Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 12,2000 00:00

ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԻՐ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՐ «Առավոտի» հարցազրույցը պատմաբան Ժիրայր Լիպարիտյանի հետ – Ինչի՞ն էր նվիրված փարիզյան հանդիպումը եւ ո՞րն էր դրա նպատակը։ – Հունիսի 17-ին Փարիզում տեղի ունեցած հանդիպումը «Հայկական հարցի շուրջ հայ եւ թուրք երկխոսությունն այսօր» թեմային կվերաբերեր։ Նպատակն էր, իմ կարծիքով, տեսնել, թե ինչ ունեն ասելու հայ եւ թուրք մտավորականները, եթե միատեղ ելույթ են ունենում։ Երկխոսություն բառը քիչ մը անհամեստ էր, որովհետեւ նույն ամբիոնում եւ նույն հասարակության առջեւ միատեղ ելույթ ունենալը տակավին երկխոսություն չէ։ Անշուշտ, այս էլ իր օգտակարությունն ուներ։ Իր տեսակի մեջ առաջինն էր որպես հրապարակային երեւույթ։ Ավելի վաղ, Չիկագոյի համալսարանում տեղի էր ունեցած երեք օրվա հանդիպում, որը ավելի մոտ էր երկխոսության գաղափարին։ Առիթ էր ծանոթանալու տարբեր մոտեցումներին, ճշտել, թե ինչ են տարբերությունները եւ արժեր մտածել այդ մասին։ – Ո՞ւմ էիք ներկայացնում դուք եւ ումի՞ց էիք հրավեր ստացել։ – Միայն ինձ։ Կազմակերպողները երեւի նկատի են ունեցել իմ գիտական ներդրումը հայ-թուրք հարաբերությունների ուսումնասիրության մեջ, ինչպես նաեւ 1992-1997թթ. Թուրքիայի հետ դիվանագիտական աշխատանքներս։ Հրավերը ստացել եմ կազմակերպող հիմնարկից, Հայ սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնից, որը, եթե չեմ սխալվում, մի քսան տարի գործում է Փարիզում։ Կարող եմ ավելացնել, թե վերջին անգամ Երեւան այցիս, նախքան Փարիզ գնալս, ես խորհրդակցել եմ անպաշտոն եւ անձնական հանգամանքով արտգործնախարարի՝ պարոն Օսկանյանի հետ այդ սեմինարի մասին, եւ նա համաձայնվել է, թե կարեւոր է մեր մասնակցությունը։ Նրան նույնպես տեղյակ եմ պահել, թե իմ ելույթը Փարիզում լինելու է ամփոփում Չիկագոյի հանդիպման իմ ավելի երկար ելույթին, որի տեքստի պատճենը նրան տրամադրել էի։ – Ճի՞շտ է արդյոք, որ թուրք ներկայացուցիչները հանդես էին գալիս «ապաշխարական» ելույթներով եւ կոչ էին անում Թուրքիայի կառավարությանը ճանաչել ցեղասպանությունը։ – Նախ պետք է ճշտել, թե, որքան հասկացել եմ, յուրաքանչյուր մասնակից հրավիրված էր որպես անհատ եւ ներկայացնում էր ինքն իրեն։ Սխալ պիտի լիներ խոսել հայկական կամ թուրքական տեսակետների մասին, մանավանդ որ, թուրքերի միջեւ, ինչպես հայերի, կային տարբեր մոտեցումներ։ Հայերի միջեւ տարբերությունները չէին կարող վերաբերել ցեղասպանության փաստացիությանը, նման բան չկար եւ չէր կարող լինել։ Հարցը ավելի վերաբերում էր պատմության մեկնաբանություններին։ Այսինքն, ինչպես տեղավորել այդ ցեղասպանությունը մեր պատմության մեջ եւ այսօր մեր քաղաքական մտքի մեջ։ Ինչ վերաբերում է թուրք մասնակիցներին, դժվարանում եմ համաձայնվել այդ գնահատականի հետ։ Մի թուրք տնտեսագետ դժվարություն չուներ ցեղասպանություն բառը գործածելու։ Ներկայացնելով այդ ոճիրի տնտեսական հետեւանքները, նա ասում էր, թե թուրք կառավարությունը ինչ-որ պատասխանատվություն ունի փոխհատուցման հարցում։ Երկրորդ, մի լրագրող ասում էր, թե ահավոր դեպքեր էին, բայց արդյո՞ք այդքան կարեւոր է ցեղասպանություն բառի կիրառումը։ Երրորդ, մի պատմաբան ասում էր, թե մի քիչ վաղ է պատմաբանի համար որոշելու, թե պատահածը ինչ էր։ Ծրագրում կար նաեւ մի չորրորդ թուրքի անուն, որը, սակայն, ինչ-որ պատճառով ներկա չէր եւ իր ելույթը չներկայացրեց։ Ես չլսեցի այն, ինչ դուք եք ասում։ Կարող եմ ձեզ տրամադրել բոլորի ելույթները, գաղտնի չեն, եւ դուք դատեք՝ ով ինչ ասաց։ Փաստորեն, Երեւանից կային թղթակիցներ, որոնք ստացած պիտի լինեն ելույթների լրիվ փաթեթը։ Սա չի նշանակում, թե հավաքը օգտակար չէր։ Ինձ համար շատ էր օգտակար։ Բայց սա երկար ժամանակի գործ է եւ պահանջում է առավելագույն մտավորական ներդրում եւ նվազագույն մանր քաղաքական շահագործում։ – Ինչպիսի՞ փաստաթուղթ էր ընդունվել արդյունքում եւ ինչո՞ւ դուք հրաժարվեցիք նրան միանալ։ – Ելույթների ավարտից ու հանդիպման փակումից հետո կազմակերպողները հրավիրեցին մասնակիցներին քննարկելու եւ ընդունելու մի փաստաթուղթ։ Լրագրողները հրավիրված էին որպես դիտորդ։ Փաստաթղթի ընդունվելուց հետո պիտի մի մամլո ասուլիս լիներ ու ներկայացվեր փաստաթուղթը ստորագրված 7 խոսողների ու կազմակերպող հիմնարկի երկու գլխավոր պատասխանատուների կողմից։ Սակայն կային մի քանի լուրջ հարցեր։ Նախ, ինձ համար հստակ չէր, թե ինչու է պետք նման փաստաթուղթ։ Եթե մի բան սկսվել է, կարելի է տեսնել ոնց շարունակել։ Արժեր այդ մասին մտածել, փոխանակ հայտարարություններով զբաղվելու։ Իրականության մեջ մենք թուրքերի հետ երկխոսություն սկսեցինք։ Ունեցանք հանդիպում, որը կարող էր հիմք կազմել իսկական երկխոսության։Երկրորդ, որեւէ փաստաթուղթ, որը պիտի ստորագրվեր մասնակիցների կողմից, իմ կարծիքով, պիտի նրանց ներկայացվեր նախքան հանդիպումը, որպեսզի կարողանայինք մեր կարծիքները, դիտողությունները եւ առաջարկությունները մտածված եւ ոչ ոտի վրա ներկայացնել։ Ես շատ լուրջ եմ ընդունում որեւէ փաստաթղթի ստորագրումը, մանավանդ այն, ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին։ Սակայն կային նաեւ հարցեր՝ կապված տեքստին։ Առաջին դիտողությունս ընդունվեց. «խարտիա» բառը մի քիչ անհամեստ էր, նկատի ունենալով, որ առաջարկվածը ավելի մոտ էր հայտարարության։ Հիմնական դժվարությունը ծագեց, երբ առաջարկեցի տեքստի մեջ հետեւյալ նախադասությունը. «Այս հաջողությունը (հավաքի) պիտի մեծապես օժանդակի … այսօր հայկական հարցի վերաբերյալ հայ եւ թուրք տեսակետների մերձեցման…»։ Ինձ համար հստակ չէր, թե սա ինչ է նշանակում։ «Հայկական հարց» տերմինը շատ լայն է, երբեմն փոխարինում է «ցեղասպանություն» բառին։ Սակայն տեքստի մեջ ոչ մի տեղ չկար «ցեղասպանություն» բառը։ Իսկ ի՞նչ է նշանակում «մերձեցում»։ Շատ դյուրությամբ կարող էր մեկնաբանվել որպես հրավեր «բազար» անելու։ Այսինքն ցեղասպանության վերաբերյալ թուրքերի եւ մեր միջեւ տարբերությունները լուծվելու էին մի միջին ձեւակերպում գտնելով։ Ինձ համար սա անընդունելի էր։ Թուրքերի համար պրոբլեմ չկար, անշուշտ։ Սակայն ինձ համար անընդունելի էր նման անհստակությունը։ Փոխարենը առաջարկվեց մի նոր ձեւակերպում. թե միասին գտնելու էինք «Հայկական հարցի վերաբերյալ նոր մոտեցումներ»։ Ես սրան եւս առարկեցի, ասելով, որ սա կարող է նշանակի՝ նոր կուսակցություն ենք հիմնում թուրքերի հետ, որովհետեւ, ի վերջո, «Հայկական հարցի» մասին վերաբերմունք ցույց կտան ու նոր մոտեցումներ կարող են անել պետություններն ու կուսակցությունները։ Իսկ ես պատրաստ չէի նոր կուսակցություն հիմնելու որեւէ մեկի հետ։ Փոխարենը ես առաջարկեցի, որ կազմակերպողներն իրենց անունից մի հայտարարություն անեն, ասելով, որ շատ լավ հանդիպում էր, մասնակիցները համաձայն են, որ այս աշխատանքը շարունակվի։ Մտավորականների գործը ոչ բազար անելն է, ոչ էլ քաղաքականություն վարելը։ Նրանք զբաղվելու են հիմնական երեւույթների պատճառները գտնելով։ Իմ ելույթը, օրինակ, նվիրված էր այն հարցին, թե ինչու ցեղասպանության փաստի նկատմամբ կան այնքան հակադիր կարծիքներ։ Ինչ են պատճառները, որոնք արգելք են եղած թուրք պետության՝ ձգտելու այդ իրականությունը, եւ ինչ կարող է սխալ արած լինենք մենք, եթե 40 տարի աշխատելուց հետո տակավին չենք հաջողած այդ գործը իրականացնել։ Այդ երեկո, համենայնդեպս, ոչինչ չստորագրվեց։ Ես հայտարարեցի, որ առանց իմ ստորագրության էլ կարող են մյուս ութը ստորագրեն ու հրապարակեն փաստաթուղթը: Անձնապես չէի նեղանա, թեեւ սխալ կգտնեի, որ որեւէ հայ նման հապճեպ փաստաթուղթ ստորագրեր։ Մեր թերթը նախատեսում է հրապարակել Ժիրայր Լիպարիտյանի ելույթը Փարիզում ամբողջությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել