Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵԻ ԵԶՐԻՆ

Փետրվար 16,2000 00:00
byuje

Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ դժվար է հիշել բյուջեի նախագծի այնպիսի նախնական քննարկումներ, որոնց չմասնակցեր ոչ միայն ԱԺ նախագահը, այլեւ անգամ էկոնոմիկայի նախարարը։

Բացի այդ, ընդհանրապես առանձնակի խորացված եւ հմուտ քննարկումներ պետք էլ չէ սպասել ոչ լրիվ 1 տարվա խորհրդարանական փորձառություն ունեցող պատգամավորներից։ Ուստի զարմանալի չէր, որ, ընդգծում եմ, բյուջեի՛ նախագծի քննարկումների ընթացքում երեկ թեեւ հետաքրքրական, բայց խնդրո առարկայի հետ հեռավոր աղերսներ ունեցող հարցադրումներ էին արծարծվում։ Մանուկ Գասպարյանը էներգետիկ հանձնաժողովի անդամ Աշոտ Հովսեփյանին ներկայացրեց այս խնդիրը, թե հեղուկ գազալիցքավորման կայանները 500-600 դոլարի գազ են օգտագործում, մինչդեռ 5-6 հազար դոլարի եկամուտ ունեն։ Եվ Աշոտ Հովսեփյանը հիշեցրեց, որ այդ կայանները պետական կարգավորման ոլորտից դուրս են։

Սակայն հանձնաժողովի անդամի հախից գալն իրենց համար հավասարեցնելով թնդանոթով ճնճղուկների վրա կրակելուն՝ պատգամավորներն արթմնի երազում էին էներգետիկայի նախարարի մասին. «Մի հատ Զադոյանին, էլի, քընընենք»։ Վերջինս այսպես արձագանքեց. «Երեկ ձեռքներդ էի ընկել՝ քննեիք»։

Չի կարելի ասել, թե «քննասեղանին» մոտենալուց հետո պատգամավորներն իրենց հարցերով շատ նեղը լծեցին Դավիթ Զադոյանին։ Հակառակը՝ նրա համար գովազդի հնարավորություն ստեղծեցին, որ պատմի, թե իր նախարար նշանակվելուց հետո էլեկտրաէներգիայի կորուստներն ինչքան են նվազել 15-ից հասնելով 9,9%-ի։ Իսկ եթե հաշվի առնենք, թե նյութական պատասխանատուների միջոցով էլ ինչքան են հետ բերել՝ կորուստներն ընդհանուր առմամբ կկազմեն 7,78%։ «Եթե ուզում եք դա գումարի վերածել՝ ամեն մի տոկոսը բազմապատկեք 2 մլն դոլարով»,- բավական համեստորեն ասաց էներգետիկայի նախարարը։

Ի դեպ, նա էլ անդրադարձավ գազի խնդրին, հիշեցնելով, որ մեր բնակչության օգտագործած գազն ու դրա կորուստներն իրար հավասար են. «Գազի համակարգն այսօր մեր ամենածանր տեղն է։ Կորուստներն իրոք շատ են։ Բայց ամբողջ ցավը նրանումն է, որ այս կորուստները նորմայի մեջ են»։ Նկատի ուներ այժմ էլ գործող հին նորմատիվները, որոնք վճռականորեն մերժեց։ Չհամաձայնեց հեղուկ գազի լիցքավորման կայանների վերաբերյալ վերոհիշյալ թվերին. «Բայց միեւնույն է՝ այնտեղ այլանդակություն է տեղի ունենում (…) Ինչ հաշվիչ, ինչ բան։ Ավելին՝ ոչ էլ գրանցված էին շատերը»։ Խնդիրն ավելի լայն դիտարկելով՝ ասաց. «Եթե առաջ միայն Վրաստանի հետ կապի ժամանակ ամենաքիչը 30-35 մլն խմ մեզ խաբում էին՝ հիմա չեն կարողանում, որովհետեւ 250 հազար դոլար փող ծախսեցինք՝ դրեցինք այդ հաշվիչը»։

Այնուամենայնիվ համաձայնեց, որ իր համակարգում դեռ շատ անելիք կա. «Եթե ես մնամ նախարար՝ այդ ծանր խնդիրները լուծելու եմ»։

Փոքրիկ ընդհարում եղավ, երբ Դավիթ Զադոյանն ասաց. «Բոլորը մի թողեք մի հոգու վրա՝ եկեք սաղս իրար հետ պայքարենք… Մենակ ասելով չի՝ եկեք իրար օգնելով անենք»։ Այս կոչին արձագանքեց Արթուր Բաղդասարյանը. «Ո՞նց օգնենք, ասեք ձեւն՝ օգնենք»։ Դավիթ Զադոյանը (չգիտես ինչու) վրդովվեց. «Սենց մասսայի մոտ մի՛ ասա։ Արի՛, առանձին ասեմ։ Թե չէ միշտ սիրում եք մասսայի մոտ խոսել»։ Արթուր Բաղդասարյանը ընդունեց հրավերը։

Ի դեպ, հետաքրքրվեցին, թե ինչու էր թեական խոսում նախարար իր մնալու հեռանկարի մասին. «Կարող է էնքան շատ ճնշեք՝ չուզեմ»,- պարզաբանեց Դավիթ Զադոյանը։

Էներգետիկից անցան ջրամատակարարման համակարգին։ Ներքին ցանցերի վիճակը շատ վատ գնահատվեց։ Դրանց «նորմատիվ կյանքի» տեւողությունը 25 տարի է եւ մեր ջրամատակարարման ցանցերի շուրջ 60%-ը կրիտիկական սահմանաեզրին են։ Բնակչությունը «Հայջրմուղկոյուղուն» շուրջ 7 մլրդ դրամի անհուսալի պարտք ունի։ Ջրաչափերի համար միջոցներ չկան։ Ջրի կորուստներն ահռելի չափերի են հասնում։

Ահա այս անմխիթարական պատկերի ֆոնին դարձյալ առանձնացավ Մանուկ Գասպարյանը, որ մասնավորապես լողավազանների (որպես դրանց սեփականատեր նշեց ԱԺ պատգամավորներին, կառավարության անդամներին՝ իր բնորոշմամբ այդ «Հոլիվուդի աստղերին») ջուրն ամեն օր փոխողներին մեղավոր դիտեց ջրի կորուստների համար, համարելով, թե հատկապես նրանք չեն վճարում ջրի համար։ Ի դեպ, ֆինանսների փոխնախարար Մերուժան Միքայելյանը հաստատեց, թե շատ է այն պատգամավորների եւ պաշտոնյաների թիվը, ովքեր ե՛ւ ջրի վարձը չեն մուծում, ե՛ւ հոսանքի։

Ներկա «Հոլիվուդի աստղերից» մեկը՝ Մանվել Բադեյանը, ասաց, թե ինքն էլ է այն պատգամավորներից, որոնք լողավազան ունեն. «Հատուկ ջրաչափը դրել եմ, իհարկե։ Բացի էդ էլ՝ երկու հատ էլ տուն ունեմ, որտեղ չեմ ապրում եւ այնտեղ էլ եմ ջրի վարձ տալիս՝ չգիտեմ ինչու։ Ժամանակ չեմ ունենում կռիվ անեմ՝ էդ վարձը տալիս եմ»։ Հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը ենթադրեց, թե մարդահամարի ժամանակ էլ նրան 3 տեղ կհաշվեն։ Մանվել Բադեյանն առարկեց. «Հենց փող տանելու վախտն է՝ անպայման կհաշվեն, տալուց՝ չէ»։

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829