Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Մարտ 24,2000 00:00
Satik Seyranyan

Մարտի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձից առաջ վերջին մարդը, որ հանդիպել էր նախագահին եւ հարցազրույց էր վերցրել նրանից, «Առավոտի» թղթակից Սաթիկ Սեյրանյանն էր։

Մարտի 22-ին եւ 23-ին մենք ոչ մի լուր չունեինք մեր աշխատակցի մասին։ Բոլոր փորձերը՝ կապվել ԼՂՀ պատկան մարմինների հետ, ապարդյուն էին։ Օրվա երկրորդ կեսին Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչը կապվեց Արամ Աբրահամյանի հետ եւ հայտնեց, թե մեր լրագրողի ներկայության մասին ԼՂՀ որեւէ պետական կառույցում ոչ ոք ոչինչ չգիտի։ «Նա մեզ մոտ չի»,- սա էր պատասխանը։

Իսկ որտե՞ղ էր Սաթիկ Սեյրանյանը։ Երեկ ժամը 22-ի սահմաններում վերջապես Սաթիկը կարողացավ կապվել մեզ հետ եւ հաղորդեց հետեւյալը. «ԼՂՀ ԱԱ եւ ՆԳ նախարարությանը եւ դատախազությանը հետաքրքրում էի նրանով, որ դեպքից 5-10 րոպե առաջ եղել էի նախագահ Արկադի Ղուկասյանի մոտ։ Դեպքի օրն առավոտյան իմացա, որ ինձ փնտրել են, ինչ-որ մարդիկ գնացել են «10-րդ նահանգ» թերթի գլխավոր խմբագրի տուն՝ ճշտելու, թե որտեղ եմ ապրում։ Իմանալով այդ մասին, կապվեցի ԱԱ նախարարության հերթապահի հետ, ներկայացա, թե ով եմ, ասացի, որ ինձնով հետաքրքրվում են, տվեցի հեռախոսահամար եւ հասցե, որ ինձ գտնեն, բայց մինչեւ ժամը 14-ը ոչ ոք չեկավ, իսկ ես ցանկանում էի դեպքի մասին տեղեկատվություն ստանալ, այսինքն՝ կատարել լրագրողի իմ գործը։ Փորձեցի կապվել դատախազի հետ, անարդյունք, եւ ուղեւորվեցի «10-րդ նահանգ» թերթի խմբագրություն, որը գտնվում է Երեւանյան փողոցի մոտ։ Փողոցը երկու կողմից փակված էր, մոտեցա իմանալու, թե ինչո՞ւ է ճանապարհը փակված, որովհետեւ լուրեր էին տարածվել, թե թերթի խմբագրին ձերբակալել էին։ Ոստիկանները կարծես թե ինձ ճանաչեցին։ Ներկայացա։ Ասացին, որ ինձ փնտրում են։

Տարան ՆԳ նախարարություն։ Ինչ-որ աշխատակիցների հետ թողեցին մի սենյակում, ոչ ոք չէր գալիս եւ ոչինչ չէր ասում։ Հետո եկան ինչ-որ մարդիկ եւ ասացին. սպասեք ՀՀ ԱԱ-ից գալիս են ձեզ հարցաքննելու։ Մարտի 22-ի ժամը 14.00-ից մինչեւ 16.30-ը ՆԳ նախարարությունում էի։ 16.30-ին եկան ՀՀ ԱԱ քննչական վարչության ՀԿԳ քննիչ Նելսոն Զաքարյանը եւ եւս մի աշխատակից։ Չէին ներկայանում, ներկայացան իմ պահանջից հետո միայն։ Հարցրի, թե ինչո՞ւ եմ իրենց հետաքրքրում, եւ ի՞նչ կարգավիճակով եմ այստեղ։ Մինչեւ ժամը 18-ը զրույց եղավ, եւ զրույցի ոչ մի գրանցում չկատարվեց։ Իրենց հետաքրքրում էր, թե ինչո՞ւ եմ գնացել Ստեփանակերտ։ Հետաքրքրում էր, թե Ստեփանակերտում ո՞ւմ եմ հանդիպել. ի՞նչ եմ արել։ Քանի որ դեպքի օրն առավոտյան ժամը 10-ին հարցազրույց եմ ունեցել ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի հետ, այնուհետեւ՝ ժամը 11.30-ին հանդիպել եմ Արկադի Ղուկասյանին (սա հարցազրույցի սկզբնական մասն էր, այնուհետեւ Արկադի Ղուկասյանի խնդրանքով հարցազրույցը շարունակվել է երեկոյան)։

Նույն օրը պետք է հարցազրույց ունենայի նաեւ Սամվել Բաբայանի հետ, սակայն վերջինս չուզեց պաշտոնական հարցազրույց տալ, ասելով՝ պարզապես խոսել՝ խնդրեմ, բայց հարցազրույց չեմ տա։ Նույն օրվա երկրորդ կեսին, մոտավորապես 15.30-ից մինչեւ 18.30-ը զրուցեցի Սամվել Բաբայանի հետ։ Այստեղից զանգահարեցի Արկադի Ղուկասյանին, վերջինս 21.30-ին ինձ սպասում էր, շատ նորմալ ընդունեց, հարցազրույցը տեղի ունեցավ, հետո նախագահը որոշեց հարցազրույցից դուրս զրուցել։ Վերջում նախագահն առաջարկեց, որ իր թիկնապահներն ինձ ուղեկցեն։ Թիկնապահն ինձ ուղեկցեց հյուրանոցի մոտ»։

Մարտի 22-ին ժամը 14-ից մինչեւ մարտի 23-ի ժամը 20-ի սահմանները Սաթիկ Սեյրանյանը պահվել է ՆԳ նախարարությունում, առանց որեւէ բացատրության, առանց կարգավիճակի հստակեցման։ Սաթիկի բողոքներից հետո, երբ վերջինս հայտնել է, թե ինքն ուզում է բողոք-նամակ գրել ՆԳ նախարարին, գլխավոր դատախազին, վերջինիս խնդրել են բողոք չներկայացնել։ Սաթիկը դիմում է գրել՝ պահանջելով, որ թույլ տան օգտվի զանգելու իրավունքից, պարզելու, թե ի՞նչ կարգավիճակով է ինքն այստեղ, մինչեւ ե՞րբ պետք է սպասի, ե՞րբ են իրեն հարցաքննելու։ Աշխատակիցներից մեկը նույնիսկ զարմացել է. «Դուք դեռ այստե՞ղ եք»։

Գիշերը ժամը 3-ի սահմաններում Սաթիկը հայտնել է, թե ուզում է հանդիպել ՆԳ նախարար Բակո Սահակյանին։ Վերջինս ասել է՝ վաղը։ Երեկ երեկոյան ՆԳ նախարարը ներողություն է խնդրել, որ անորոշ վիճակում են պահել, ասելով, որ հարցը միայն իրենցից չէր կախված, այլեւ դատախազությունից։ Ի վերջո, Սաթիկին բաց են թողել։

Հերթական անգամ ոտնահարվել են մարդու, լրագրողի իրավունքները։ Մեկնաբանությունները թողնենք Սաթիկի վերադարձից հետո։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031