեր իրականացվելու են Ծառայության կողմից»,-կազմակերպությանը ուղարկված պատասխանում նշել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանը։

Նախընտրական այս օրերին պետական մարմինների հետ աշխատանքը օպերատիվ էր՝ ասում է Իրինա Մանուկյանը։ «Ընտրական գործընթացի հետ կապված ցանկացած հարցմանը թե արդարադատության նախարարությունը, թե քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՆԳՆ միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը արագ արձագանքում էին ցանկացած խնդրի»,-մեր զրույցը եզրափակեց Իրինա Մանուկյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել