Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հուլիս 21,2000 00:00

ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱՆՑ 260 Գերագույն խորհրդի պատգամավորներից երեկ «ԳԽ» 10-ամյակին նվիրված միջոցառում-նիստին ներկա էին միայն 109-ը։ Ռուբեն Թորոսյանը, որը որոշել էր նախագահել նիստը, անուն առ անուն ներկա-բացակա էր անում։ Հարգելի պատճառով բացակա էին միայն երեքը՝ Վանո Սիրադեղյանը, Աշոտ Բլեյանը եւ Գագիկ Ներսիսյանը։ ԳԽ պատգամավորներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը «չէին բարեհաճել» ներկայանալ, թեեւ Ռ. Քոչարյանն ուղերձ էր հղել, որը ակնհայտորեն 10 տարվա վաղեմության իրադարձություններով մոռացության տարրեր էր պարունակում, քանի որ ա՛յս երանգով էր. «Դո՛ւք (եւ ոչ թե՝ մենք- Լ. Ա.) եղաք հիմնադիրը օրենսդիր մարմնի գործունեության ավանդույթների»։ Դաշնակցության ֆրակցիան ներկայացնում էր միայն… Գառնիկ Իսագուլյանը։ Կիմ Բալայանը, որը թեւերը քշտած պայքարում է ԱԺ մտնելու համար, ներկա չէր։ Փոխարենը, տաք կոստյումը հագին՝ պտտվում էր Եղիա Շամշյանը։ Չէին ներկայացել Երջանիկ Աբգարյանը, Բագրատ Ասատրյանը, Վովա Գասպարյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Թելման Գդլյանը, Տեր-Հուսիկը, Վիգեն Խաչատրյանը, Դավիթ Շահնազարյանը, Բաբկեն Արարքցյանը, Արա Սահակյանը, Շահեն Պետրոսյանը, Կարապետ Ռուբինյանը, Վլադիմիր Մովսիսյանը, հասկանալի պատճառներով՝ Պարույր Հայրիկյանը, Անդրանիկ Մանուկյանը։ Իր ներկայությամբ նիստը չէր պատվել (կամ՝ հակառակը) Աղվան Հովսեփյանը։ Բայց եկել էր պետության գործերով ամենազբաղված մարդը՝ Սերժիկ Սարգսյանը։ Այստեղ էր նաեւ Վահան Շիրխանյանը։ Իսկ մնացածը՝ համարյա ինչպես տասը տարի առաջ։ ԸՆԿԵՐ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ Երեկ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը կոմկուսի խորհրդարանական խմբակցության հետ հանդիպեց հենց ԱԺ-ի շենքում եւ խստիվ հրահանգեց՝ հուլիսի 24-ի արտահերթ նիստի ժամանակ դեմ քվեարկել էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին օրենքի նախագծին։ ՃՆՇՈՒՄԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ Ամբաստանյալը հայհոյում է դատավորին Դատը դեռ չէր սկսվել, երբ ամբաստանյալ Արծվիկ Ավետիսյանը տուժողի իրավահաջորդ Սիմոն Մխիթարյանին («Մեկ» կահույքի սրահի տնօրեն Արայիկ Մխիթարյանի հորը) ասաց. «Զեյթունցի Սամոն, Դմբուզը (ասվածը զուգորդելով հայհոյանքներով- խմբ.)… որտեղ մահ ու սպանություն կա, նա ընդեղ է գտնվում։ Հորեղբայր, իմացի, էդ Սամոն եւ էն սպիտակ մազերով մարդն են սպանել Արայիկին»։ Ամբաստանյալների պաշտպան Ս. Ոսկանյանը հանդես եկավ վկաներ Կարեն Բաբաջանյանին եւ Խաչատուր Սիմոնյանին դատակոչելու միջնորդությամբ։ «Գնացե՛ք, ծեծելով բերե՛ք»,- հրահանգեց Արծվիկը, եւ Լեւիկի որդին գնաց ու… բերեց Կ. Բաբաջանյանին։ Ամբաստանյալ Արծվիկ Ավետիսյանը վկային «դիմավորեց» այսպես. «Կարեն, խոսա, թե չէ կնոջդ մեջքը դահլիճում ինչքան մարդ կա կքերի» («բացատրեցին»՝ քերում են բաղնիքում)։ Ամբաստանյալ Լեւիկ Ավետիսյանը դատական նիստերի արձանագրություններին ծանոթանալու համար դիմեց դատավոր Վ. Աբրահամյանին։ Վերջինս, երբ մերժեց նրան պատճեններ տրամադրել, ասելով, որ օրենքով չի թույլատրվում, հետեւեց ամբաստանյալի հայտարարությունը. «Մեր կամեռում մեկը կա, որ ձեր դատարանից ստանում է պատճենները»։ Դատավորն ասաց, որ «սխալ է եւ կպատժվի այդ դատավորը»։ Վկայի հարցաքննության ժամանակ ամբաստանյալ Լ. Ավետիսյանը հուշող հարցեր էր տալիս, ինչի համար նախագահողը փորձեց կարգի հրավիրել նրան։ Լ. Ավետիսյանը «թունդ» հայհոյեց դատավորին՝ Վ. Աբրահամյանին, ինչին հետեւեցին եղբոր՝ Արծվիկի նույնաբովանդակ հայհոյանքները։ Դահլիճում դժվար է այս պայմաններում աշխատելը։ Այս պայմաններում, երբ դատավորի եւ կողմերի վրա ճնշումը հասնում է այս մակարդակի։ Դատարանը որոշում կայացրեց, ըստ որի Լեւիկ Ավետիսյանը հեռացվելու է նիստերի դահլիճից։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել