Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում պատգամավորը չպիտի նախարար դառնա

Փետրվար 27,2024 10:00

Գեւորգ Պապոյանը նշանակվելու է էկոնոմիկայի նախարար: Անձամբ այդ երիտասարդի դեմ, բնականաբար, ոչինչ չունեմ եւ հակառակը՝ նոր ասպարեզում հաջողություն եմ ցանկանում: Որեւէ խնդիր չեմ տեսնում նաեւ նրանում, որ Պապոյանն առաջ ՀՀԿ-ական էր. ի վերջո, պատահում է, որ մարդու հայացքներն էվոլյուցիա են ապրում:

Սխալ է, կարծում եմ, ինքը սկզբունքը՝ ակտիվ, բոցաշունչ, կրքոտ ճառեր արտասանող պատգամավորին նշանակել նախարար: Դա սխալ է ոչ թե ընդհանրապես, այլ՝ Հայաստանի նման երկրի դեպքում: Բրիտանիայում, օրինակ, պատգամավորի եւ նախարարի աշխատանքը նույնիսկ կարող է համատեղվել: Բայց այնտեղ պատգամավորներն ընտրվում են մեծամասնական կարգով եւ հաշվետու են նախեւառաջ իրենց ընտրողների, ոչ թե «շեֆի» առաջ:

Իսկ մեզ մոտ երեք տասնամյակների ընթացքում այլ ավանդույթներ են ձեւավորվել: Կոնկրետ հիմա ՔՊ-ական պատգամավորներն իրենց դիրքով, բարեկեցությամբ, կարիերայով պարտական են միայն վարչապետին: Հետեւաբար, նրանք պարտավորված են զգում կրծքով պաշտպանել իրենց առաջնորդին բոլոր հանգամանքներում:

Անցած տարվա սեպտեմբերին մարդիկ փողոց էին դուրս եկել՝ Արցախի հայաթափման համար ցավ զգալով, ՔՊ-ական ռեակցիան՝ «ռուսական ագենտուրան ուզում է հեղաշրջում անել»: Ընդդիմադիր պատգամավորը քննադատական ելույթ է ունենում, պատասխանն է՝ «բա որ Ռոբերտ Քոչարյանը, բա որ Սերժ Սարգսյանը… բա որ Դաշնակցությունը 1918 թվականին»: Մի խոսքով, ՔՊ-ական փաստարկները մեզ հայտնի են:

Այդպիսի պատգամավորին ցանկալի չէ նշանակել նախարար, որովհետեւ գործադիր պաշտոնում այս ամբողջ հռետորաբանությունը բացահայտ կամ սքողված ձեւով շարունակվելու է՝ ի վնաս գործնական ու որոշ իմաստով «չեզոք» գործունեության, որը պահանջվում է նախարարից: Ի դեպ, նույն տրամաբանությամբ Կարեն Անդրեասյանը չպիտի դառնար ԲԴԽ նախագահ, որովհետեւ ակնհայտ է, որ չի կարողանում զսպել իր բուռն բացասական զգացմունքները ընդդիմադիրների («նախկինների») հանդեպ:

Իսկ ահա Ժաննա Անդրեասյանի նշանակումն այդ առումով ավելի հաջող էր, որքան էլ նրա ղեկավարած նախարարության ընդունած որոշումները հաճախ վիճելի լինեն: Պարզ է, չէ՞, որ Հայաստանում կան ուսուցիչներ, դասախոսներ, գիտնականներ, որոնք Փաշինյանին եւ ՔՊ-ին չեն համակրում: Բայց նախարարությունը պարտավոր է նրանց հետ աշխատել: Եթե Ժաննա Անդրեասյանն ամեն օր տարբեր ամբիոններից «քլնգեր» Փաշինյանի ընդդիմախոսներին, ապա որպես նախարար նա, ինչպես ասում են, «կարմիր շորի» դեր կխաղար, ինչը չէր նպաստի նախարարության արդյունավետ աշխատանքին:

Նույնը կարելի է ասել տնտեսական ոլորտի մասին: Բայց գուցե խնդիրն էկոնոմիկայի նախարարության դեպքում ոչ թե արդյունավետ աշխատանքն է, այլ նախարարի պաշտոնում «հեղափոխական գաղափարներով տոգորված», անձնապես նվիրված կադր ունենալը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Եւս մի գեղջուկ գյուղից փախավ քաղաք: Ոչ գյեղացի մնաց, ոչ էլ քաղաքացի դարձավ («ни в городе Богдан, ни в селе Селифан», «ни рыба ни мясо»):
    Բանվոր-գյուղացիական կառավարություն:
    «Հիմնադիրը» կենդանի էր, «հիմնադիրը» կենդանի է, «հիմնադիրը» կենդանի կմնա Հայոց գյուղերում:

  2. Լավատես says:

    Մեր այսօրվա չլյուստրացված պայմաններում ով ասես կարող է մեր ընտրողների կարծիքի վրա ազդել, այդ պայմաններում ճիշտ ընտրություն կատարելը համարյա անհնար է եւ մեր աշխարհասփյուռ գիտնականներն, ում մենք վստահում ենք, սպասում ենք նրանց առաջարկներին: Նրանց ընտրությունը՝ իմ ընտրությունն է:

    https://youtu.be/p0sjNlbfq1k?si=yBc2ke4uHZ2wST4l

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829